ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-05 09:50:07
  • «Հայկական Ժամանակ». Ի՞նչ է սպասվում Սանկտ Պետերբուրգում
  • «Իրավունք» . «Բոլորը խոսում են տնտեսության զարգացման մասին, բայց թե ինչ ճանապարհով, ոչ ոք չգիտի»
  • «Ժողովուրդ». Ամանորը հյուրանոցում տոնելու համար միլիոններ են պետք
  • «Փաստ». Ռուբեն Բաբայան. «Վաղ թե ուշ «ականները» պետք է սկսեին «պայթել»»

Ի՞նչ է սպասվում Սանկտ Պետերբուրգում

Այս վերնագրով հրապարակմամբ «Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում սպավող ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որին մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Թերթը նշում է, որ սա ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների վերջին հանդիպումն է 2018-ին, 2019-ին ԵԱՏՄ նախագահությունը կստանձնի Հայաստանը, և կազմակերպության աշխատանքային մարմիններում նախագահող կողմի գործառույթները Ռուսաստանից կփոխանցվեն Հայաստանին:

Նախատեսվում էր, որ դեկտեմբերի 6-ին է անցկացվելու նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ քննարկումը, սակայն թերթը հիշեցնում է, որ այն հետձգվել է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Աստանան կրկնելն իմաստ չունի, կառուցողական չէ: Պայմանավորվածություն կա շարունակել աշխատանքային քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսի հասնելը:

«Թե որքանով աշխատանքային ընթացակարգերը կառուցողական կլինեն՝ ցույց կտա ժամանակը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ կրքերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ բարդացնում են հարաբերությունները դաշինքի ներսում: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում թերևս որոշակի հստակություն կմտցվի, սակայն դա տեղի կունենա արդեն հաջորդ տարվա ընթացքում»,-գրում է թերթը:

«Բոլորը խոսում են տնտեսության զարգացման մասին, բայց թե ինչ ճանապարհով, ոչ ոք չգիտի».Գագիկ Մակարյան

Ընտրարշավում արդյոք նկատվո՞ւմ է տնտեսական զարգացման որևէ տեսլական, «Իրավունք»-ը հետաքրքվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից:

Նրա դիտարկումներով՝ այսօր բոլոր կուսակցությունները կարևորում են միմյանց «փնովելը», քան թե կոնկրետ ծրագրերով հանդես գալը, ինչը կարող է իսկապես գրավել ընտրողին:

«Բոլորը խոսում են տնտեսական զարգացման, արդյունաբերական առաջընթացի մասին, բայց թե ինչպես, ինչ ճանապարհով՝ ոչ ոք չգիտի: Իհարկե, նման խոստումներ տալը հեշտ է, բայց առավել դժվար է դրանց իրագործման ուղիները ցույց տալը: Իսկ այսօր բոլոր 11 քաղաքական ուժերի ծրագրերում բացակայում է տնտեսական բլոկը: Ովքեր էլ, որ ունեն, հենց այնպես հպանցիկ», - նշել է «Իրավունքի» զրուցակիցը:

«Ժողովուրդ». Ամանորը հյուրանոցում տոնելու համար միլիոններ են պետք

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ թեեւ Ամանորին մնացել է 26 օր, Հայաստանի հանգստյան տներն ու հյուրանոցներն արդեն զբաղված են: Ընդ որում, Հայաստանի հանգստյան տներում Ամանորն անցկացնելը տարեցտարի ավելի ու ավելի թանկացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքր հարցախույզ է իրականացրել, որի համաձայն՝ Նոր տարին տանը դիմավորելու եւ անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-350 հազար դրամ, իսկ Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի հանգստյան տներում, հյուրանոցներում ամանորյա փաթեթների արժեքը սկսվում է հիմնականում 500 հազար դրամից:

Իսկ եթե ընտանիքը բազմամարդ է, այդ թիվը կարող է հասնել, անգամ գերազանցել 1 մլն դրամը: Տուրիստական գործակալություններից շատերի պնդմամբ` հայաստանցիների մեծ մասը հիմնականում նախընտրում է ամանորյա հանգիստն անցկացնել Վրաստանում, Դուբայում եւ Եգիպտոսում, քանի որ գներն ավելի մատչելի են. միայն Վրաստանում կարելի է Ամանորն անցկացնել 200-300 դոլարի սահմաններում:

«Վաղ թե ուշ «ականները» պետք է սկսեին «պայթել»». Ռուբեն Բաբայան

Թատրոնների շուրջ և դրանց ներսում առկա խնդիրները արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը «Փաստ»-ի հետ զրույցում դիտարկել է մեկ հարթության մեջ՝ «թատերական ոլորտի համակարգային ճգնաժամ»:

Ոլորտը վերջին 30 տարվա ընթացքում որևէ բարեփոխման չի ենթարկվել: Թատրոնները ղեկավարվում են որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), և այն բազմաթիվ օրենսդրական ակտերը, որոնցով կարգավորվում է թատրոնի աշխատանքը, որևէ կապ չունեն ստեղծագործական բնույթի հետ:

«Վաղ թե ուշ այդ «ականները» պետք է սկսեին «պայթել», քանի որ նորմալ մեխանիզմ չկա, թե ինչպես են նշանակվում թատրոնի գեղարվեստական ղեկավարները»,–ասել է Ռ. Բաբայանը:

Ըստ նրա՝ Մշակույթի նախարարությունը պետք է փորձի այդ ամենը կամաց–կամաց ուղղել: Եվ շատ կարևոր է համաշխարհային փորձը՝ պետք չէ հայկական հեծանիվ հնարել: Ցանկության և մասնագետների կարծիքը հաշվի առնելու դեպքում միգուցե հնարավոր լինի որոշակի ճիշտ գործողություններ կատարել:

«Նախորդների սխալները պետք է ուղղել: Միայն ասել, որ դրանք նախորդների սխալներն են, ոչինչ չի ստացվի: Եթե դու չես փորձում շատ արագ ուղղել նախորդի սխալը, այն շատ արագ դառնում է քոնը»,- նշել է թերթի զրուցակիցը: