Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական, ազգային, տնտեսական շահերը՝ արտաքին քաղաքականությունում. Քարոզարշավ
2018-12-05 11:20:29

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Արտաքին քաղաքականության ինչ ուղղություն են առաջարկում դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Մոտեցումները տարբեր են, տարբեր են նաեւ խնդիրների լուծման առաջարկները: Մանրամասնում է «Ռադիոլուրը»:

0:00
0:00

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մատնանշում է արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Դրանք առավել ընդգծվեցին Աստանայի գագաթաժողովից հետո, երբ ինստիտուցիոնալ խզում առաջացավ Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ: Արցախյան խնդիրը, Ռուսաստանի ու Արևմուտքի հետ մեր եւ՛ Իրանի, եւ՛ ԱՄՆ- ի միջեւ աճող լարվածությունը, տարածաշրջանային գործընթացներին մեր երկրի չմասնակցելը լուրջ սպառնալիքներ են հայ ժողովրդի համար՝ կարծում է Բաղդասարյանը:

«Ինչպես նախկին իշխանությունը չէր կարողանում ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ սպասարկել հայ ժողովրդի շահերն արտաքին քաղաքական հարթակում, այնպես էլ նոր իշխանությունը, չունենալով բավարար հմտություն, չի կարողանում ըստ էության արձագանքել այն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք ամեն օր շատանում են ու կանգնած են Հայաստանի առաջ»:

ԲՀԿ-ը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ զարգացման և խորացման ջատագովն է: Քաղաքական ուժը շարունակելու է գործուն մասնակցություն ունենալ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին: Զուգահեռաբար շարունակելու է կառուցողական մասնակցություն ապահովել Եվրաինտեգրման գործընթացներին: Կողմ է նաեւ Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանը՝ ասում է պատգամավորության թեկնածու Գեւորգ Պետրոսյանը:

Խաղաղություն և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ. տարածաշրջանում բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի խնդիրներն ու վեճերը խաղաղ բանակցություններով, ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության ու միջազգային իրավունքին համահունչ լուծելու սկզբունքներով՝ նշում է «Մենք» դաշինքն իր ծրագրում։ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթակա չէ որևէ նախապայմանի՝ գրված է ծրագում:

Դաշինքում կարծում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է շարունակական բարելավման և ամուր գործընկերային բնույթ կրեն, որոնք կարտահայտվեն պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցությամբ, միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ շարունակական մասնակցությամբ:

«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Թեհմինե Վարդանյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցության տարիների ընթացքում Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ:

«Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, փոխշահավետ և իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների զարգացում»՝ գրված է «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրում: Մինչդեռ անարդյունավետ ու ՀՀ համար արտաքին քաղաքականության ամենամեծ վրիպում է որակված Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցությունը և առաջարկվում է, որ Հայաստանը քայլ առ քայլ ու անցնցում դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն տանելու ճանապարհը, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն Հայաստանի, այլև մյուս անդամ պետությունների համար խոչընդոտներ և սահմանափակումներ է առաջացնում, մասնավորապես՝ երկրի անվտանգության, զարգացման ու առաջընթացի համար:

«Սասնա Ծռերի» ցուցակում ընդգրկված Ստեփան Գրիգորյանը արտաքին քաղաքականության հարցում այլընտրանքային ուղղություններ ունենալու կողմնակից է։ Իրանից պետք է երկաթգիծ ունենալ, գազի թողունակությունն ավելացնել, որ կախված չլինենք «Գազպրոմից»՝ ասում է:

«ՀՀ սերտ կապեր պետք է հաստատի ՆԱՏՕ-ի հետ: Չինաստանի ու Իրանի հետ հատուկ հարաբերություններ: ՌԴ -ի հետ վասալային հարաբերություններից պետք է ձերբազատվի: Դուրս չգալով, չսրելով հարաբերությունները, պետք է անի քայլեր: Չպետք է լինենք միջազգային կառույցներում մեր սուվերենության հաշվին: Չէր կարելի մտնել ԵԱՏՄ»:

Արտաքին քաղաքականության ոլորտում «Իմ քայլը» դաշինքի մոտեցումը անփոփոխ է: Փաշինյանի ներկայացմամբ՝ չեն պատրաստվում այս հարցում «ռևերսներ» անել: ՀՀ-ն շարունակելու է անդամակցել ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ- ին։ Առաջնահերթությունները մնում են նույնը՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ուժեղացում, առանձնահատուկ հարաբերությունների հաստատում մեր անմիջական հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ և հարաբերությունների զարգացում ԵՄ, ԱՄՆ, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ: Զարգացումները չեն իրականացվելու ի հաշիվ այլ գործընկերների հետ ունեցած հարաբերությունների:

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, սրանք ՀՀԿ ծրագրային դրույթներն են:

Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ ՝ասում է հանրապետականի ցուցակում ընդգրկված Արտակ Զաքարյանը.

«Խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում, զարգացնել ԵՄ հետ հարաբերությունները ևս»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ իրենք առաջարկում են արտաքին քաղաքականություն վարել հատկապես երկրների հետ երկկողմ ձեւաչափով: Դաշինքների հետ համագործակցությունը պետք է օգտագործվի Հայաստանի շահերն առավելագույնս պաշտպանելու համար: Դաշինքներ փոփոխելու խնդիր, Արտակ Կիրակոսյանի խոսքով, «Քաղաքացու որոշումը» չի դնում:

«Շիտակ պետք է խոսանք, որ հասկանանք, թե ՌԴ-ի հետ ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի հետ կապված որտեղ է մեր շահը, մեզ ինչու է դա պետք, և իրենց ինչո՞ւ է դա պետք»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն արտաքին քաղաքականության մեջ գլխավոր սկզբունք է հռչակել հայաստանակենտրոն ռազմավարությունը: Կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Սուքիասյանի խոսքով՝ իրենք չեն ընդունում, այսպես ասած, կողմնորոշումների քաղաքականության մտածելակերպը.

«Պետությունները չեն կարող ունենալ կողմնորոշում, պետք է ունենան պետական շահերի վրա հիմնված քաղաքականություն, և դա պետք է լինի հայաստանակենտրոն քաղաքականություն: Եթե այսպես մոտենանք հարցին՝ հստակ կլինի՝ որ բևեռին պետք է մոտենանք, ինչպես հավասարակշռենք»:

ՀՅԴ նախընտրական ծրագիրը միակն է, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից դիտարկում է նաեւ Ջավախքի ու ջավախահայության խնդիրները: Դաշնակցությունում կարծում են, որ դրանք լուծելու համար առավել պետք է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ: ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման համատեքստում՝ դրա մասին տարբեր առիթներով խոսել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը.

«Մենք հայրենամետ ենք ու պետք է նպաստենք, որ կայանա հայրենադարձություն»:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն արտաքին քաղաքականության հարցում կարեւորում է տնտեսական շեշտադրումները՝ ասում է Հայկ Գրիգորյանը:

«Մենք լինենք կառավարություն 6 ամիս հետո պարզ կլինի թե որ վեկտորն է ապահովում ազգային ու տնտեսական շահ»:

Լինելով «Ելք» դաշինքի անդամ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2017թ. –ի ծրագրում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին քաղաքական սխալ որոշում է համարել։ Այսօր կարևորում է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցներում Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելը։ Դիրքորոշման փոփոխությունը պայմանավորում է իրավիճակի փոփոխությամբ:

ԵԱՏՄ-ից դուրս գալը պաշտպանելը, հիմա այդ հարցը չբարձրացնելը ԼՀ-ի ծրագրի ամենաքննադատվող դրույթներից մեկն է, որին Էդմոն Մարուքյանն այսպես է պատասխանում:

«Ամեն ծրագիր ունի իր զարգացման հանգրվանները: «Ելք»- ի ծրագիրը գրելուց հետո աշխարհն ու Հայաստանը փոխվել են: Այն ժամանակ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը մերժվել էր, ԵԱՏՄ-ում խնդիրներ կային, որոնք իշխանությունները ի վիճակի չէին լուծել, որովհետև լեգիտիմ չէին: Հիմա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ունենք և շուտով լեգիտիմ իշխանություններ կունենանք»:

«Լուսավոր Հայաստանը» դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության կողմնակից է: Կարծում է, որ Հայաստանը պարտավոր է երկրի անվտանգությունն ու զարգացումը երաշխավորող հավասարակշիռ, ճկուն և հեռատես արտաքին քաղաքականություն վարել։ ԵՄ-ի հետ հարաբերություններում պոտենցիալը չի օգտագործվում՝ կարծում են «Լուսավոր Հայաստանում» եւ տեսնում այս կառույցի հետ ռազմավարական գործընկերության ձևավորման անհրաժեշտություն։