ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սպիտակի երկրաշարժն ու բրիտանացի փրկարարները
2018-12-05 13:55:59

Երկրաշարժից տուժածներին օգնում էր ամբողջ աշխարհը...

Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց բրիտանացի փրկարաներից երկուսի՝ Ռեջջի Բերիի եւ հրշեջ Փոլ Բըրնսի հետ Երեւանից Սպիտակ գնացող մեքենայում եմ։ Մեզ հետ էին նաեւ բրիտանացիների խմբի հետ աշխատած էստոնացի Գեորգի Շաբադը եւ Բի-բի-սի ընկերության երկու լրագրող։

Դրսում մութ էր, ճանապարհը՝ չլուսավորված։ Մեքենայում ազգությամբ հայ միայն ես ու վարորդն էինք, ու ինձ թվում էր՝ ճանապարհն ամենալավը գիտեմ ես կամ եթե ոչ ամենալավը, ապա ինձանից լավ գիտի միայն վարորդը։ Պարզվեց՝ ոչ։

0:00
0:00

  • Ազգությամբ իռլանդացի՝ «բրիտանացի» փրկարարը

Երկրաշարժի լուրը իռլանդացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին հասավ հենց 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, աղետի գոտի գալու որոշումը Փոլը կայացրեց նույն օրը։ Սակայն, փրկարարները Սպիտակ հասան միայն դեկտեմբերի 12-ին։

Փոլ Բըրնսը 30 տարի առաջ

Փոլը խոսում է ձեռքս բռնած՝ կարծես ցանկանալով վստահեցնել, որ խոսքերը հավաստի են։

«Ճանապարհը 5 օրվա չէր, Հայաստան հասնելն էր դժվար, ամբողջ աշխարհն այստեղ էր գալիս, բոլորն ուզում էին օգնել Հայաստանին»,- ասում է Փոլը։

Մեծ Բրիտանիայի փրկարար խումբը «Զվարթնոց» օդանավակայանից միանգամից ուղեւորվեց Սպիտակ։

24 հոգով էին, պատմում է Փոլը՝ իր իռլանդական կանաչ բերետն ուղղելով, խոսելով ավելի դանդաղ, կամաց ու հանգիստ. նա խմբում և՛ տարիքով էր ավելի մեծ, և՛ ավելի փորձառու էր։

 

Փոլ Բըրնսը

Ու հանկարծ, ինքն իրեն ընդհատելով, սեր է խոստովանում աշխարհի բոլոր հայերին՝ իռլանդական ձեւով։

«Ես իռլանդացի եմ ու կարող եմ ասել, որ հայերը գրեթե այնքան լավն են, որքան իռլանդացիները: Ավելի լավ հաճոյախոսություն կա՞»:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ երկրաշարժ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվեցին Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով զոհվեց 25.000 մարդ, սակայն շատերը համարում են, որ իրական զոհերի թիվը շատ ավելի մեծ է։

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբոչյովը խնդրեց աշխարհին օգնության ձեռք մեկնել։ Հայաստանին օգնության եկան աշխարհի ավելի քան 100 երկրներից։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը Գյումրիում ՝ 1990-ին

Մեծ Բրիտանիայի օգնությունը դուրս եկավ «տնից» դեկտեմբերի 8-ին, վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում դեկտեմբերի 12-ին։

Չնայած բրիտանացիները (իռլանդացու ղեկավարությամբ) Սպիտակում էին երկրաշարժի միայն հինգերորդ օրը, բայց առաջինն էին, որ իրենց հետ բերեցին փլատակների տակ ողջ մնացած մարդկանց փնտրող հատուկ սարքավորումներ:

«Ցավոք, այդ սարքավորումներով ոչ մի ողջ մարդու գտնել չհաջողվեց»,- տխուր հավելում է Փոլը։

Եւ երբ սարքերն իրենց ցանկալի արդյունքը չտվեցին, փրկարարներն անցան որոնողական աշխատանքների։ Հիմնականում նրանց աշխատանքները տեղակայված էին երեք կետերում՝ երեք էլ կապված էին երեխաների հետ. Սպիտակի երկու մանկապարտեզներում, որոնցից մեկն այրվել էր, եւ 2-րդ դպրոցում։

Աշխատում էին ձեռքերով, փրկարարական ու որոնողական աշխատանքներ կատարում ինչպես, որ կարող էին:

  • Պատգամավորի փրկարար որդին

1988-ի դեկտեմբերի 7-ին 19-ամյա Գեորգի Շաբադը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մաթեմաթիկայի ֆակուլտետում էր։

«ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Անատոլի Շաբադի որդին ինչո՞ւ թողեց իր «խաղաղ» կյանքն ու եկավ Սպիտակ»,- հարցնում եմ խոսակցության սկզբում։

«Զարմացնում եք ձեր հարցով,- միանգամից պատասխանեց նա,- իսկ ինչո՞ւ չգայի, եթե պետք է գայի»։

Հայաստան գալու եւ երկրաշարժից տուժածներին օգնելու ցանկությանը պատգամավոր հայրը չընդդիմացավ. Գեորգին Հայաստան հասավ հոր երկարաճիտ կոշիկներով։ Սպիտակում հանդիպեց բրիտանացիների խմբին ու հենց Փոլ Բըրնսի խմբում էլ սկսեց աշխատել:

«Դժվար է ասել՝ ինչ եմ զգում հիմա: Կարծում էի՝ ոչինչ չեմ հիշում, բայց հիմա րոպե առ րոպե սկսում եմ վերհիշել ամեն բան: Օր ու գիշեր աշխատում էինք, քնում 3-4 ժամ»:

Իրենց խմբի մասին քիչ խոսեցինք, բայց ուշադրությունս մի պահ կենտրոնացրեց՝ 30 տարի անց մի փոքրիկ գաղտնիք է բացում:

«Մեր խմբում մի տղա կար, որ Ադրբեջանից էր, խնդրել էր իր ազգության մասին չխոսել: Բայց շատ էր անհանգստանում, շատ լավ երիտասարդ էր ու շատ լավ էր աշխատում: Ուրախ եմ, որ մեր խմբում էր»:

Գեորգի Շաբադի աշխատանքը բրիտանական խմբում հաստատվել է փաստաթղթով

Կողքիս նստած, հայացքը՝ ճանապարհին, Գերոգին գնալով ավելի դժվար սկսեց խոսել։

«Այդ օրերին մտքեր չկային, դրանք պարզվում է՝ հայտնվում են 30 տարի անց միայն։ Երկրաշարժից հետո շատ բան եմ տեսել, բայց կյանքումս տեսած ամենասարսափելի պատկերները այնտեղ էին՝ վառված մարմինների հոտը ես չեմ կարող մոռանալ արդեն 30 տարի։ Ու երեւի չեմ մոռանա մինչեւ կյանքիս վերջը»։

  • Դպրոցը չկար, տնօրենը կար

Առաջինը, ում 1988 թվականի դեկտեմբերին հանդիպեցին փրկարարները ավերված քաղաքում, Սպիտակի 7-րդ դպրոցի տնօրեն Սամվել Մաթոսյանն էր: Նրանք հասկանում էին, որ օգնությունը առաջին հերթին պետք էր երեխաներին, իսկ Սպիտակի բոլոր դպրոցների տեղն ու աշակերտների քանակը անգիր գիտեր հենց Մաթոսյանը։

 

Սամվել Մաթոսյանը և Ռեջջի Բերրին

Բրիտանացի փրկարար Քոլին Քոնլայֆի հետ Սամվելը մի քանի օր անցկացրեց։ Քոլինի մասին 30 տարի անց պատմում է բարեկամաբար, ասում, որ չհասցրին ընկերանալ իրենց առաջին հանդիպմանը։

«Եկան մի քանի օրով, մնացին կարճ։ Ընկերանալու համար պայմանները բարենպաստ չէին»։

Բրիտանացի փրկարարների առաջին այցը կարճաժամկետ էր՝ սարքավորումներով չհաջողվեց ոչ մի ողջ մարդու փրկել։ Փրկարարական աշխատանքների երկորդ օրվանից սկսած բրիտանացիների խմբին հաջողվել է փրկել ողջ մնացածների: Աշխատանքները շարունակվեցին եւս 2 շաբաթ։ Վերադարձան Սպիտակ 1.5 տարի անց, այլ առաքելությամբ։

Մանչեստրի հայ համայնքի մեծ օժանդակությամբ բրիտանացի փրկարարները եկան տներ կառուցելու:

Հենց այդ ժամանակ էլ մտերմացան Սամվելի ու իր ընտանիքի, սպիտակցիների հետ, ճանաչեցին քաղաքը՝ սեփականի պես: Սիրեցին ու դեռ այն ժամանակ խոստացան՝ երբեք չկորցնել կապը Հայաստանի՝ իրենց ամենահարազատ քաղաքի հետ: Բրիտանացիներն իրենց խոստումը պահեցին։

Տես նաև՝