ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-06 09:55:59
  • «ժողովուրդ». Մարտահրավեր ոչ թե իշխանությանը, այլ պետությանը»
  • «Հայկական Ժամանակ». Քարոզարշավն ընդամենը պատրվակ է
  • «Փաստ». «Չեմ կարծում, որ հետայսու ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի»
  • «168 Ժամ». Նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն

Մարտահրավեր ոչ թե իշխանությանը, այլ պետությանը

«ժողովուրդ» թերթն անդրադարձել է համացանցում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակման փաստին՝ դժվարանալով այն այլ կերպ որակել, քան «պատերազմի հայտարարում»:

«Թե ովքեր են այս գաղտնալսումների թիկունքում, կարելի է միայն ենթադրել. վարկածներն այնքան էլ շատ չեն: Եւ կասկածների սլաքն ուղղված է անձանց նկատմամբ, որոնց «ոտքը» տրորել է ներկա իշխանությունը: Այնպես որ, գաղնալսված հեռախոսազրույցի հերթական մասի հրապարակումը միանգամայն սպասելի էր: Պարզապես հիմա արձանագրենք՝ քանի դեռ չի բացահայտվել նախորդ դեպքը, քանի դեռ չեն հայտնաբերվել ու չեն պատժվել գաղտնալսման հեղինակներն ու տարածողները, համացանցում նման հրապարակումներ պարբերաբար կարող են հայտնվել»,-գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել նաև, որ հրապարակված նոր գաղտնալսումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվելու, որն ուղարկվելու է նախաքննության Քննչական կոմիտե: «Արդյոք նոր քրեական գործն առանձին կքննվի՞, թե՞ որպես նոր դրվագ կմիացվի արդեն իսկ հարուցված նախորդ գործին, դեռ պարզ չէ. որոշումը կկայացնի ՔԿ-ն»,-նշում է թերթը:

Քարոզարշավն ընդամենը պատրվակ է

«Հայկական Ժամանակ»-ը ցավով փաստել է՝ քարոզարշավը «սիրո ու համերաշխության» չստացվեց: Ինչ-որ պահից սկսած պետական մեղադրանքներ հնչեցին. ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «Ղարաբաղը ծախելու» քաղաքականություն իրականացնելու մեջ, վերջինս էլ նրանց մեջ տեսնում է «առնվազն ազդեցության գործակալներ» և գտնում է, որ նրանցով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու ռազմական հետախությունը:

«Իսկ սրանք արդեն նախընտրական հայտարարություններ չեն, որովհետև ընտրությունների հաջորդ օրը չի կարելի ասել՝ «դե լավ իրար պետական դավաճանության մեջ մեղադրեցինք, անցավ-գնաց, հիմա եկեք հանգիստ իրար հետ կողք կողքի աշխատենք հանուն պետության»: Ինչպե՞ս պիտի պետության ղեկավարն աշխատի այն մարդկանց հետ, որոնց կասկածում է այնպիսի արարքների մեջ, որոնցով ռազմական հակահետախությունը պետք է զբաղվի, կամ ինչպե՞ս պիտի այդ մարդիկ «օրենքի շրջանակներում» քաղաքականությամբ զբաղվեն մի երկրում, որի ղեկավարին «ազգի դավաճան» են համարում », - հարցնում է թերթը:

Ըստ «Հայկական Ժամանակ»-ի՝ այս ամենը վկայում է, որ գործ ունենք ամենևին էլ ոչ սովորական քարոզարշավի հետ: Ավելին ՝ քարոզարշավը, ըստ էության, ընդամենը պատրվակ էր հեղափոխության դեմ «մեծ պատերազմ» սկսելու համար, և ընտրությունների հաջորդ օրը ավելի հանդարտ երկրում չենք արթնանալու:

«Չեմ կարծում, որ հետայսու ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի». քաղաքագետ

«Փաստ»-ը քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ խոսել է ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգման մասին: Քաղաքագետը ընդգծել է, որ ընդհանրապես միջազգային պրակտիկայում ընդունված է նման հանդիպումների հետաձգումը՝ պայմանավորված նախընտրական գործընթացներով: Եթե Հայաստանի կողմից նման խնդրանք եղել է, ապա դա տրամաբանական է:

«Չեմ ուզում անդրադառնալ հեռակա բանավեճին՝ կողմերը պետք է իրար մեջ խոսեն, և հայտարարություններ անելուց առաջ պետք է համապատասխան կոորդինացիա լինի, ինչը ևս միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Այդուհանդերձ՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ հետաձգվել է, քանի կա միջազգային նման պրակտիկա»,-ասել է թերթի զրուցակիցը:

Սուրեն Սարգսյանն այդքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ՀԱՊԿ–ում ճգնաժամ կա.

«Բայց միևնույն ժամանակ չեմ կարծում, որ հետայսու Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի: Եվ կարծում եմ, որ ՌԴ ներկայացուցիչը՝ Սեմերիկովը, որը ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալն է, իսկ այժմ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը, մինչև քվոտայով Հայաստանին հասանելիք ժամկետի ավարտը կպաշտոնավարի, որից հետո էլ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը»:

Ընդամենը մեկ տարի և մի քանի ամիս է մնացել, որ Հայաստանը ղեկավարի այս կառույց, և սա, նրա խոսքով, շատ փոքր ժամանակահատված է, որ նոր գլխավոր քարտուղար նշանակվի: Նոր քարտուղարը չի կարող էֆեկտիվ աշխատանք իրականացնել այս փոքր ժամանակահատվածի համար, և կարծում է, որ դժվարությունները պայմանավորված են նաև այդ հանգամանքով:

Նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն

«168 Ժամի» հետ զրույցում բելառուս քաղաքական վերլուծաբան Վալեր Կարբալևիչը՝ նույնպես անդրադարձել է ՀԱՊԿ նիստի հետաձգման շուրջ առաջացած հայ-ռուսական հակասություններին:

«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգումը ճիշտ որոշում էր, քանի որ հարցի վերաբերյալ անդամ երկրների միջև դեռ չկա կոնսենսուս: Կարծում եմ` սա ամենաէականն է՝ այս նիստի հետաձգման թեմայի հետ կապված: Իսկ եթե խոսենք, թե որ կողմի առաջարկն է եղել, ապա դժվար է ասել, քանի որ երկու կողմերին էլ, ըստ էության, ձեռնտու էր այս փուլում այդ նիստի հետաձգումը, քանի որ Ռուսաստանը զբաղված է ներկայումս Ուկրաինայի հետ սրված առճակատման հարցով, ողջ դիվանագիտական կորպուսի ուշադրությունն այս հարցի վրա է, այս իրավիճակում գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ տարաձայնությունները ՀԱՊԿ-ում ավելորդ ինտրիգներ են Ռուսաստանի համար, իսկ Հայաստանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին է, և այս փուլում եթե Հայաստանի պահանջները չբավարարող որոշում կայացվի, ապա դա կազդի ընտրական գործընթացի վրա»,- ասել է նա:

Ըստ նրա, կողմերից մեկը ցանկանում է հետաձգումը ներկայացնել՝ որպես մյուս կողմի առաջարկ՝ փորձելով թաքցնել իր քաղաքական նպատակահարմարությունները:

Թերթի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն էլ ասել է, որ նման բնույթի խնդիրը վկայում է հարաբերություններում առկա պրոբլեմի մասին:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ կողմերից մեկի առաջարկը մյուսն օգտագործել է սեփական շահերի օգտին, կամ սխալմունք է տեղի ունեցել, ու չհամաձայնեցված տեքստ է հրապարակվել, իսկ նման զրույցների բովանդակության շուրջ աշխատանքը հստակ է, ու նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն: