ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2018-12-06 10:08:31

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջից:

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն։

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»,-ասված է արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2019-ի հունվարին: Նրա խոսքով, երեք ժամ տևած բանակցությունները կարևոր և օգտակար էին միմյանց տեսակետները ավելի լավ հասկանալու տեսանկյունից: «Համաձայնություն է ստացվել շարունակել բանակցությունները այս ձևաչափով մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ հաջորդ ամիս», -ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ ասել է Մամեդյարովը: