ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կլասիկ քաղաքական գործչից մինչև քաղաքական մահ
2018-12-06 16:00:29

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները գլխավորող թեկնածուների բուռն բանավեճն էր։

Կլասիկ քաղաքական գործչից մինչև սուտ խոստումներ և քաղաքական մահ. թեկնածուների միմյանց հասցեին հնչած արտահայտություններն են:

Ռադիոլուրը հետևել է բանավեճին և այսօր առանձնացրել դրանցից ուշագրավ  հատվածներ, լսել մեր քաղաքացիներիս կարծիքը բանավեճի մասին։

0:00
0:00

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակից ուժերի երեք առաջատարներն են «Իմ քայլը» դաշինքը, որին պատրաստվում է ձայն տալ ընտրողների 69,4 տոկոս, ԲՀԿ-ն՝ 5,7 տոկոս, և «Լուսավոր Հայաստանը»՝ 3,8 տոկոս:

Հարցումներն անցկացրել է «Գելափը» դեկտեմբերի 1-4- ը։  Մնացած ուժերը 1 տոկոսը գերազանցում են մի փոքր և կան նաև ավելի  ցածր ցուցանիշով ուժեր:

Իսկ թե երեկ հանրային հեռուստաընկերության եթերում կայացած բանավեճն ի՞նչ ազդեցություն է ունեցել ընտրողների վրա և ինչպե՞ս են գնահատում. ներկայացնում ենք «Ռադիոլուրի» փոքրիկ հարցախույզը:

  • Այս բանավեճից ես հասկացա, որ Հանրապետականը փորձում էր պաշտպանվել, ամեն բան անում էր, որ արածների մեղքն իր վրա չվերցնի:
  • Ես հեղափոխության կողմնակից եմ և եթե մեկին հաջողվում է մանիպուլյացիոն տարբերակով դուրս գալ խոսքերի տակից, դա դեռ ոչինիչ չի նշանակում:
  • Ես ՀՀԿ-ի կողմնակից եմ: Վիգեն Սարգսյանի ելույթն արտակարգ էր:

Երեկ կայացած բանավեճի միայն սկիզբն էր հանդարտ: Ծրագրերը կարճ ներկայացնելուց հետո, սկսվեց բուռն քննարկումը: Հնչեցին միմյանց հանդեպ մեղադրանքներ: Ինչպես «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սուրեն  Սահակյանն էր ասում, քարոզարշավի պես այս բանավեճն էլ հիմնականում երկու քաղաքական ուժերի միջև էր:


Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը բանավեճի ընթացքում դժգոհեց, որ քարոզարշավը կարճ էր, 12 օրը թույլ չտվեց շատ բան ասել այսօրվա իշխանության մասին:

«Ընդդիմություն լինելով դուք 12 հարցով խաբել եք մարդկանց: Սկսած արագաչափերից, ԵԱՏՄ-ի դիրքորոշումից, ՀԱՊԿ-ից, գներից, գազի գնից: Ամեն ինչից խաբել եք»:

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պատասխանը չուշացավ:

«Չի կարելի վիրավորական արտահայտություններ անել, դուք ասում եք ստում եք: Ես անվանել եմ Ձեր կառավարությունը ստահոդ: Խնդրում եմ պահեք կարգը»:  


Վիգեն Սարգսյանը նաև դժգոհեց, որ իրենց կուսակցությունից առաջադրված թեկնածու Դավիթ Շահնազարյանին ընտրություններից առաջ կանչել են ԱԱԾ հարցաքննության և այսօրվա ԱԱԾ որակեց ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ:

Սարգսյան-Փաշինյան միմյանց հանդեպ հնչող մեղադրանքներից հետո Հանրապետական թեկնածուն մեջբերեց Նիկոլ Փաշինյանի գրքից մեկ հատված: Հիշատակեց հետևյալ տողերը, որ ընդդիմության մահը իշխանությունն է: Իսկ վարչապետի պաշտոնակատարը հակադարձեց հետևյալ պատասխանով:

«Եթե խոսքը քաղաքական մահվան մասին է, ապա երկու օր էլ խոսեք»:

Բանավեճի ընթացքում ուշագրավ էր նաև Ծառուկյան-Մարուքյան բանավեճը: Նախ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հիշեցրեց Գագիկ Ծառուկյանին նրա խոսքերը, որ իրեն պաշտոն պետք չէ, կարևորը ժողովուրդը լավ ապրի: Սակայն Ծառուկյանը կրկին քաղաքական դաշտում է: Մարուքյանը հետաքրքրվեց, թե երբ է բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվելու: Պատրաստակամություն հայտնեց, որ անձամբ է պաշտպանելու յուրաքանչյոր գործարարի:  Ինչպես Գագիկ Ծառուկյանն ասեց, ինքը պաշտպանության անհրաժեշտություն չունի:  

«Ես պաշտպանելու կարիք չունեմ: Դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին ու քեզ հովանավորողներին: Պարոն Ծառուկյանը քաղաքական դաշտ մտել է ոչ թե  որոշ քաղաքական ուժերի պես պաշտոնի անցնելու կամ ճանաչում ունենալու: Գիտեն պարոն Ծառուկյանն ինչից է սկսել, ինչ է ուզում, ինչ է դառել»:

Մարուքյանն էլ  հակադարձեց Ծառուկյանին, որ իր կուսակցության հովանավորը ժողովուրդն է: Եվ այդ հարցում իրեն հովանավորներ պետք չեն:


«Պարոն Մարուքյան, որ դուք պատգամավոր էիք ընտրվում, ով էր Ձեզ հովանավորում: ժողովուրդը: Դու Գևորգին ճանաչում ես»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության  ընտրացուցակի առաջին դեմքը հիշեցրեց Ծառուկյանին ԱԺ-ում իրենց մանդատների թիվն ու հավելեց, որ ժողովրդի կյանքը դրանից չի փոխվել: Գագիկ Ծառուկյանն էլ հակադարձեց, որ խոսելուց բացի պետք է գործ ցույց տալ նաև:

  • «Մինչև էսօր բացի խոսալուց Դուք ինչ եք արել Մարուքյան: Ես կլասիկ քաղաքակլան գործիչ եմ: Ես քո կլասիկ ջանին մեռնեմ»:

Այս բանավեճին նույն պահին արդեն արձագանքում էր ֆեյսբուքը։ Դրանք շարունակվեցին նաեւ ողջ օրվա ընթացքում.

  • Վիգեն Սարգսյանն ասում է՝ մեր ժամանակ Ձեր երեխաները խաղաղության մեջ են ապրել: Հետաքրքիր է՝ Սարգսյան Վիգենն էդ նույն բառերը կարո՞ղ է կրկնել՝ նայելով ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների աչքերին: 
  • Իրենց հետ քաղաքական բանավեճի մեջ մտնելու ոչ մի իմաստ չկա հեղափոխությունից հետո, քանի որ իրենք գոյություն չունեն և գաղափարազուրկ միավորումներ են։ Մենք էլ դե պիտի հասկանանք, որ որպես ՀՀ քաղաքացիներ զորությունը պատկանում է մեզ և չպետք է թողնենք, որ դրանք հայտնվեն օրենսդիր մարմնում։ Մյուս` քիչ թե շատ գաղափարային ուժերից է պետք կատարել ընտրությունը և պահել նրանց հանրային խիստ վերահսկողության տակ։
  • Ոմանց մեղքս տվեց. մինչև էս բանավեճը գոնե ընտանիքի անդամների ձենի հույս ունեին...