ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թվերը Նիկոլից առաջ ու Նիկոլի ժամանակ. որտեղ է մանիպուլիացիան
2018-12-06 18:58:17

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Նիկոլ Փաշինյան-Վիգեն Սարգսյան նախընտրական հայտնի բանավեճի ընթացքում տնտեսագետները ոչ միայն տնտեսական ցուցանիշերի անհասկանալի համադրումներ են նկատել, այլեւ զավեշտալի երեւույթներ ու մանիպուլյացիաներ:

Ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի նույն տնտեսության արձանագրած նույն ցուցանիշերը տարբեր ընկալում ու պատկեր են գտնում կառավարության եւ կառավարությանը քննադատողների մոտ: 
Ինչպես են տնտեսական կատեգորիաները վերածվել քաղաքականի, ու ինչպես են համադրվել ոչ համադրելի ցուցանիշերը:


0:00
0:00

Հայտնի նախընտրական բանավեճում ներկա ու նախկին իշխանությոնւների ներկայացուցիչները միակն էին, որ տնտեսական ցփւցանիշեր ներկայացրին՝ փորձելով հակադրել դրանք: Նիկոլ Փաշինյան-Վիգեն Սարգսյան բանավեճում, սակայն, խախտվեցին վիճակագրությունն ամփոփելու դասական կանոնները, այն է՝ թվերը ներկայացնել ըստ ամիսների, եռամյսակի կամ կիսամյակի:

Փոխարենը այս կամ այն ոլորտի ցուցանիշերը ներկայացրին մոտավորապես «Նիկոլից առաջ» ու «Նիկոլի ժամանակ» կտրվածքով: Ու դիտարկումները  բախվեցին: Լսենք Փաշինյան-Սարգսյան բանավեճից մի հատված:  

Փաշինյան՝ «10 ամսվա տվյալով՝ Հայաստանում կա 6.6 տնտեական աճ»:

Սարգսյան՝ «Դուք ընդունել եք երկիրը 10.5-11.7 տոկոս աճով, այսօր ունեք 6.5 տոկոս ու դրանով գլուխ եք գովում: Դա վատ է»:

Զբոսաշրջությունը 10 ամսում աճել է 8.8 տոկոսով՝ մասնավորապես, վստահեցրեց Փաշինյանը: «Ուզում եմ հավատալ, որ Ձեզ սխալ են զեկուցել այս թվերը» հակադարձեց Վիգեն Սարգսյանն ու Փաշինյանի ներկայացրածին փորձեց պատասխանել ավելի ընդգրկուն ցուցանիշերով, սակայն այդպես էլ չնշեց, թե որ ժամանակաշրջանի կտրվածքով է հպարտանում ՀՀԿ-ի արձանագրած թվերով:  

Սարգսյան՝ «Ավելի վատ է արտահանումների վիճակը: 36 տոկոսից դուք հասել եք 11.7 տոկոսի: Սա են թվերը: Այն թվերը որ դուք եք ներկայացնում, ռեալ չեն: Այսինքն՝ ռեալ են, բայց չեն արտացոլում իրականությանը»:

Փաշինյան՝ «Արտահանումը 11 տոկոսով աճել է: Հոկտեմբերին առաջին անգամ վերջին տասը եւ ավելի տարում, հնարավոր է եւ անկախ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ թեթեւ արդյունաբերական արտադրանքի արտահանումը գերազանցել է հանքարդյունաբերական հումքի արտահանմանը»:

Հայտնի բանավեճի ընթացքում խախտվեց նաեւ ցուցանիշեր համադրելու ու հակադրելու դասական մոտեցումը. միեւնույն տնտեսական արդյունքները քննարկելու փոխարեն բանախոսները մատնանշեցին այն թվերը, որոնք ավելի շահեկան գտան սեփական ձեռքբերումները հիմնավորելու ու ընդհակառակը, դիմացինին քննադատելու համար:

Սարգսյան՝ «ամենախայտառակ վիճակը գյուղատնտեսության ոլորտում է: -8 տոկոս է ցուցանիշը: Դուք ընդունել եք երկիրը 2-5 տոկոս աճով: Ձեր մասնագետները սխալ են ձեզ խորհուրդ տվել: Պոպուլիստական նպատակներով ջուրը Սեւանից ժամանակին բաց չեք թողել, հողը չորացել է»:

Փաշինյան՝ «Գյուղմթերքի արտահանումն աճել է 61 տոկոսով: Ագրոմթերքի արտահանումն աճել է 8 տոկոսով եւ դեռ պիտի շարունակի աճել»:

Կոռուպցիայի շուրջ եւս մոտեցումները բախվեցին:

Սարգսյան՝ «Կոռուպցիայի դեմ պայքարն էլ պետք է շատ ավելի համակարգված անել: Եթե անենք այնպես, ինչպես անում ենք, Հայաստանում ներդրումները զրոյին կմոտենան: Որովհետե կապիտալը չի սիրում, որ իրեն անընդհատ բզբզում են»:

Փաշինյան՝ «Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Կոռուպցիայի դեմ պայքարում աննախադեպ գործընթաց է ընթանում: Բացահայտված են երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն գործարքները: Վերացված է կոռուպցիայի ամենակարեւոր տեսակներից մեկը՝ ընտրակաշառքը»:

Բանավեճի ֆորմատի բերումով Սարգսյանը տնտեսական վիճակից խոսեց Փաշինյանից հետո, ու ստացվեց, որ Փաշինյանն այս թեմայի շրջանակներում Սարգսյանին հակադարձելու նոր առիթ չունեցավ: Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում գնահատում է տնտեսական ցուցանիշերը քաղաքականացնելու վերջին միտումները ու նկատում՝ դրանք երբեմն փորձ է արվում օգտագործել կառավարությանը քննադատելիս:

Կարծեմ՝ միշտ հնչում է, թե կառավարությանը տնտեսությունը փոխանցվել է 10-12 տոկոսվ, բայց աճն իջել է 6 տոկոսի: Դա այդքան էլ բնութագրական չէ տնտեսության համար: Եւ ընդհանրապես, քանի դեռ տնտեսական զարգացման խնդիրը դրված չէ, այդ աճի մասին սպեկուլյացիաներն անհարիր են: 

Այս բանավեճի ժամանակ կառավարությանը քննադատելիս իրար կողքի են դրվել այնպիսի թվեր, որոնք ուղղակի անհամադրելի են՝ ասում է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը: Սրանք պարզապես ընտրապայքարին բնորոշ սպեկուլյացիաներ են՝ բացատրում է: Օրինակ՝ արտահանման ցուցանիշը չի կարելի միջազգային վերջին միտումներից ու Հայաստանի վրա լրջորեն ազդող՝ Ռուսաստանի հանդեպ խստացված սանկցիաներից կտրված դիտարկել: Գագիկ Վարդանյան:

«Թվեր ու ցուցանիշեր կան, որոնք տնտեսագիտական մեկնաբանության ենթակա չեն: Այսինքն՝ կոռեկտ չէ նման մեկնաբանություն անելը:  Ներդրումների համար մի եռամսյակը մյուսի հետ չի կարելի համեմատել: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ուզում ենք ասել շատ վատ կառավարություն է, կարելի է թվերի հետ այդպիսի մանիպուլյացիա անել»:

Տնտեսագետ զրուցակիցս տնտեսական ցուցանիշերը «Նիկոլից առաջ» ու «Նիկոլի ժամանակ» դասակարգելուց ավելի զավեշտալի երեւույթներ էլ է նկատել: Առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումների 10-11 անգամ նվազման համեմատությունը դրանց շարքից է՝ ասում է: Նրանք ովքեր ակնկալում ու համոզում են, թե 6 ամսում տնտեսական թռիչք պետք է լիներ, չարաչար սխալվում են՝ ընդգծում է Վարդանյանն ու հարց բարձրացնում՝ ինչու նախորդած տարիներին՝ ներկայացված աճի պայմաններում մենք տեխնոլոգիական զարգացում կամ աղքատության հաղթահարում չունեցանք:

«Մենք զարգացման խնդիր չենք դրել, մենք չենք զարգացել, մենք երկրի տնտեսական ներուժը չենք զարգացրել»:

Առողջացման շրջան՝ օրեր առաջ տնտեսության՝ իր կառավարման շրջանում արձանագրած  վիճակն անվանել էր Նիկոլ Փաշինյանը: Ոչ ավելին, քան «դըմփ-դըմփ-հու»՝ դեբատի ժամանակ վարչապետի ղեկավարած տնտեսությունն անվանեց Վիգեն Սարգսյանը: Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը սա բնորոշում է անորոշ սպասման շրջան ու շեշտում՝ պարտադիր չէ, որ անորոշությունը բացասական լինի: Իսկ մանիպուլյացիաներին տրվել գոնե պետք չէ: