ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օր 11-րդ. ի՞նչ բարեփոխումներ են առաջարկում քաղաքական ուժերը
2018-12-06 17:00:32

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՀՀ Գլխավոր դատախազությունում արդեն ուսումնասիրվել է արտահերթ ընտրությունների հետ կապված իրավախախտումների 60 հաղորդում: Նշվածներից 4-ով հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:

 

Ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ստուգվել կամ ստուգվում են նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 34 դեպք: Դրանցից 8-ով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով նախապատրաստվում են նյութեր:

 

Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացվում Արմավիրի մարզի, 2-ով՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների 1-ական՝

 

Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերի, Երևանի քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից:


0:00
0:00

 

Այսօր պարզվեց այն խորհրդավոր Գեւորգի ինքնությունը, որի մասին հեռուստաեթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշեցնում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Բացահայտումը որոշեց անել անձամբ Մարուքյանը.

 

«Գեւորգը սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է: Իրար հետ ենք ծառայել: Ինքը ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ եւ ընտրությունների ընթացքում,լ եւ ընտրություններից հետո: Հիշում եք՝ Վիկտոր Դալլաքյանը վիճարկում էր իմ գրանցումը, ընտրությունների արդյունքները: Իսկ այն, որ ասում էր՝ թղերդ չկար, չեկար, այդ թղթերը կապված էին հետընտրական դատավարության հետ: Տարբեր ուժերից ինձ առաջարկում էին մտնել իրենց քաղաքական միավոր՝ այդ թվում Հանրապետականները, այդ դեպքում ինձ կպաշտպանեին: Ով իմ հովանավորներին գիտի՝ ուղիղ եթեր էր, թող ուղիղ եթերում ասեին: Ծառուկյանը որեւէ մեկից վախենալու բան չունի, եթե ինչ որ բան իմանար՝ կասեր»:

 

Բացահայտումներ այսօր հնչում էին նաեւ Հանրապետականից: Էդուարդ Շարմազանովի Վանաձորի նախընտրական շտաբի մոտ փորձել են գումար բաժանել: Շարմազանովը դա անվանել է «ճղճիմ սցենար» եւ իրավապահների ուշադրությունը հրավիրել սադրանքների փորձերի վրա: Ֆեյսբուքյան էջում գրել է, որ ենթադրում է, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Իրավապահների ուշադրությունն էր այսօր հրավիրում նաեւ Արմեն Աշոտյանը: Կարծում է՝ հարցաքննության պետք է կանչեն Արարատ Միրզոյանին՝ հասկանալու, թե ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, երբ հայտարարում է, որ Հանրապետականը հանցագործների բանդա է:


«Այն ճնշումները, որոնք գործադրվում են մեր թեկնածուների հանդեպ՝ անասելի ուժեղ են: Այնուամենայնիվ, մ,եզ հաջողվում է մեր ասելիքը տեղ հասցնել եւ ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս երկու շաբաթվա ընթացքում մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր մեզ շրջապատող իրականության վրա»:

 

Այսօր ակտիվ էին նաեւ «Սասնա ծռեր» կուսակցությունում: Մի մասն այսօր Սյունիքում էր, մի մասը մնացել էր Երեւանում: Այստեղ Գարեգին Չուգասզյանը խոսեց քաղաքական պատասխանատվության մասին:

«Հանրապետականներին հանգիստ չենք թողնի, որովհետեւ իրենք պատասխանատվություն պետք է կրեն այն ամենի համար, ինչ որ արել են: Եվ այդ պատասխանատվությունը պետք է կրեն նաեւ այն պատճառով, որ նոր իշխանությունը՝ կլինի դա Նիկոլ Փաշինյան, կլինի սասնածուռ կամ որեւէ այլ կուսակցություն, ինքը պետք է իմանա, որ պատասխանատվություն կրելու է իր սխալների եւ հանցագործությունների համար: Պերմանենտ անպատասխանատվություն կծնվի, եթե հանրապետականները չենթարկվեն: Պետք է իրավաքաղաքական գնահատակ տրվի»:

Պատասխանատվության մասին խոսում են նաեւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունում: Հատկապես նախընտրական շրջանում ֆինանսական պատասխանատվության մասին խոսում է Հայկ Գրիգորյանը:

«Մենք առաջին անգամ ենք մասնակցում ընտրությունների ու այդ ամեն ինչի մեջով անցնելով մեզ համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի նման երկրում, որտեղ 30 տոկոս աղքատություն կա ընտրությունների վրա ծխսվում է մի քանի հարյուր հազար դոլարից սկսած մինչեւ մի քանի միլիոն դոլար: Ընտրությունների վրա ծախսվող մաքսիմալ շեմը 500 միլիոն դրամ է ԸՕ-ով: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը իր ծրագրում ներառել է այն կետը, որ այս գումարը պետք է իջեցվի մինչեւ գոնե 50 կամ 100 միլիոն դրամը»:

Այս առաջարկով «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ցանկանում է ցույց տալ փողերի տեղը, միաժամանակ՝ կուսակցություններին հուշել, թե որ ուղղությամբ կարելի է ծախսել ունեցած գումարը:

Գումարը ծախսելու ուղղությունը գիտի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Գյումրեցի մի տղամարդ այսօր նրան դիմեց իրեն որդեգրելու կամ գնդակահարելու անակնկալ առաջարկով:

«Այսօր թվերը ինչքան ճոխ ուզում ես ասա՝ տնտեսական աճ 5 տոկոս, 10 տոկոս, 15 տոկոս, թեթեւակի 1 տոկոսի դեպքում ժողովուրդը դա զգում է: Զգում է իր առօրյայում, իր հագուկապի մեջ, իր ընտանիքում, իր սառնարանի վիճակից»:

Ամենակարեւորը եւ առաջնայինը, որ առաջարկում է ԲՀԿ-ն՝ Հարկային օրենսգրքի եւ բանկային համակարգի փոփոխությունն է:  

Ոչ թե հակառուսական, այլ արեւմտամետ դիրքորոշում է հայաստանցիներին առաջարկում «Մենք» դաշինքը:  Մասիսցիներին Արամ Սարգսյանն այսօր բացատրում էր, որ փողը դրսում է՝ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: Այնտեղ են նոր գործարաններ կառուցում: Կարծում է, որ ԵԱՏՄ-ի վրա հույսը դնելով՝ ոչ այս, ոչ նախորդ իշխանությունները ներդրում բերող չեն:  Այս քաղաքական ուժի անդամները, ի դեպ, այսօր քարոզարշավի մեկնեցին Վազգեն Սարգսյանի արձանի մոտից:

«Այսօր ես գնում եմ Արարատ՝ իմ եղբոր հայրենիքը: Եվ սա առաջին դեպքն է, որ հանձինս եղբորս ես ակնկալում եմ արարատցիների քվեն: Դուք այդ քվեն տալու եք թե ինձ, թե Վազգենին»:  

Ընտրական գործընթացների արագացումը վերջին օրերին զգում է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը:

«Երկրի ստրատեգիան եթե չի փոխվելու՝ չի փոխվելու ոչինչ, մասնակի բաներ են լինելու: Սիրելի ժողովուրդ, պետք է ունենաս դու պառլամենտարիզմ: Պառլամենտ ունես՝ պառլամենտարիզմ չունես: Դա նշանակում է, որ որեւէ կուսակցության 60 տոկոսից ավելի չի կարելի թույլ տալ, որպեսզի խորհրդարանում նա տեղ ունենա: Մնացած ուժերը պետք է ներկայանան, որ այնտեղ բանավեճ լինի, քննարկում լինի եւ օրենքների թխոց չլինի»:

Մեծ հեռուստաբանավեճից հետո այսօր ֆեյսբուքում գրառում է կատարել «Քաղաքացու Որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը: Իրեն ուղղված քննադատություններին հակադարձել է, թե «շատ խոսողների խոսքի կեսը մարդիկ չեն լսում կամ լուրջ չեն վերաբերվում»:

Բանավեճի ձեւաչափն ու հատկացված ժամանակը թույլ չեն տվել գործչին ներկայացնել կուսակցության ծրագրային մոտեցումները: Այլ թեմաներով՝ ոչ բովանդակային բանավեճերի մասնակցելու ցանկություն Սուրեն Սահակյանը չի ունեցել: