ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է
2018-12-07 09:05:00

Արդեն 30 տարի է մեզ բաժանում 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի օրվանից, որը շուրջ 25 հազար մարդու կյանք խլեց, մեր երկրի մոտ 1/3-ն ավերակների վերածեց՝ անօթևան թողնելով հարյուր հազարավոր մարդկանց: Մասնավորապես, Սպիտակում և Լենինականում (Գյումրի) փլուզվեց շինությունների 80 տոկոսը։

Մարդկային և նյութական ռեսուրսների կորստի առումով աննախադեպ այս աղետին արձագանքելուն անպատրաստ Հայաստանին՝ հենց առաջին իսկ օրերին աջակցության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, անհատներ: Ցուցաբերվեց բժշկական և փրկարարական օգնություն, ապահովվեց սնունդ, հագուստ և դեղորայք, դրամական միջոցներ և ապրելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:

Սակայն որքան էլ ցավալի լինի խոստովանել, այսօր ամբողջապես չի հաջողվել հաղթահարել 88-ի երկրաշարժի հետեւանքները: Դեռ կան աղետից տուժած, բնակարան չունեցող ընտանիքներ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 542 ընտանիք դեռ բնակարանի կարիք ունի: Պետությունը խոստանում է մինչև 2020 թվականն այդ հարցը լուծել: Մասնավորապես, այս տարվա պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 460 մլն դրամ: Իսկ վերջին տասը տարվա ընթացքում ծախսվել է շուրջ 65 մլրդ դրամ, 4839 ընտանիք ապահովվել է բնակարանով:

Հայաստանն ու նրա բարեկամներն այսօր գլուխ կխոնարհեն, հարգանքի տուրք կմատուցեն 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելառուսից ժամանած բազմաթիվ հյուրերի հետ կայցելեն Գյումրի, որտեղ տեղի կունենա Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագիրը կրող միջոցառումների շարքը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Մակար Եկմալյանի «Պատարագը»՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբի կատարմամբ, կհնչի Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում:

Ի դեպ՝ այս տարի մի շարք ուշագրավ նախաձեռնություններով է հարդես եկել մշակույթի նախարարությունը: Սպիտակ քաղաքի Մշակույթի տանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հանդես կգա երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված համերգային ծրագրով:

Գյումրիի «Սև բերդ» ամրոցում 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի զոհերի հիշատակին կհչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Գյումրիի երաժշտական կոլեկտիվների ու մենակատարների մասնակցությամբ:
Իսկ մայրաքաղաքի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սպիտակի ահեղ երկրաշարժի զոհերի հիշատակին կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»՝ իտալացի անվանի բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ: