ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-07 10:08:57
  • «Ժողովուրդ». Անօթևանների հավերժական խնդիրը
  • «Փաստ». Ինչպե՞ս անցավ արտահերթ... քարոզարշավը
  • «Հայոց Աշխարհ». Ընտրարշավում հիմնավոր մտահոգությունների առիթներն ընդգծվեցին
  • «Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը գնում է բախումը շարունակելու

Անօթևանների հավերժական խնդիրը

«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է կառավարության այսօրվա արտագնա նիստին, որն անցկացվելու է Գյումրիում՝ օրակարգում ունենալով աղետի գոտում այս տարի իրականացված եւ հաջորդ տարի նախատեսվող աշխատանքների վերաբերյալ զեկույցների քննարկումները:

Նոր կառավարության մոտեցումները ներկայացնելիս թերթը հիշեցնում է վարչապետ Փաշինյանի հուլիսի 20-ի ասուլիսում ասած խոսքերը.

«Ամենակարեւոր խնդիրն աղետի գոտում իրավիճակն արձանագրելն է: Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինություն իրականացնելու մասին, որոշ մասնագետներ ասում են, որ լուրջ խնդիր կա: Շուկայում կան վաճառքի հանված տներ, որոնք բնակեցված չեն, եւ եթե Գյումրիում նոր բնակարանաշինություն տեղի ունենա, ապա կարող է անշարժ գույքի շուկան փլուզվել, բնակարանների գներն էլ զրոյանան»:

Փաշինյանի խոսքերով` պետք է հստակեցնել քաղաքականությունը եւ որոշել, թե ինչ ճանապարհով է անհրաժեշտ առաջ գնալ, հասկանալ՝ ովքեր են տնակներում ապրողները, ինչ պատճառներով են հայտնվել: Նոյեմբերի 20-ի ասուլիսի ժամանակ էլ, ինչպես թերթն է նշում, նա ընդգծել էր հանդարտ, առանց էմոցիաների այդ խնդիրները հասկանալու, դասավորելու եւ առանձին-առանձին լուծելու անհրաժեշտությունը:

«Այսօր աղետի գոտու վերականգնման առումով շատ ավելի կարեւոր են մի շարք ներդումային ծրագրեր, որոնց շուրջ բանակցություններ են տեղի ունենում։ Տնաշինական մի քանի նախագծեր կան, որպեսզի նոր տեխնոլոգիաներով բնակարաններ կառուցվեն»,- նշել էր նա:

«Ժողովուրդ»-ը Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանից տեղեկացել է, որ միայն Գյումրիում ամենատարբեր հաշվարկներով 2500 անօթեւան ընտանիք կա, որոնց թվում դասվում են ոչ միայն տնակների, այլեւ բարձր վթարայնության աստիճան ունեցող շենքերի բնակիչները:

Ինչպե՞ս անցավ արտահերթ... քարոզարշավը

Թերթերը քարոզարշավի վերջին օրը՝ լռության օրվանից առաջ, փորձել են ամփոփել, իմի բերել արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը:

Ըստ «Փաստի»՝ ՀՀԿ–ն, չնայած այն հանգամանքին, որ քարոզարշավից առաջ հայտարարել էր, որ փորձելու է լինել կառուցողական և ուժեղ ընդդիմություն, որ գիտակցել է իր սխալները ու պատրաստ է շտկել դրանք, նախընտրական պայքարի առաջին իսկ օրից սկսեց բավական ագրեսիվ հռետորաբանությամբ: Թե՛ նախընտրական պաստառն ու կարգախոսը, թե՛ հիմնական դերակատարների հռետորաբանությունը տարբեր հարցազրույցների ու բանավեճերի ժամանակ ցույց տվեցին, որ ՀՀԿ–ն որդեգրել է սև–սպիտակ խաղի կանոններն ու դիրքավորվել որպես սև:

«Իմ քայլը» դաշինքն, թերթի գնահատմամբ, համապետական քարոզարշավ չարեց, քանի որ քարոզարշավի բեռը, ինչպես և իշխանության ողջ բեռն ընդհանրապես, իր վրա վերցրել էր Նիկոլ Փաշինյանը: Մարզային այցերի ժամանակ Փաշինյանը զուգահեռաբար խոսում էր թե՛ տեղական խնդիրներից, թե՛ ակտիվ էր պահում համապետական քաղաքական դիսկուրսն ընդհանրապես ` live time ռեժիմում անդրադառնալով օրվա ընթացքում հայտնվող այս կամ այն բնույթի տեղեկատվությանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, միակն էր, որ ողջ քարոզարշավի ժամանակ այդպես էլ չմտավ ո՛չ սև–սպիտակի, ո՛չ հակաքարոզչության, ոչ ինտրիգների դաշտ:

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Մենք» դաշինքը ամբողջ քարոզարշավի ընթացքում, ինչպես թերթն է նկատում, այդպես էլ չկարողացան ձերբազատվել «Ելք» դաշինքի ստվերից ու հեղափոխության արժեքների պահապանը լինելու մասին անդադար հիշատակելու կոմպլեքսից:

Ինչ վերաբերում է ընտրարշավին մասնակից «նորելուկ ուժերին», ապա միայն «ՔՈ» ՍԴԿ–ն կարողացավ որոշակի ճանաչելիություն ապահովել, «մի կողմից փիառի տեսանկյունից հետաքրքիր լուծումներով, մեկ այլ կողմից ներկայանալով որպես ծրագրային քաղաքականության ջատագով»:

Ընտրարշավում հիմնավոր մտահոգությունների առիթներն ընդգծվեցին

Այս վերնագրով հրապարակման մեջ «Հայոց Աշխարհ»-ը քարոզարշավի մասին իր դիտարկումները ներկայացնելիս նկատել է, որ նախընտրական քարոզարշավի կարճ ընթացքն իր ազդեցությունը թողեց ընտրարշավի որակական կողմի վրա, այն «սրընթաց ստացվեց»:

Ինչ վերաբերում է կոնկրետ թեկնածու-կուսակցություններին, ապա ըստ թերթի չնայած ընդհանուր թվին՝ 11, պարզորոշ ընդգծվեց, որ իրական պայքարը կամ հիմնական քաղաքական հակադրությունը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլի» եւ ՀՀԿ-ի միջեւ է ծավալվում:

«Ընթացքում պարզորոշ ուրվագծվեց, որ պայքարի մեջ մտած մյուս կուսակցությունների մեծ մասի հիմնական ասելիքը եւս սահմանափակվում է «նախկին հանցավոր ռեժիմ» քարոզչաչարչար ջուրծեծոցով, իսկ այս ընտրապայքարում բուն անելիքն ու առաքելությունը, Նիկոլ Փաշինյանին երկրորդելով, ՀՀԿ-ին «վրա տալն էր»,- գրում է թերթը՝ նկատելով, որ դա
միանգամայն ցայտուն դրսեւորվեց ու ամրագրվեց նախօրեին Հանրային հեռուստաընկերության նախաձեռնած քաղաքական բանավեճին:

Թերթն ընտրապայքարի մի կողմում տեսնում է Նիկոլ Փաշինյանին, իր գլխավորած դաշինքով, ընտրապայքարի մեջ մտած մյուս 10 ուժերից 9-ի հետ, որոնք, մեկ-երկու դրվագից բացի, մնացած բոլոր հարցերում, իշխանության կողմից են,իսկ մյուս կողմում, որպես իրական ընդդիմադիր, գործող իշխանությանը հստակ ու սուր քննադատող ուժ ՝ ՀՀԿ-ին:

Գագիկ Ծառուկյանը գնում է բախումը շարունակելու

«Ժամանակ»-ն արձանագրել է՝ քաղաքական բանավեճում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գործնականում անկարող եղավ բացատրել, թե իրեն ինչի համար է պետք պատգամավորական մանդատը նոր իրավիճակում: Այդ հարցը նրան ուղղեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաեթերում ընտրությանը մասնակից ուժերի առաջին դեմքերի բանավեճի ընթացքում:

Սակայն, ըստ թերթի, միայն Մարուքյանին չէ, ոչ այդ հարցը հետաքրքրում է, և ըստ այդմ, խնդիրը միայն երկու ուժերի քաղաքական շահերի բախումը չէ: Այստեղ բախվում են հասարակության և խոշոր կապիտալի շահերը, ու սա մի խնդիր է, որը հենց առանցքայիններից է եղել Հայաստանում քառորդ դարի ընթացքում, աստիճանաբար ավելի ուժգնանալով բիզնես-իշխանություն սերտաճման համատեքստում:

«Եթե նախկին համակարգի բնույթի ֆոնին Ծառուկյանը դիտվում էր «ժողովրդական», ապա ժողովրդական համակարգի ֆոնին Ծառուկյանն արդեն դիտարկվելու է լիովին հակառակ տրամաբանությամբ, և Երևանի ավագանու ընտրությանը ԲՀԿ տոկոսները հենց դրա վկայությունն էին, ոչ թե Փաշինյանի թելադրած սև-սպիտակի հետևանք: Ծառուկյանը իր դերը նախանշող ֆոնն է կորցրել, ոչ թե գույնն էր փոխվել Երևանի ավագանու ընտրությանը: Այդ ֆոնն այլևս չի վերականգնվելու, ըստ այդմ՝ ԲՀԿ առաջնորդը կանգնած է «հակաժողովրդական» դիրքավորման տրամաբանության մեջ, որովհետև նրա ժողովրդականությունն այլևս գեներացվելու է քաղաքականությունից դուրս, ոչ թե քաղաքականության մեջ լինելու միջոցով», -գրում է թերթը: