ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախկին դաշնակիցները՝ առճակատման կիզակետում
2018-12-07 18:09:41

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»


Մեկ ապտակ եւ երկու դիմում ոստիկանություն։ Երեկ ուշ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել թիվ 1 ընտրատարածքում պայքարող երկու ուժերի միջեւ: Ուշագրավ է, որ այդ ուժերը մինչեւ վերջերս եղել են դաշնակիցներ եւ գործընկերներ:
 

0:00
0:00


Երեւանի Ավան, Նոր Նորք եւ Զեյթուն վարչական շրջաններում նախընտրական առճակատման կիզակետում հայտնվել են դեռ երեկվա դաշնակիցները:

Խնդիրը ծագել է նախընտրական շտաբերից մեկում՝ ուշ երեկոյան, կողմերը դիմել են ոստիկանություն: Մի կողմում «Իմ քայլը», մյուս կողմում «Մենք» դաշինքների անդամներն են: Հենց այս դաշինքներում են հանգրվանել արդեն լուծարված «Ելք» դաշինքից նախկին գործընկերներ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» կուսակցությունները:

 

Ամեն ինչը սկսվեց պաստառներից: «Մենք» դաշինքի ներկայացուցիչը ընտանիքի անդամներով դուրս էր եկել քարոզելու եւ իր նախընտրական պաստառները փակցնելու: Ինչ է եղել հետո՝ այս կողմի տեսակետը ներկայացնում է «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցությունից Թեհմինա Վարդանյանը:


«Մոտեցել են «Իմ քայլը» թեկնածուի ակտիվիստներ հոխորտացել, վիրավորել, մեղադրանքներ են ներկայացրել, որ տվյալ թեկնածուն պոկում է իր պաստառները, փչացնում եւ այլն, եւ այլն: Անպարկեշտ վերաբերմունքի պատճառով մեր թեկնածուի ակտիվիստ երիտասարդը ապտակել է: Դա եղել է մեկ ապտակ»:

Սա հաստատում է միջադեպի մյուս կողմը: «Իմ քայլը» դաշինքից աղմուկի կենտրոնում անուղղակի հայտնվել է նույն ընտրատարածքում առաջադրված Մեսրոպ Պապիկյանը: Նա վարչապետի խորհրդականն է հասարակական հիմունքներով: Պապիկյանն արդեն հայտարարություն տարածել է, որ ծեծել են իր թիմի անդամներից մեկին:

Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո ոստիկանների ուղեկցությամբ գնացել են նաեւ «Մենք» դաշինքի շտաբ: Պապիկյանի ներկայացմամբ՝ փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց ասում է իրենց լավ չեն դիմավորել, հրաժարվել են թեկնածուին կանչել՝ տեղում խնդիրը պարզաբանելու համար:

Դա եղել է երեկոյան ժամը 22-ի սահմաններում: Ուշ այցելությունը նույնպես դժգոհության պատճառ է դարձել: Այս ներխուժման փաստով «Մենք» դաշինքը նույնպես արդեն դիմել է ոստիկանություն:

 

«Իմ քայլը» դաշինում հակված չեն  միջադեպին մեծ հնչեղություն տալ: Դաշինքից պատգամավորի թեկնածու Համազասպ Դանիելյանը նախընտրում է հստակությունն ու պարզաբանումները, ոչ թե՝ հնչեղությունը:

«Գույները մգեցնում են, երբ փորձում են միակողմանի ներկայացնել: Այդ փաստերը ինձ համար գոնե փաստ չեն: Ես կարծում եմ, որ դա ընդամենը փորձ է դիվիդենտներ հավաքելու: Մենք բաց, ազնիվ եւ գործընկերային հարաբերություններ էինք ակնկալում»:
 

Թիվ 1 ընտրատարածքում բացի վարչապետի խորհրդականից «Իմ քայլի»-ից առաջադրված են նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը, Աժ պատգամավոր, ֆինանսների նախարարի օգնականը:

«Մենք» դաշինքից նույն ընտրատարածքում պայքարում են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահը, ՀՀ Ոստիկանապետին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչը:

 

Նոր Նորքի 6-րդ զանգվածում փորձեցի տեղում հասկանալ, թե ինչը կարող էր պատճառ դառնալ երկու քաղաքական ուժերի առճակատման համար: Այս պահին էլ այնտեղ ամենուրեք, որտեղ հնարավոր է, պաստառներ են: Որոշները ամբողջովին պահպանված են, որոշները՝ պատռված:  Շատ են մեկը մյուսի վրա փակցված պաստառները: Անուններով չեմ ընթերցի վնասված եւ պահպանված պաստառները, որ չառանձնացնեմ թեկնածուներից որեւէ մեկին: Այս ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով բոլոր քաղաքական ուժերից առաջադրվել է 109 թեկնածու եւ, իհարկե, բոլորն էլ ցանկանում են, որ վերջին օրով հենց իրենց կերպարը հիշվի ընտրողի մոտ: