ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական դիպլոմների կեղծ լինելը հերքվե՞լ է
2018-12-07 18:24:46

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ենթադրյալ կեղծ դիպլոմներ ունեցող 40 արաբ բժիշկների ձերբակալման աղմկահարույց գործը նոր զարգացումներ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» տեղեկացրել են՝ ձեռք բերված տվյալների  հիման վրա վարույթ է հարուցվել, սակայն քրեական գործ դեռ չկա:

Իսկ Իսրայելում դատարանը որոշել է նրանց ազատ արձակել, մի մասին՝ առանց դատական լսումների նույնիսկ: Ինչո՞ւ է նման ընթացք ստացել գործն, ու նշանակո՞ւմ է սա, որ բժիշկներն արդարացվել են՝ Ռադիոլուրն է տեղյակ:

 

0:00
0:00

 

Ներկայացված ապացույցներն անբավարար են՝ գտել է Նազարեթի դատարանն ու կալանքից ազատել շուրջ 4 տասնյակ արաբ բժիշկներին: Նրանք, ոստիկանության տվյալներով, միջնորդների միջոցով հաջողել են հայաստանյան մասնավոր 3 բուհերի ձեռք բերել բժշկական դիպլոմ՝ առանց անցնելու ուսման բնականոն գործընթացը: Ըստ վկաների տվյալների՝ ընդամենը 1-2 տարում ամբողջական կրթություն ստանալու անվան տակ դիպլոմ ստանալն արժեցել է շուրջ 15 հազար դոլար:

Կալանքը երկարաձգելու մասին ոստիկանության միջնորդությունը եւս դատարանը մերժել է: Իսրայելցի լրագրող Ցվի Զիլբերը «Ռադիոլուրի» հետ զրույցում փոխանցում է իր դիտարկումները դատական պրոցեսի հետ կապված ու տարօրինակ ոչինչ չի տեսնում նրանց ազատ արձակման մեջ:

«Նրանք դեռ հետաքննվում են եւ իրենցից առանձնակի վտանգավորություն չեն ներկայացնում հասարակական կարգի համար: Մինչ հետաքննությունը կասի, որ արդեն ստացել է բոլոր ապացույցները եւ չունի մտավախություն, որ այդ ապացույցները կարող են այլ կասկածների հետ կոմբինացվել, լիովին բնական է, որ մինչեւ նախաքննության եւ դատական գործընթացների ավարտը նրանք լինեն տնային կալանքի տակ»:

Կոռուպցիոն սխեմա գործե՞լ է, թե՞ ոչ, եթե այո՝ ի՞նչ մեխանիզմով, ու, ի վերջո, որքանո՞վ են հիմնավոր հայաստանյան կրթական համակարգին ու, մասնավորապես, 3 բուհերին՝ «Մխիթար Գոշ», «Հայբուսակ» եւ «Մայր Թերեզա», վերագրվող մեղադրանքները:

Իսրայելում հայկական «կեղծ» դիպլոմների «մութ» պատմությունը

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց՝ իսրայելական կողմն այս հարցով Հայաստանին քննչական պահանջ է ներկայացրել:

Պահանջի կատարման շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ, որոնք առերեւույթ պարունակում են ՀՀ տարածքում որոշակի հանցավոր գործունեության հավանականության մասին վկայող տեղեկություններ:

« Այդ տվյալներն ուղարկվել են ուղարկվել են հետաքննության մարմին՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ:  Ձեռք բերված տվյալների  հիման վրա վարույթ է հարուցվել: Քրեական գործ դեռ չկա: Դեռ ստուգողական գործողություններ են արվում: Դրանից հետո պարզ կդառնա քրեադատավարական ընթացք տրվում է, թե ոչ»:

Իսրայելցի լրագրող Ցվի Զիլբերը վստահ է, որ մինչեւ գործն անցնի դատական տարբեր ատյաններով ու դեռ վերաքննիչ բողոքի հնարավորություններն էլ սպառվեն, բժիշկների խմբակային գործը կարող է տեւել ընդհուպ մինչեւ կես տարի, եթե ոչ ավելի: Ուստի տրամաբանական է, որ իրենցից հասարակության համար առանձնակի վտանգավորություն չներկայացնող մարդիկ այս ընթացքում լինեն ազատության մեջ: Արդյո՞ք սա կարող է պարզապես աղմուկ լինել առանց պատճառի: Հարցին մեր գործընկերն արձագանքում է այսպես՝

«Իհարկե դրա վերջնական պատասխանը կտան իրավապահ մարմինները, սակայն ազատ արձակումը դեռ ոչնչի մասին չի վկայում: Միաժամանակ կան հիմքեր պնդելու, որ տվյալ մարդիկ չափազանց արագ են ստացել իրենց դիպլոմներն ու դրանք որպես հիմք ներկայացրել աշխատանքի անցնելու համար, քան կարող էր տեւել  ուսման բնականոն գործընթացը: Սա արդեն տարօրինակ է: Բայց պետք է առաջնորդվել մարդու անմեղության կանխավարկածով»:

Բժիշկ չլինելով բժիշկ ներկայանալն ու այդ մասնագիտությամբ աշխատելն Իսրայելում ծանր հանցագործությունների թվին է դասվում, ու այս մարդկանց սպառնում է 1-5 տարի ազատազրկում՝ կախված նրանից, թե նրանց ոչ մասնագիտական աշխատանքը որքանով կարող էր սպառնալ մարդկանց կյանքին:

Հայաստանում սովորած 40 բժիշկ բերման է ենթարկվել Իսրայելում

Չնայած աղմուկն ընդամենը հայկական 3 բուհի շուրջ է, սակայն  Իսրայելի առողջապահության նախարարությունն արդեն զգուշացրել է իսրայելցի ուսանողներին՝ առհասարակ չսովորել հայաստանյան բուհերում, քանի որ վերջիններիս տրամադրած դիպլոմներն առանձնահատուկ լրջությամբ են ստուգվելու, ու դա դեռ հիմք չէ, որ այդ դիպլոմները կճանաչվեն:

Իսկ կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվող հայաստանյան  բժշկական 3 համալսարաններն առայժմ  հերքում են իրենց ուղղվող մեղադրանքները: