ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-08 10:23:06
  • «Հայկական Ժամանակ». 2 կոնֆլիկտ՝ մեկ նիստում
  • «Հայոց Աշխարհ». Ո՞վ է մեղավոր խառնաշփոթի համար
  • «Առավոտ». Արաբ վաճառականն ու գին գցելու հայկական սովորույթը

2 կոնֆլիկտ՝ մեկ նիստում

«Հայկական Ժամանակ»-ը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի մասին պատմող հրապարակման մեջ գրում է, որ նիստի ընթացքում հետաքրքրական բանավեճ է ծավալվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Պուտինի միջև՝ գազի գնի շուրջ, երբ տարին Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում ամփոփելիս անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Լուկաշենկոյի վրդովմունքի պատճառը, ըստ թերթի, Բելառուսի սպառողների համար գազի թանկ գինն է՝ 130 դոլար հազար խորանարդ մետր գազի դիմաց: Նրա խոսքով՝ հարեւան ռուսաստանյան շրջաններում սպառողները 70 դոլար են վճարում: Պուտինը հակադարձել է, որ եթե Մոսկվան Մինսկին գազը վաճառի շուկայական գնով, ապա այն կլինի ոչ թե 130, այլ 200 դոլար: Դրանից հետո Պուտինն առաջարկել է հարցը քննարկել փակ ռեժիմով՝ «այն ժամանակ, երբ լրագրողները զբաղված կլինեն այլ գործերով»:

Նիստից հետո Լուկաշենկոն հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցին, որ իր ելույթը կոռեկտ չէր: Նա նաեւ նշել է, որ ներողություն է խնդրել Պուտինից: Գազի գնի շուրջ քննարկումների վերաբերյալ նա չի ծավալվել, փոխարենը հանկարծակի հայտարարել է, թե երկրների ղեկավարները համաձայնության են եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցով:

«Մենք անսպասելի գրեթե ՀԱՊԿ գագաթնաժողով ենք անցկացրել, եւ, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը` դրական», - ասել է Լուկաշենկոն: Լրագրողների այն հարցին, թե ով է լինելու գլխավոր քարտուղարը` Լուկաշենկոն պատասխանել է «բելառուս թեկնածուն»:

Թերթը նշում է, որ այս հայտարարությանը պատասխանել է նախ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ: Դրանից հետո Լուկաշենկոյի հայտարարությանն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հարցը չի լուծվել: Իրոք, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն, դա միանգամայն նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա եղել:

«Լուկաշենկոյի հայտարարությունը լիովին տեղավորվում է «նորեկ» Փաշինյանին «փորձարկելու» տրամաբանության մեջ: Սակայն, ակնհայտ կեղծ հայտարարությունն արդեն դուրս է գալիս կոռեկտության սահմաններից: Ինչեւէ, Լուկաշենկոն, թերեւս, չէր սպասում, որ ռուսական կողմը եւս կարձագանքի իր հայտարարությանը եւ հույս ուներ, որ «փոխհրաձգությունը» կշարունակի մնալ հայ-բելառուսական հարթության մեջ»,- գրում է թերթը:

Ո՞վ է մեղավոր խառնաշփոթի համար

«Հայոց Աշխարհ»-ն անդրադարձել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շուրջ ստեղծված թնջուկին, որը դեռեւս չի հանգուցալուծվել: Դերասաններն առաջվա պես պահանջում են թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը, ինչպես նաեւ ցանկանում, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրա կողմից նշանակված Սուրեն Շահվերդյանը եւս հեռանա՝ տեղը զիջելով դերասանուհի Նարինե Գրիգորյանին:

Ըստ թերթի՝ խնդիրն այնքան է բարդացել, որ օրերս Թատերական գործիչների միությունում թատրոնների գեղարվեստական ղեկավարներն ու տնօրենները ժողով են արել՝ փորձելով լուծումներ գտնել: Միության մամուլի քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանի տեղեկացմամբ՝ միությունն առաջիկայում հայտարարություն կհրապարակի, որում կարտահայտի իր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Հայտարարությամբ օրենքին է հղում արվելու, որի համաձայն՝ թատրոնում արված վերջին նշանակման մեջ հակաօրինական ոչինչ չկա, հետեւաբար դերասանները չեն կարող ընդվզել դրա դեմ:

«Հայոց Աշխարհ»-ը փորձել է պարզաբանումներ ստանալ նաեւ Վիգեն Չալդրանյանից, բայց նա հորդորել է դեռեւս սպասել՝ հույս փայփայելով, որ դերասանական կազմի հետ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ եւ հարցը լուծել անաղմուկ. «Այս խնդիրը թատրոնի ներքին խոհանոցին է վերաբերում եւ պետք է հնարավորինս խաղաղ ճանապարհով հարթել: Հիմա օրակարգում թատրոնը փրկելու խնդիրն է, եւ ես աթոռակռիվ չեմ անում, կառչած չեմ այդ աթոռից, թատրոնը պետք է ամեն գնով ներդաշնակության բերել: Կփորձենք համատեղ համաձայնության գալ»:

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը եւս հորդորել է դեռեւս զերծ մնալ որեւէ հրապարակում անելուց, որում իր տեսակետներն ու պարզաբանումները կհնչեն, քանի որ իր ամեն խոսքը դերասանները կարող են սխալ ընկալել, եւ դրանով իրավիճակն ավելի կսրվի: Այնինչ այժմ բոլորը փորձում են խաղաղ ճանապարհով խելամիտ լուծումներ գտնել, որպեսզի մեծ ավանդույթներ ունեցող թատրոնը չտուժի:

«Ի դեպ, երկու կողմերը սպասում են երկուշաբթի օրվան, երբ մշակույթի նախարարի պաշտոնակատարն ի վերջո կվերադառնա արձակուրդից եւ կմիջամտի աղմկահարույց այս պատմությանը: Ամեն դեպքում նա այդպիսի խոստում է տվել։ Սակայն ակնհայտ է, որ նախարարը չի կարողանա շրջանցել օրենքը եւ, օրինակ, թատրոնի դերասանական կազմին բավարարող որոշում կայացնել, եթե Վիգեն Չալդրանյանը որոշի, այնուամենայնիվ, չկատարել դերասանների պահանջը: Այլ հարց է, եթե վերջինս այլեւս չցանկանա աշխատել նման անառողջ մթնոլորտում եւ հոժարակամ հեռանա», գրում է թերթը:

Արաբ վաճառականն ու գին գցելու հայկական սովորույթը

«Առավոտ»-ն իր առաջին էջում տեղադրել է ժպտացող արաբ երիտասարդի լուսանկար, որը բոլոր օտարազգի գնորդներին խնդրում է ոչ միայն ապրանք գնել Շարմ էլ Շեյխի հյուրանոցներից մեկում տեղակայված իր խանութից, այլև խոստում պոկում, որ խանութի մասին կտեղեկացնեն ծանոթներին:

Իսկ մեր հայրենակիցներից մեկը չի զլացել ու պաստառի վրա երկլեզու կարծիք է գրել խանութի և դրա տիրոջ մասին, նաև հատուկ շեշտել. «Լավ տղայա՝ հավեսով, լավ գին կարաք գցեք, վիզ դրած խոսացեք»:

«Արաբ վաճառականը ոչ միայն ցուցափեղկի մոտից պոկեց ու ցույց տվեց հայ գնորդի դրական արձագանքը, այլև խնդրեց հայերեն գովեստի մի գրառում էլ մենք կատարենք: Պատճառաբանեց, որ հայերը շատ են օգտվում իր խանութից, հավելյալ գովազդը չի խանգարի», - գրում է «Առավոտ»-ի թղթակիցը :