ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԿԸՀ-ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.44%ով
2018-12-10 13:12:23

ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.44%ով:

Մյուս քաղաքական ուժերի ձայները բաշխվել են հետևյալ կերպ:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 068 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8533 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 822 ընտրող կամ 3.89%

«Իմ քայլը» դաշինք - 884 849 ընտրող կամ 70.44%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 024 ընտրող կամ 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6460 ընտրող կամ 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4122 ընտրող կամ 0.33%

«Մենք» դաշինք - 25 174 ընտրող կամ 2.00%

«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 390 ընտրող կամ 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 862 ընտրող կամ 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 824 ընտրող կամ 8.27%

ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

Ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու դաշինքները մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջնական արձանագրությունը, արդյունքների ամփոփումը և մանդատների նախնական բաշխման որոշումը ԿԸՀ-ն պետք է կայացնի ու հրապարակի դեկտեմբերի 16-ին:

Եթե մանդատների նախնական բաշխման որոշում կայացվել է, ապա ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները 6 օր, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 18.00-ն, ժամանակ ունեն, օրենքով սահմանված կարգով քաղաքական կոալիցիա կազմելու ընտրական արգելապատնեշը հաղթահարած առավելագույնը երկու կուսակցության կամ դաշինքի հետ:

Դեկտեմբերի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական որոշում է ընդունելու Ազգային Ժողով ընտրվելու կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին:

Տես նաև՝