Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սպիտակյան օրագիր
2018-12-10 15:01:41

Սպիտակյան օրագիր

Նրանք չէին հանդիպել 30 տարի։

Եւ Վանաձորից Սպիտակ գնացող ճանապարհին քննարկման թեման մեկն է. ինչպե՞ս կազմակերպել բրիտանացի փրկարարներ Րեջջի Բերրիի, Փոլ Բըրնսի ու Սպիտակի մշակույթի տան տնօրեն Սամվել Մաթոսյանի հանդիպումը։

Րեջջին առաջարկում է Սամվելին հանդիպել շենքից դուրս, Փոլը՝ Մշակույթի տանը։ Քննարկումն ավարտվում է Փոլի «հաղթանակով»։ Որոշում են առանց զգուշացման գնալ Սամվել աշխատավայր։

Բայց տեղի է ունենում այն, ինչ նախատեսված չէր. Սամվելը դուրս է գալիս աշխատավայրից այն ժամանակ, երբ փրկարարներն ուղղում էին իրենց հագուստը, նայում հայելու մեջ վերջին անգամ, իսկ Բի-Բի-Սի-ի լրագրողները՝ պատրաստում ֆոտոխցիկներն ու բարձրախոսները։

Ստացվում է իսկական անակնկալ բոլորի համար...

0:00
0:00

Եւ Րեջջին, Փոլն ու Սամվելը հանդիպեցին։ Իմ կողքին երջանիկ, հուզված ու երջանկությունից արտասվող տղամարդիկ էին, ընկերներ, որ հիշում ու սիրում են իրար մղոնների եւ տարիների հեռավորության վրա, որ կապված են իրենց հիշողություններով։

Դժվար է առանց հուզվելու տեսնել Սամվելին նորից,- արցունքները սրբելով ասում է Րեջջին,- փոխվում է ամեն ինչ, ու կյանքն առաջ է շարժվում, բայց հիշողություններն ապրում են, դրանց հետ ոչինչ չի լինում։

Դեռ մի քանի րոպե փողոցում կանգնած այս երեք տղամարդիկ իրար գրկում էին, համբուրում, արտասվում ու հուզվում։

Հետո, երբ արդեն կրքերը մի փոքր հանգստանում են, նորից քննարկում է սկսվում։

Երկրաշարժի միակ կիսավեր վկան

Րեջջին, Փոլը, Սամվելն ու Գեորգի Շաբադը, ով աշխատել էր Փոլի խմբում, երկար չեն կարողանում որոշել՝ որտեղի՞ց սկսեն իրենց ճանապարհը, ի՞նչ հերթականությամբ այցելեն այն կառույցներն ու այն տեղերը, որտեղ փրկարարական ու որոնողական աշխատանքներ են իրականացրել 30 տարի առաջ։

Որոշում են սկսել վառված մանկապարտեզի շենքից։

Սպիտակի թիվ 1 մանկապարտեզի շենքն այսօր կիսավեր է։ Ոչ մի բան չի հուշում, որ հենց այս տեղում մանկապարտեզ է եղել։ Սպիտակում այս շենքը եզակիներից է, որ ոչ քանդվել է, որ կառուցվել։ Ու այսպես 30 տարի մնում է որպես բնական արհավիրքի վկա։

Փոլը, մանկապարտեզի շենքի թափված քարերին ձեռք տալով, տարածքն ուշադիր զննում է։ Մոտենում եմ. ինքը երկար ժամանակ լռում է, հետո սկսում է խոսել։

«Գիտակցում եմ, որ յուրաքանչյուր կյանք կարեւոր է, բայց երեխաների կորուստն ավելի ծանր է։ Մանկապարտեզի փլատակների վրա աշխատելիս հուզվում էինք, չնայած այդպիսի ճոխություն մեզ թույլ տալ չէինք կարող»։

Մինչեւ հիմա մանկապարտեզի շենքի տարածքում ամեն բան մեռած է, միակ «շնչողը» դիմացում ապրող Համլետ Դիլբարյանի տնակ-վագոնն է։

Մանկապարտեզում աշխատում էին նրա մայրը եւ կինը։ Դեկտեմբերի 7-ին այնտեղ էին նաեւ նրա երկու երեխաները։ Համլետի համար այս կիսավեր շենքը գերեզման է։

Բրիտանացիների «տան» տեղը Սպիտակում

Երկրորդ կարեւոր տեղը, որ կա Սպիտակում բրիտանացի փրկարարների համար, իրենց բնութագրմամբ «ավտոտնակներն են»։ Հենց այստեղ էր տեղակայված բրիտանացիների վրանային կացարան-ճամբարը։

Հասնում ենք ավտոտնակների մոտ ու քննարկումը թեժանում է. ցուրտ եղանակը ոչ ոքի չի խանգարում։ Փոլն ու Րեջջին նկարները ձեռքներին համեմատում են այսօրվա տարածքի հետ ու վիճում՝ ում հիշողությունն է ավելի լավը։

Հետո փորձում են կանգնել ճշգրիտ տեղում։ Ու այստեղ Գեորգին ու Սամվելը դիմում են բնության օգնությանը։

Սարերի լանդշաֆտով մենք ճիշտ տեղում ենք,- նկարները ձեռքներին, հայաքցները լեռներին կանգնած խոսում են Գերոգին ու Սամվելը։

Փոլն ու տեղացիներից մեկը պատկերը փորձում են վերականգնել հողի վրա գծագիր անելով։

Երեք ժամից ավել մենք անցկացրեցինք աշխարհագրորեն նույն տեղում։ Մնացինք այնքան, մինչեւ չգտանք ճշգրիտ անկյունը։ Փրկարարները բավարարված են. պատկերն ամբողջությամբ վերականգնված է 30 տարի անց։

30 տարի առաջ եղածը իրենց կյանքի մի մասն էր։ Ինձ համար սակայն, դրանք ուղղակի պատմություններ էին։ Երկրաշարժի ժամանակ ես դեռ ծնված չէի։

«Կարելի է առաջ շարժվել», - վերջապես որոշում են փրկարարները։

Մարզադաշտը

Ավտոտնակների մոտից թեքվում ենք մի փոքր աջ, քայլում փողոցով մինչեւ վերջ ու հայտնվում մարզադաշտի մոտ։

Անմխիթար ու անտերության մատնված մարզադաշտն ամուր փակված էր դարպասով։ Ստիպված ներս ենք մտնում դարպասի տակից՝ դժվարությամբ։

Հենց այս մարզադաշտում 30 տարի առաջ հանդիպել են Փոլն ու Գեորգին։

Երրորդ օրը մենք սկսեցինք փնտրել կամավորների, որոնք կօգնեին մահացածների մարմինները ճանաչել,- մարզադաշտի ողջ երկարությամբ քայլելով պատմում է Գեորգին,- իսկ Փոլի խմբի անդամները տարածքում կողմնորոշվելու խնդիր ունեին ու նաեւ փնտրում էին մեկին, ով անգլերեն կիմանա։ Դա ես էի։

Մարզադաշտում մնացինք համեմատաբար ավելի քիչ։ Անմխիթար տարածքը ո'չ անցյալում, ո'չ ներկայում երջանիկ հիշողությունների մասին չէր պատմում։

Սա վերջին կանգառն էր, հաջորդն արդեն՝ վերադարձ Երեւան։

 

Չորս օրվա ընթացքում բրիտանացիները վերաճանաչեցին իրենց ծանոթ Սպիտակը, գտան իրենց հիշողություններն այնտեղ, որտեղ թողել էին։

Երեւան-Սպիտակ ճանապարհը զրույցներով ու խոսակցություններով լի էր, վերադարձը՝ Սպիտակ-Երեւանը՝ լուռ։ Զգացմունքները շատ էին, բայց եւ արդեն սկսում էին դառնալ հիշողություններ։ Բոլորը հույսով էին՝ սա ճանապարհ է, որտեղով անպայման անցնելու են կրկին։

Տես նաև՝