ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օրենքին համապատասխան ընտրություններ էին. միջազգային եւ տեղական դիտորդներ
2018-12-10 17:31:57

Կարեն Ղազարյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2018-ի դեկտեմբերի 9-ին անցել են ՀՀ սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին համապատասխան՝ արձանագրում են թե՛ տեղական, թե՛միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները: Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացության, ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում:

Դիտորդական առաքելության պատասխանատուների խոսքով՝ լրատվամիջոցները հավասար լուսաբանել են բոլոր քաղաքական ուժերին՝ հետեւելով խաղի կանոններին:

0:00
0:00
     

Շատ հետաքրքիր ընտրություններ էին՝ ասաց դիտորդական առաքելություն իրականացրած Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ կազմակերպությունից Ադամ Բուսուլեանուն.

«Ես մանրամասների մեջ չեմ մտնի հիմա, բայց այն, ինչ տեսանք բոլորովին տարբեր պատկեր էր, քան տեսել ենք նախորդ ընտրություններում: Մենք դեռ աշխատում ենք վիճակագրական վերլուծության վրա եւ վերջնական արդյունքները կլինեն վաղը, իսկ ամփոփումն՝ ավելի ուշ»,-ասաց եվրոպացի դիտորդը:

«Ականատես» տեղական դիտորդական առաքելությունը, որը հետեւել է ընտրությունների նախապատրաստման, քարոզչության եւ քվեարկության ընթացքին, արձանագրում է՝ ընտրությունները եղել են ազատ եւ մրցակցային, անցել են խաղաղ պայմաններում:

«Կարող ենք ասել, որ դրանք արտահայտում են ժողովրդի կարծիքը: Կարող ենք ասել, որ մենք ունենալու ենք ներկայացուցչական խորհրդարան»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

«Ականատես» դիտորդական առաքելությունը 581 դիտորդով դիտարկել է 300 ընտրական տեղամաս: Ընտրությունների օրը ընթացքին հետեւել են նաեւ շրջիկ դիտորդներից բաղկացած 52 թիմ, որոնք այցելել են ընտրանքից դուրս 503 ընտրատեղամաս հանրապետության ողջ տարածքում:

Գործընթացը հիմնականում համահունչ է եղել օրենքներին. հաղորդվել է 63 էական խախտումների մասին:  «Ընդհանուր առմամբ եւ տոկոսային հարաբերությամբ դրանք բավականին փոքր են»:

Արձանագրված խախտումների մասին. Գենյա Պետրոսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, 107 ահազանգ է ստացվել երեկ: Առանձնացվել հատկապես 63-ը, որոնք. «Դիտորդական առաքելության կողմից առանձնացված են եղել որպես առավել էական խախտումներ»:

«Ականատես»-ն առանձնացրել է 78 խախտումների դեպք, որոնք, ըստ տեղական դիտորդական առաքելության,  հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա:

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամներից Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ արձանագրեց. «Ընտրողների ուղղորդված հոսք դեպի ընտրական տեղամասեր, այդ ինստիտուտը որպես այդպիսին, չի գործել»: 

«Եթե նախկինում մենք ավելի շատ ականատես էինք լինում, գոնե մեծ կուսակցությունների կողմից, քարոզարշավի ֆասադի, երբ կար շատ սիրուն ֆասադ եւ դրա հետեւում կար բացարձակապես այլ մեխանիզմ ձայներ հավաքագրելու, ապա այս անգամ մենք ակնատես ենք լինում, իրոք, քարոզարշավի: Մինգուցե, նաեւ հենց դրանով էր պայմանավորված, որ ավելի ագրեսիվ խոսք կար, որովհետեւ նախկինում, երբեմն, ընդդիմախոսների հասցեին ագրեսիվ խոսքի կարիք չկար, որովհետեւ քարոզարշավ առանձնապես չկար»,- ասում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Առաքելության անդամ կազմակերպություններից «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ շեշտում է, թե չեն արձանագրել այնպիսի համակարգված չարիքներ, որոնք նախկին ընտրություններում լիուլի են արձանագրել.

«Սա ինձ թույլ է տալիս հայտարարել, որ այս ընտրությունների ժամանակ կազմակերպված եւ զանգվածային ընտրակեղծիքներ, քրեական հանցագործության բնույթ ունեցող, այսպես կոչված, միջոցառումներ տեղի չեն ունեցել, ինչը իր հերթին է թույլ տալիս մեզ ասել, որ այս ընտրություններն ընթացել են ոչ միայն մրցակցային մթնոլորտում, այլ նաեւ ազատ կամարտահայտման միջավայրում»:

Ընտրությունները դրական են գնահատում նաեւ ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդները: Մենք, իհարկե, խախտումներ արձանագրել են, սակայն, վերջիններս էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա՝ շեշտում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտարդական խմբի ղեկավար Վիկտոր Գումինսկին: Որպես թերություն նա նշում է, որ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար ընտրությունների կազմակերպում նախատեսված չի եղել:

«Կարճաժամկետ եւ երկարաժամկետ մշտադիտարկման արդյունքում հայտարարում ենք, որ ընտրություննեը տեղի են ունեցել հանգիստ եւ խաղաղ մթոնոլորտում, ՀՀ ԸՕ համաձայն, տեխնիկական սարքերն աշխատել են անխափան»:


ԵԱՀԿ դիտորդական առաքելության դիտորդներ էլ համոզմունք են հայտնում, որ ընտրությունները Հայաստանին բերել են լավ էներգիա, եւ հույս արթնացրել բնակիչների մոտ: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և առաջնորդ Պետեր Օսուսկին 19 տարի առաջ նույնպես դիտորդ է եղել ՀՀ ընտրություններում:

Այս անգամ որպես առավելություն նշեց, որ բացակայել են խախտումները, քվեների առք ու վաճառքը, ճնշումներ տեղի չեն ունեցել, ինչը թույլ է տվել  իրական մրցակցություն: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչի մոտ որոշակի մտահոգություններ է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը:

«Մեր բոլոր դիտորդները նշել են, որ քարոզարշավի ընթացքում եղել է պարզ միջավայր, ծավալվել են բանավեճեր, մրցակիցները հնարավորություն են ունեցել քարոզարշավ անցկացնելու: Այսօրվա ղեկավարությունն արտահայտել է իր քաղաքական կամքը՝ այս ընտրություններն անցկացնելու արդար ու հավասար պայմաններում, չի խրախուսվել քվեների առք ու վաճառքը»:

Խորհրդարանում ընդդիմության բացակայության փաստին վերաբերող հարցին եվրոպացի դիտորդները մեկնաբանություն չեն տվել՝ ասելով, որ դա ժողովրդի ընտրությունն է: