ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես կբաշխվեն մանդատները
2018-12-10 18:37:31

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Վերջնական արդյունքները կհրապարակվեն 7 օր հետո, այս ընթացքում ընտրությունների մասնակից ուժերը բողոքարկման, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու հնարավորություն  ունեն:

Հենց բողոքարկման ժամկետներով պայմանավորված՝ ԿԸՀ նախագահը չի շտապում մանրամասնել, թե քանի պատգամավոր կունենա հաջորդ խորհրդարանն ու ինչպես կբաշխվեն մանդատները:


0:00
0:00

 

Մինչև դեկտեմբերի 9-ը գլխավոր համարվող  հարցը ՝ որ ուժերն են լինլու խորհրդարանում, այսօր արդեն ակտուալ չէ, ինտրիգը հանգուցալուծված է և արդեն հայտնի՝ 7-րդ գումարման ԱԺ-ում  ներկայացված կլինի  3 քաղաքական ուժ:

Ընդ որում՝ եթե «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ ներկայությունը գրեթե չէր վիճարկվում, ապա  հարցը, թե որ ուժերը  կլինի երկրորդ, երրորդ, չորրորդ հորիզոնականներում մինչև վերջ անորոշ էր: ԿԸՀ-ի այսօր հրապարակած տվյալներով՝  ընտրությունների նախնական արդյունքով  Իմ քայլը դաշինքը ստացել է ձայների 70. 44, Բարգավաճ Հայաստանը՝8.2-ը, իսկ Լուսավոր Հայաստանը  6.37 տոկոսը:  

 

Նախկին իշխող ուժը մոտեցավ անցողիկ շեմին,  բայց չհաղաթահարեց այն: Հանրապետական կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 4.7 տոկոսը:

Հիմա արդեն գլխավոր հարցը տեղափոխվել է խորհրդարան՝ որ ուժը որքան մանդատ կստանա և քանի պատգամավորից կկազմվի 7-րդ գումարման Ազգային ժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այս փուլում չի շտապում հստակ պատասխանել այս հարցերին ու հորդորում է հստակ թվերն ակնկալել ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո:   

 

«Պայմանավորված դիմում-բողոքների քննության ժամկետներով, պայմանավորված դրանց բովանդակությամբ՝ հնարավոր է հիմա հրապարակվեն ինչ-ինչ տվյալներ, որոնք հետո չհամապատասխանեն: Դրա համար ձեռնպահ կմնամ ժամանակից շուտ որևէ տվյալ ներկայացնել»:
 

Ու քանի որ Ընտրական օրենսգիրքը ձայների հաշվարկի ու մանդատների բավական բարդ մեխանիզմ է նախատեսում, Տիգրան Մուկուչյանին «Ռադիոլուրը» խնդրեց հնարավորինս պարզ ներկայացնել այն քայլերը, որոնցով հաշվարկվում է, թե քանի մանդատ է բաժին ընկնում խորհրդարան անցած ուժերից  յուրաքանչյուրին: ԿԸՀ նախագահի պարզ պատասխանն այսպիսիսնն էր:

 «Ընտրական օրենսգրքով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են շեմը հաղթահարած ուժերի միջև։ Ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակի, մյուս կեսը՝ տարածքային ընտրական ցուցակների թեկնածուներին։ «Ռեյտինգային» թեկնածուների միջև մանդատները բաշխելու համար կիրառվելու է այլ բանաձև։ Նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը։ Երբ կպարզվի՝ որքան մանդատ է ստանալու յուրաքանչյուր կուսակցություն, դրանից հետո կորոշվեն անձինք, որոնք ստանալու են մանդատները»:

Մինչ  Տիգրան Մուկուչյանը հորդորում է յուրաքնաչյուր ուժի մանդատների սպասել ևս 7 օր, լրատվամիջոցները, վերլուծաբանները ներկայացնում են իրենց հաշվարկները:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Ռադիոլուրի» հետ հաշվարկում է մանդատների քանակը՝ հիշեցումով, որ հաշվարկի հիմքում ընտրությունների նախնական արդյուքներն են:

Խորհրդարան անցած երեք ուժերը միասին ստացել են ձայների մոտավորապես 85 տոկոսը: Ընտրական շեմը չհաղթահարած ուժերի 15 տոկոսը համամասնորեն բաշխվելու է այս ուժերի միջև՝ ասում է Հոկտանյանը:

«Իմ հաշվարկներով ստացվում է 82-83 մանդատ «Իմ քայլը», 10-11՝ Բարգավաճ Հայաստան և  8՝ Լուսավոր Հայաստանը»:

Սա հաշվարկի առաջին փուլն է: Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի կարող խորհրդարանի 2/3-ից ավելին լինել, իսկ փոքարամսնությունը՝ 1/3-ից պակաս: Սա նշանակում է, որ փոքարմասնության տեղերը պետք է ավելացվեն, ինչն էլ իր հերթին ավելացնելու է պատգամավորների ընդհանուր քանակը:

«Որպեսզի փոքրամասնության 1/3-ն ապահովվի, լրացուցիչ 12-13 մանդատ կստանա ԲՀԿ-ն, 10-11 մանդատ՝ «Լուսավոր Հայաստանը»:

Ըստ այս հաշվարկի՝ կկազմվի մոտավորապես այս պատկերը՝ 82 -83 մանդատ կստանա «Իմ քայլը» դաշինքը, դրան կգումարվեն ազգային փոքարմասնությունները 4 տեղերը, արդյուքնում 86-87, ԲՀԿ-ն կունենան 24-25 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 18-19 մանդատ:

Պատգամավորների ընդհանուր քանակը հաջորդ գումարման Ազգային ժողովում կլինի 130-ի շրջակայքում: Այս թվերը հնարավոր է ճշգրտվեն , բայց էականորեն չեն փոփոխվի: Մինաշանակ է մեկ բան՝ հաջորդ խորհրդարանում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն: