ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թեղուտն ունի նոր սեփականատե՞ր
2018-12-11 11:44:12

Թեղուտ գործարանի նախկին աշխատակիցներն աշխատանքի վերադարձի մասին որևէ ծանուցում չեն ստացել: Լուրը «Ռադիոլուրին» հաստատել են և գործարանի նախկին աշխատակիցները, և Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Հենց այս համայնքի վարչական տարածքում է գտնվում գործարանը: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Վալլեքս» ընկերությունից բանավոր փոխանցել են, որ ընկերությունն այլևս Թեղուտի հետ որևէ կապ չունի:

0:00
0:00

Անուշ Ասատրյանն այս տարվա մարտից գործազուրկ է, նա աշխատում էր Թեղուտ գործարանում: Գործարանի փակվելուց հետո հասցրել է մեկնել արտագնա աշխատանքի ու վերադառնալ:

«Հունվարին մեզ ծանուցագրեր են տվել, որ հունվարից ազատված ենք աշխատանքից՝ անորոշ ժամանակով: Մեզ հետ գործարանի վերագործարկման հարցը չի քննարկվել, ուղղակի ասել են, որ մեզ ծանուցագրեր են բաժանվելու, գործարանը վերագործարկվելու է: Բայց այս պահին ոչ մի խոսք չկա ոչ հետ կանչելու, ոչ ծանուցագրերի մասին»:

Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը «Ռադիոլուրին» փոխանցեց.

«Այս պահին չի կարող լինել, քանի որ ժողովրդին հետ չեն կանչել, որևէ պայմանագիր կնքված չկա: Իհարկե, վարչապետը հայտարարեց, որ կա ներդրող, որը պատրաստ է ներդնել և վերագործարկել Թեղուտը, սակայն այս պահին որևէ քայլ չի կատարվել: Շատ հարցեր կան քննարկելու՝ համայնքի հետ, ընդհանուր: Դա մեկ օրում չի կարող լինել»:

Ղումաշյանը հստակեցրեց՝ այս վիճակով գործարանը չի կարող աշխատել, պարզաբանեց՝ բնապահպանական խնդիրներն են շատ.

«Առաջնահերթ բնապահպանություն, պոչամբարի հետ կապված, երկրորդ՝ աշխատատեղերի առաջնահերթությունը տալ Շնող խոշորացված համայնքին՝ (Թեղուտի, Շնողի, Քարկոփի բնակիչներին), մենք ունենք պայմանագիր՝ կնքած նախկին տնօրինության հետ, որում այդ կետերը նշված են: Մեր ցանկությունը այն է, որ ցանկացած ներդրող դառնա այդ պայմանագրի իրավահաջորդը»:

Գործարանը կաշխատի, եթե համայնքի բնակիչները համաձայն լինեն՝ ասաց ու հստակեցրեց.

«Առանց համայնքին հարցնելու, առանց հանրային լսումներին, չեն կարող վերագործարկել»:

Գործարանի նախկին աշխատակից Անուշ Ասատրյանը նույնպես կողմնակից է, որ Թեղուտը վերաբացվի, սակայն կարևորում է նաև բնապահպանական խնդիրները:

Վարչապետի` կոռուպցիայի գծով խորհրդական Արեն Մկրտչյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ ավելի քան չորս ամիս է, ինչ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: Գտել են ռուսաստանաբնակ Նորիկ Պետրոսյանին, VTB բանկի ու ոլորտի մասնագետների հետ քննարկել են խնդիրը:

«Թեղուտի վերագործակման հարցում եկել ենք համաձայնության, կլինեն ներդրումներ, նախնական մեկից մեկուկես ամսվա ընթացքում հանքը կսկսի գործել: Ես պարոն Պետրոսյանի հետ եկել եմ Ալավերդի, խնդրել եմ հանդիպել ալավերդցիների հետ»:

Արեն Մկրտչյանին փոխանցեցինք Շնող համայնքի ղեկավարի մտահոգությունները, ասաց՝ բանակցությունների փուլում են: Ժամկետներ, սակայն, այս պահին դժվար է նշել.

«Այս պահի դրությամբ ես հստակ օր նշել չեմ կարող: Սակայն, կարող եմ փաստել, որ հանգուցալուծմանը շատ մոտ ենք»:

«Ռադիոլուրի» գրավոր հարցմանն ի պատասխան Վալլեքս ընկերությունից բանավոր փոխանցեցին, որ իրենք այլևս Թեղուտի հետ կապ չունեն, այս հարցով իրենց չդիմենք: VTB-ից էլ կրկին գրավոր հարցմանն ի պատասխան բանավոր արձագանքեցին՝ այս պահին այդ թեմային չեն ցանկանում անդրադառնալ: