ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է այցելել Հայաստան
2018-10-05 11:14:06

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, որը 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը` հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, մասնավորապես, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Արմեն Սարգսյանը և Հենրի Քիսինջերը վաղեմի բարեկամներ են: Հայաստանի նախագահը և ԱՄՆ նախկին պետքարտուղարը մշտապես օգտագործում են հանդիպումների առիթները՝ քննարկելու միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային տարբեր խնդիրներ՝ դրանց անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում:

Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։

Հենրի Քիսինջերը 1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Վիետնամում պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման մասին Փարիզի համաձայնագիրը կնքելու ջանքերի համար: