ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-12 09:52:17
  • «Ժողովուրդ». Հայտնի և անհայտ անուններ
  • «Փաստ». Սերժ Սարգսյանին փոխարինելու հարց կդրվի՞
  • «Հայոց Աշխարհ». Ունենալու ենք, ամորֆ, գաղափարազուրկ և ապաքաղաքական խորհրդարան:
  • «Ժամանակ». Նոր իշխանությունը պետք է սկսի հենց իրենից՝ բյուրոկրատական իշխանական ապարատը կրճատելով

Հայտնի և անհայտ անուններ

Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, ըստ այդմ՝ դեռեւս չի կազմավորվել օրենսդիր ու գործադիր իշխանությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում սպասվելիք կառավարության կառուցվածքային փոփոխություններից:

Մասնավորապես, քննարկվում է առաջիկայում ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության, նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միացնելու հնարավորությունը: Իսկ նորաստեղծ այդ նախարարությունը ղեկավարելու է ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարությունների թվի կրճատման մասին, ինչպես թերթն է հիշեցնում, նոյեմբերի 20-ի իր ասուլիսում խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ապագա ղեկավար կազմը կունենա հետեւյալ տեսքը՝ խորհրդարանի խոսնակ է դառնալու Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներ կլինեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ թե ո՞վ կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, դեռ վերջնական որոշված չէ:

Սերժ Սարգսյանին փոխարինելու հարց կդրվի՞

«Փաստ» օրաթերի տեղեկություններով ՀՀԿ-ում կարծիքների լուրջ բախում է եղել ընտրությունների արդյունքներն ընդունել–չընդունելու հետ կապված: Իհարկե, ՀՀԿ–ականները չեն բողոքարկի: Սակայն մի քանի հանրապետականներ պնդել են, որ անհրաժեշտ է բողոքարկել արդյունքները:

Բացի այն, որ նրանք որոշակի կասկածներ ունեն, միևնույն ժամանակ նրանց համոզմամբ՝ դրանով մի քանի խնդիր կլուծեն հատկապես «խոտորնակին խոտորնակ» սկզբունքով. առաջին հերթին՝ ինչպես Փաշինյանն էր իրենց հետ վարվում, այնպես էլ իրենք կվարվեն:

Սակայն մեծ մասն աննպատակահարմար է գտել այս փուլում իրավիճակը սրել՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ բարդ է լինելու որոշակի փաստեր ներկայացնել, որոնք փոքրիշատե համոզիչ լինեն:

Թերթը մեջբերել է Դավիթ Հարությունյանի խոսքը՝ «տեղեկատվությունը բավարար ծավալ չի կազմում, որ իմաստալից դարձնի բողոքարկումը»: Մյուս կողմից, ՀՀԿ–ի թերթի աղբյուրները պնդում են, որ մի շարք հանրապետականներ խուլ դժգոհություն ունեն Սերժ Սարգսյանից, ով, նրանց համոզմամբ, փաստացի տապալեց կուսակցությունը՝ ապրիլին առաջադրվելով որպես ՀՀ վարչապետ, այս ընտրություններին էլ ցուցակի մեջ միանձնյա որոշմամբ ընդգրկելով Դավիթ Շահնազարյանին ու Արտաշես Գեղամյանին, ավելին՝ նրանց ակտիվորեն ներգրավելով քարոզարշավի մեջ: Այնպես որ, ըստ «Փաստ» օրաթերթի, չի բացառվում, որ առաջիկայում իսկապես դրվի կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը:

Ունենալու ենք, ամորֆ, գաղափարազուրկ և ապաքաղաքական խորհրդարան. Նարինե Մկրտչյան

«Հայոց Աշխարհ»-ը հարցազրույց է հրապարակել Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ:

Խոսելով նոր խորհրդարանի ձեւավորման մասին, նա ասել է, որ միակուսակցականության վտանգ կա: Ինչպես ցույց տվեց ընտրարշավը՝ ԱԺ անցած ուժերը քաղաքականապես ամորֆ են եւ անծրագիր: Կուսակցությունները ընտրարշավի ընթացքում չներկայացրին լուրջ քաղաքական ծրագրեր եւ Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, ինչը խիստ անհանգստացնող է:

«Այս փաստը հիմք է տալիս պնդելու, որ նոր խորհրդարանում լուրջ եւ կարեւոր հարցերի շուրջ ընդդիմություն չի լինի: Իրենք իրենց էլ ընդդիմություն չեն համարում, լավագույն դեպքում այլընտրանք, նման պայմաններում չեմ կարծում, որ խորհրդարանում լուրջ քաղաքական բանավեճեր, քննարկումներ կլինեն, եւ որ այդ խորհրդարանը կկարողանա լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները», -նշել է Նարինե Մկրտչյանը:

Թերթը հետաքրքրվել է, թե քաղաքական ուժերը, որոնք չանցան խորհրդարան եւ մտադիր են շարունակել իրենց գործունեությունը որպես արտախորհրդարանական կուսակցություններ, կարո՞ղ են հակակշիռ ձեւավորել ու լրացնել «ամորֆ խորհրդարանում» ընդդիմության պակասը։ Ն. Մկրտչյանը պատասխանել է.

«Ոչ միայն խորհրդարան չանցած կուսակցությունները պետք է ձեւավորեն քաղաքական հակակշիռ, այլեւ նախեւառաջ այն քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական գործիչները, որոնք չեն մասնակցել ընտրություններին: Այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող, առաջադեմ գործիչները կարող են եւ պետք է համախմբվեն այդ հարցում: Նրանց բոլորի գործն է նպաստել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը Հայաստանում՝ ապահովելու ժողովրդավարական հաստատությունների կենսունակությունը եւ հակակշիռ լինելու միադեմ իշխանությանը»:

Նոր իշխանությունը պետք է սկսի հենց իրենից՝ բյուրոկրատական իշխանական ապարատը կրճատելով. Անուշ Սեդրակյան

«ժամանակ» թերթում քաղաքական գործընթացները մեկնաբանել է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը: Նա ցավով նկատել է, որ «Իմ քայլը» դաշինքի շուրջ գնալով շատանում է այն մարդկանց թիվը, ովքեր միշտ պաշտպանում են իշխանությանը, պաշտպանում են նրանց, ովքեր իշխանության գլուխ են:

«Իսկ այդ մարդիկ պոտենցիալ դավաճաններ են, որովհետև նրանք ո՛չ գաղափարական, ո՛չ անձնական հավատարմություն չունեն, նրանք հավատարին են ուժին և իշխանությանը, և դա շատ մեծ վտանգ է առաջին հերթին իշխանության համար»:

Կարծո՞ւմ եք, որ արագ «կմաշվի» հանրային վստահությունը հարցին՝ քաղաքագետը պատասխանել է.

«Եթե ռեֆորմներ չկատարվեն, և եթե ռեֆորմները ժողովրդին հասկանալի ու հարազատ չլինեն, իհարկե: Դրա համար հուշում եմ առաջին քայլը պոպուլյար և ընդունելի լինելու համար պետք է ռեֆորմը սկսել հենց իշխանության ներսից՝ կրճատելով, մաքրելով և արդյունավետությունը բարձրացնելով: Եթե այդ ապարատը կրճատվի, հետագայում կգան արդեն մյուս խնդիրների լուծումները»: