ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպե՞ս ապրել մի ողջ կյանք թիթեղյա տնակում
2018-12-12 11:13:01

Արմինե Գևորգյան

«Ռադիոլուր»

30 տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները դեռ ակնառու են, բայց պետք է 1-2 տարվա մեջ փակվի այս հարցը` «Ռադիոլուրին» ասել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նոյեմբերին կառավարության հատուկ որոշմամբ 460 մլն դրամ է հատկացվել երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած շուրջ 450 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։ Սպիտակի տնակային պայմաններում ապրողների հետ զրուցել է մեր թղթակիցը:

0:00
0:00

Սպիտակ քաղաքի բնակիչ 68- ամյա Անահիտ Ասատրյանը հերթով թվարկում է այն հիվանդությունների ցանկը, որը ձեռք է բերել 30 տարիների ընթացքում:

«Վեց հիվանդություն ունեմ թոքերս, սիրտս, ողնաշարս ու այս ամենը վագոն տնակի շնորհիվ»,- ասում է Անահիտը.

Անահիտի ընտանիքը մեկն է այն 420 ընտանիքներից, որ ապրում են տնակային պայմաններում:

Այս տնակները կառուցվել են երկրաշարժից հետո իտալացիների, գերմանացիների կողմից ու նրանց անունով էլ կոչվել են թաղամասերը: Սակայն այդ ժամանակ տնակները կառուցվել են հինգ տարի ժամկետով։ Այդ հինգ տարիները ձգվեցին արդեն 30 տարի։

Աղետի գոտի արտահայտությունը այստեղ դեռ շարունակում է մնալ արդիական, քաղաքի տարբեր անկյուններում տեղակայված վագոն տնակները հիշեցնում են անցյալի մասին:

Այս տնակների ներսում չկան կոմունալ պայմաններ։ Լվացվում են և լոգանք ընդունում տնակից դուրս: Բայց ձմռան ամիսներին ուղղակի անտանելի է դառնում այդ ամենը: Տիկին Անահիտն ասում է, որ ցրտի դեմը մի կերպ կարողանում են պայքարել, սակայն առնետների դեմ դժվարանում են: Քնում են մի աչքը բաց, մեկը՝ փակ։

«Փոշեկուլի ձողը ամբողջ գիշեր վերցրած պատը թխկացնում եմ ,որ երեխեքին կռիսներն ու մկները ձեռք չտան: Ոնց որ էստրադա նվագենք»,- Անահիտի հետ մեր զրույցին միանում են նաև հարևանները ու մեկը մյուսին հերթ չտալով պատմում, թե ինչպես են պայքարում կրծողների դեմ ։

Գերմանական թաղամասը Սպիտակ քաղաքից 4 կմ հեռավորության վրա է։ Թաղամասում չկա խանութ, դպրոց, մանկապարտեզ։ Գերմանական թաղամասից քայլերս ուղղում եմ դեպի մեծ բարերար Քրք Քրքորյանի անունը կրող թաղամաս: Այստեղով անցնելու համար պետք է համապատասխան երկարաճիտ կոշիկներ հագնել, այլապես ամբողջությամբ կկորես ցեղի ու կեղտի մեջ։ Բնակիչներն ասում են՝ ժամանակին մեծ գումարներ են ուղղվել այս փողոցը բարեկարգելու համար, սակայն բարեկարգման հետք այստեղ չի երևում:

Քաղաքի կարգավիճակ ունեցող Սպիտակը կոչուղի չունի՝ իրավիճակի անհեթեթությունն են ներկայացնում բնակիչները:

Նոյեմբերին կառավարության հատուկ որոշմամբ 460 մլն դրամ է հատկացվել երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած շուրջ 450 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշում է, որ գարնանը արդեն «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի հետ համատեղ աշխատանքները կսկսեն։