ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լուկաշենկոյի ինտրիգային խոսքերը՝ թոփ թեմա
2018-12-14 18:12:50

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ուշագրավ հայտարարություններ է արել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Մինսկում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել էլ, որ դեկտեմբերի 6-ին Սանտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանի վարչապետից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար:

Լուկաշենկոն միաժամանակ մանրամասնել է, թե այդ օրը ներկաներից շատերն են մեկը մյուսից ներողություն խնդրել: Բելառուսական «Բելտա» գործակալության փոխանցմամբ, Բելառուսի նախագահը քաղաքական է որակել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի կալանավորումը։

Լուկաշենկոյի խոսքով, Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իր համար «անընդունելի է քաղաքակական դրդապատճառներով կալանավորումը»։

Լուկաշենկոյի խոսքով՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ: Բելառուսի նախագահն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնում է երիտասարդ և պրոֆեսիոնալ, ոչ թե թոշակային տարիք ունեցող գեներալի։

«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (նկատի ունի Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին): Խելացի տղա է, ունի մեծ փորձ ու կատարած աշխատանք: Նա պետքարտուղար է և նրան գիտեն բոլոր նախագահները», - ասել է Լուկաշենկոն՝ հայտարարելով, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է զիջեն մյուս անդամ երկրներին, քանի որ «հենց նրանք են ՀԱՊԿ-ին ներքաշել իրենց ներքաղաքական խնդիրների մեջ»:

Լուկաշենկոն նաև առաջարկել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր առաջադրած թեկնածուն՝ Զասը, այցելի կազմակերպության անդամ բոլոր երկրներ, այդ թվում՝ Հայաստան: «Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց պետք է խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից, չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն: