ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական եւ ադրբեջանական ռազմական բալանսը խախտված է. ռազմական փորձագետ
2018-12-14 18:36:02

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ հայկական եւ ադրբեջանական ռազմական բալանսը խախտվել է, գրեթե, անվերադարձ:

Ընդ որում, ըստ նրա, այդ բալանսը խախտվել է ոչ միայն սպառազինության, այլ նաեւ՝ պատրաստված եւ որակյալ կադրերի առումով: Նա զարմացած է, որ խորհրդային տարիներից կադրային փորձառու սպաների ներուժն է անտեսվում:

Ըստ փորձագետի՝ այդ բալանսի վրա ազդելու են նաեւ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ռազմական փորձագետի դիտարկումների եւ հայտնած կարծիքների հետ կապված «Ռադիոլուր»-ը փորձել է պարզաբանումներ ստանալ նաեւ ՀՀ ՊՆ-ից:     

0:00
0:00


Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքով հայկական եւ ադրբեջանական ռազմական բալանսը խախտվել է, գրեթե, անվերադարձ: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ այդ զինատեսակը Ադրբեջանին մատակարարելու խնդրում կարեւոր դերակատարություն է ունեցել Ստանիսլավ Զասը, որը ռազմական կրթություն է ստացել Բաքվում, հայտնի է իր ադրբեջանամետությամբ:

Հիմա առաջ է քաշվում վերջինիս՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը, ինչը, ռազմական փորձագետի գնահատմամբ, Հայաստանին, առնվազն, ոչ մի լավ բան չի խոստանում:

Ի դեպ, այսօրվա մամուլի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը «Պոլոնեզ» գնելու առաջարկ է արել նաեւ Հայաստանին, այդ առաջարկը, սակայն, մերժվել է:

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական ռազմական բալանսը խախտվել է ոչ միայն զինատեսակների, այլ նաեւ՝ պատրաստված եւ որակյալ կադրերի առումով:

Նա նկատի ուներ բանակից այնպիսի կադրային սպաներին հեռու պահելը, ինչպիսիք են, օրինակ, Յուրի Խաշատուրովն ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ռազմական փորձագետը նկատում է, որ փոխվել է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների որակը: Ըստ նրա՝ Ռուսաստանում չկա վստահություն եւ ռազմավարական գործընկերության այսօրվա մակարդակը չի կարող երաշխավորել, որպեսզի, անհրաշեշտության դեպքում, այդ ռազմական բալանսը վերականգնվի՝ ի հաշիվ ռազմավարական գործընկերության:

Ռազմական բալանսի վերականգնման անհրաժեշտության մասին խոսել են նաեւ Հայաստանի նոր իշխանությունները: Երեկ էլ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման մասին, հայտարարեց.

«Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել ռազմաարդյունաբերական համալիրում: Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաեւ՝ Հայաստանում ինժեներական եւ տեխնիկական-գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը, իհարկե, առաջիկա ամենակարեւոր անելիքների մեջ է: Հաջորդ առանցքային խնդիրը ԶՈՒ մարտունակության բարձրացման հարցն է: Սրա մասին մենք խոսել ենք նաեւ նախընտրական շրջանում եւ ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք ԶՈՒ զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար եւ այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է լինի նաեւ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված»:   


Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ եթե նման գումարներ իրապես ներդրվեն ԶՈՒ-ի եւ ռազմաարդյունաբերության զարգացման համար, ապա՝ հայ-ադրբեջանական ռազմական խախտված բալանսում ինչ-որ բան կփոխվի:

«Եթե ճիշտ օգտագործեն, ճիշտ ոլորտում ներդնեն՝ սպառազինությունը արդիականացնելու մեջ. 340 հազար դոլարով ստանան այն, ինչ-որ ավելին, քան 2 մլն դոլարով կարելի է ձեռք բերել, իհարկե, 100-ի վրա կարող են այդ բալանսը հավասարեցնել: Եթե, իհարկե, դա անեն»:

Բայց դե՝ ասելը մի բան է, անելը՝ մեկ այլ, եզրափակեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Ռազմական փորձագետի դիտարկումների եւ հայտնած կարծիքների հետ կապված, ինչպես նաեւ՝ «Պոլոնեզ» գնելու առաջարկը մերժելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարության մասին պարզաբանումներ մենք փորձեցինք ստանալ նաեւ ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանական գերատեսչությունից պատրաստակամություն հայտնեցին բոլոր այդ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալ, սակայն գործնականում դա հնարավոր է միայն հաջորդ աշխատանքային շաբաթ՝ պայմանավորված իրավասու պաշտոնյաների տարեվերջյան ծանրաբեռնվածությամբ: