ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞ւր են տանում «հայկական մաֆիայի» հետքերը
2018-12-14 19:26:16

Լիանա Եղիզարյան
«Ռադիոլուր»

Իրականում ի՞նչ հանցանքի մեջ են մեղադրվում Գերմանիայում գործող հայկական հանցավոր խմբերը, որոնց այդ երկրի որոշ լրատվամիջոցներ մաֆիա են անվանում:

Որտեղի՞ց են սկսվում եւ ո՞ւր են տանում ենթադրյալ «մաֆիայի» հետքերը՝ «Ռադիոլուրի» հետաքննության շարունակությունը: 

0:00
0:00


Ինչի մեջ են մեղադրում հայկական հանցավոր խմբերին։

Հայկական մաֆիան զբաղվում է ոչ միայն փողերի լվացմամբ: Նաեւ թմրանյութերով ու կեղծ փողերով:

«Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց հայտնի ու հրապարակման ենթակա այս տեղեկություններով է կիսվում գերմանական հանրահայտ «Շպիգել» պարբերականի թղթակիցը։ Նա Գերմանիայում գործող ենթադրյալ հայկական մաֆիայի մասին հրապարակումների համահեղինակն է: Մայկ Բաումգերթները շարունակում է հղում կատարել իրենց տեղեկությունների վրա, որոնց հիմքում մասամբ նաեւ պաշտոնական տեղեկատվությունն է: «Հայկական մաֆիայի» հետքերը ենթադրաբար գերմանական Էրֆուրթ քաղաք են տանում: Կամ սկսվում այնտեղից:

«Ոստիկանությունը 35 կիլոգրամ մարիխուանա է հայտնաբերել երկու հայի մոտ»: «Ոստիկանությունը 124 հազար կեղծ եվրո է հայտնաբերել մեքենայում, որտեղ եղել են մեկ հայ, մեկ ռումինացի ու երկու իտալացի»:

Այս դեպքերի մասին ոստիկանության փաստերը փոխանցելիս՝ պարբերականը նկատում է՝ դեպքերի մեծ մասը Էրֆուրթում են կատարվել: Նույն քաղաքում էր նաեւ 2014-ի հայտնի փոխհրաձգությունը հանցավոր խմբերի միջեւ, որի մասին մինչ օրս գերմանական մամուլը չի մոռանում: Հայկական մաֆիայի մասին լուրերը հենց այս միջադեպից են սկիզբ առնում: Ուստի պատահական չէ, որ հայերի մասնակցությամբ ամեն հանցագործության տակ փնտրվում են Էրֆուրթ տանող հետքեր, նշված հրաձգության մասնակիցների հետ ուղղակի կամ անուղղակի կապեր: Ի դեպ, գերմանաբնակ աշխարհահռչակ հայ մարզիկների կապը կասկածելի անձանց հետ վերագրվում է կրկին Էրֆուրթի մի ռեստորանում ունեցած հանդիպմանը: Ընդ որում՝ եթե կազմակերպված հանցավորության մի մասով գործակցությունը ռուս-եվրասիական քրեական խմբերի հետ է, մյուսը՝ օրինակ կեղծ փողերի մասով՝ իտալական մաֆիայի:

«Հայկական ու իտալական մաֆիաները համագործակցում են: Այս ենթադրությունը կա դեռ վաղուց, բայց այժմ լուրջ հիմքեր կան, որ սրանք պարզապես անորոշ կասկած չեն»:

Մեջբերումը կրկին Շպիգելից Բաումգերթների կատարած հղումից էր: Այս պնդմանը զուգահեռ, սակայն, աղմկահարույց նյութերի հեղինակները վերջին տողերում խոստովանում են՝ թեեւ կապեր են փնտրվում այս հանցագործությունների ու դրանց հեղինակների միջեւ, բայց ապացույցներ դեռ չկան: Ուստի հանցագործության առանձին դեպքերը փոխկապակցված դիտարկելն ու աղմկոտ վերնագրերի ներքո կազմակերպված հանցավորություն անվանելը շարունակում է ենթադրությունների շարքից լինել: Հայկական մաֆիայի գոյությունը փաստարկվա՞ծ է արդյոք հստակ տվյալներով. «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Գերմանիայի քրեական գործերի դաշնային ծառայության լրատվական բաժնից Բարբարա Հյուբների տրամադրած փաստաթուղթը հետեւյալն է փաստում:

«
Գերմանիայում կազմակերպված հանցավորության վիճակի մասին 2016-2017թ.թ. զեկույցում հայերի կողմից հանցագործությունները դիտարկված են առանձին բաժնում՝ ռուսական եւ եվրասիական «ծագմամբ» դեպքերի թվում: Այս խմբերի կողմից կազմակերպված հանցավորության դեմ դատական գործերը 2017-ին նվազել են՝ 2016-ի 35-ից իջնելով 29-ի: Ռուսական խմբերի դեմ գործերն այս ցանկում ամենաշատն են՝ 9-10, հաջորդում են գերմանական խմբերը՝ 7-ական: Հայկական հանցավոր խմբավորումների դեմ 2016-ին եւ 2017-ին 3-ական դատական ընթացակարգ է ընթացել»:

Վկայակոչված զեկույցը փաստում է՝ հայերի կողմից կազմակերպված հանցավորության դեպքերն առանձնապես բարձր չեն ու նախորդ երկու տարում չեն աճել: Վերադառնալով ռուսական եւ եվրասիական հանցավոր խմբերին՝ առանձնացնենք մի հանգամանք: Նախորդ 2 տարում գրանցվել է փողերի լվացման ընդամենը մեկ դեպք: Սա ուշագրավ է այն առումով, որ, կրկին ըստ գերմանական լրատվամիջոցների, հայկական հանցավոր խմբերը ներգրավված են հատկապես փողերի լվացման մեջ: Կրկին մեջբերենք Spiegel-ի հրապարակումից:

«Գերմանիայում հայկական մաֆիա գոյություն ունի: Ենթադրվող մաֆիայի գործով արդեն 14 գործ է հարուցվել, 42 անձի դեմ ֆինանսական հետաքննություն է անցկացվել, այդ թվում՝ միլիոնների հասնող փողերի լվացման մեղադրանքով»:

Բայց, պաշտոնական զեկույցի համաձայն, փաստացի արձանագրվել է փողերի լվացման մեկ դեպք, այն էլ չի նշվում՝ որ ազգության կողմից: Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2017-ին Գերմանիայում գրանցվել է փողերի լվացման կազմակերպված հանցավորության 9-ը, 2016-ին՝ 8 դեպք: Աննշան աճ, ու դեպքերի գերակշիռ մասը՝ գերմանացիների կողմից: Չի բացառվում, որ հանցագործություններում ներգրավված լինեն նաեւ Գերմանիայի քաղաքացիությամբ հայեր, բայց այս մասին եւս ոչ մի հիշատակում չկա քրեական գործերի դաշնային ծառայության պաշտոնական տեղեկագրում:

Զեկույցում ուշագրավ շատ այլ մանրամասներ էլ կան: Օրինակ՝

«Ռուս-եվրասիական հանցավոր խմբավորումները բնութագրվում են ռուսական ընդհանուր լեզվամտածողությամբ: Դրանք առաջնորդվում են մի շարք գաղափարներով, օրինակ՝ «օրենքով գողեր» անվանվող քրեական հեղինակություններ, այսպես կոչված «օբշակ»: «Օբշակն» ունի հստակ հիերարխիկ կառուցվածք եւ թե՛ ներսից, թե՛ դրսից խիստ մեկուսացված կազմակերպություն է»:

Զեկույցում այբբենական կարգով առանձնացված են բոլոր ազգություններին առնչվող տեղեկությունները: Մի քանի տասնյակ երկրների ցուցանիշերի մեջ տարբեր հանցագործություններով ոչ միայն աչքի չընկնող, այլեւ համեմատաբար ցածր դիրքերում գտնվող մեր երկրի մասին որեւէ  հատուկ նշում չկա ու մյուս մաֆիաների կողքին հայկական մաֆիայի գոյության մասին ոչինչ չի ասվում: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Բացառված չէ, որ ենթադրությունները փաստեր դառնան: Բայց փաստերի մասին փաստեր դեռ չկան: