ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են հուշում շնորհավորանքները
2018-12-15 14:20:04

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ:  Շնորհավորանքներ հիմնականում ստացվել են արեւմտյան երկրներից:

0:00
0:00

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը չի բացառում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններում վստահության քվե ստանալու կապակցությամբ ՌԴ կողմից շնորհավորանքի ուշացումը կամ բացակայությունը քաղաքական ու դիվանագիտական շերտեր են պարունակում:

Սակայն փաստը ներկայացնել եւ դիտարկել՝ որպես  երկուստեք հարաբերություններում առկա տարաձայնություններ, քաղաքագետը անհիմն է համարում։

Փաշինյան-Պուտին հարաբերություններում կա փոխըմբռնում՝ նկատում էՆարեկ Մինասյանը եւ չի բացառում, որ 16-ին է նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի երկրի վարչապետին:  

«Ըստ էության՝ շատ կենտրոնանալ անձամբ Պուտինը շնորհավորեց, թե՝ չէ, կարծում եմ պետք չէ: Ունենք ռուսական կողմից պաշտոնական արձագանք, որը շատ կարեւոր է, ու պարունակում է դրական մեսիջներ: Մասնավորապես, որ ռուսական կողմը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր կառավարության հետ»:

Պաշտոնական Մոսկվայից բացի հապաղում է նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս գործընկեր պետությունների շնորհավորանքը։ Ռուսաստանը Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է ընդամենը ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մակարդակով։

Վերջին ճեպազրույցում նշել է, որ ռուսական կողմը կառուցողական երկխոսության է տրամադրված Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։

«Մենք ունենք մեծ ներուժ երկուստեք հարաբերությունների զարգացման համար, եւ ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներից հետո, ռուսական կողմը տրամադրված է կառուցողական երկխոսության՝ պահպանելով առկա դինամիկան»:

Նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի նախագահը, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ երկրները առանց վերջնական արդյունքների հրապարակման շատ արագ շնորհավորեցին Սերժ Սարգսյանին, ի տարբերություն Արեւմուտքի:

Իսկ արդեն 2018 թվականի արտահերթ ընտրություններից հետո՝ շնորհավորական  եւ հետագա համագործակցության կոչով ուղերձներ փոխանցվեցին արեւմտյան երկրներից եւ կառույցներից:

Վերջին տասնամյակներում առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ համապետական ընտրություն, որի վերաբերյալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի գնահատականները համահունչ էին: Այն է, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները աննախադեպ էին իրենց ազատությամբ և թափանցիկությամբ։

Նախորդ բոլոր ընտրություններից հետո ՌԴ-ն եւ ԱՊՀ դիտոդական առաքելությունը հայտարարում էին, որ տեղի են ունեցել ազատ եւ թափանցիկ ընտրություններ, ինչի առիթով շնորհավորում էին Հայաստանին, իսկ Եվրոպական դիտորդական խմբերը շնորհավորում էին՝ վերապահումներով: