ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեկտեմբերի 21-ը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման վերջնաժամկետ
2018-12-17 09:48:40

Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից յոթ օր հետո, դեկտեմբերի 16-ին, ԿԸՀ-ն որոշում է ընդունել քվեարկության արդյունքների վերաբերյալ: ԿԸՀ-ն իր արտահերթ նիստում ներկայացրել է ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը։

«Իմ քայլը» դաշինքը ստացել է 84 մանդատ, որին գումարվել է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը: Այսինքն՝ ընտրողների քվեների 70.42%-ը ստացած քաղաքական ուժը կունենա 88 մանդատ, որից 42-ը համապետական ընտրակարգով առաջադրված, ևս 42-ը՝ տարածքային ցուցակներով:

Ընտրական օրենսգրքի համաձայն խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին տրվել են լրացուցիչ մանդատներ, որպեսզի ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը լինի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։

Ընտրողների քվեների 8.26%-ը ստացած «Բարգավաճ Հայաստան» -ը կունանա 26 մանդատ . կուսակցության 10 մանդատին գումարվել է լրացուցիչ16-ը, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։

«Լուսավոր Հայաստան» -ը, որի օգտին քվեարկել էր ընտրողների 6.37%-ը, կստանա 18 մանդատ. կուսակցության 7 մանդատին գումարվել է լրացուցիչ 11 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված, 9՝ տարածքային։

Մինչև դեկտեմբերի 21-ը, քաղաքական ուժերը կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները: Բողոքարկման ժամկետի ավարտին կհաջորդի ինքնաբացարկների համար նախատեսված ժամկետը։ Դրանից հետո ԿԸՀ-ն մանդատները հանձնելու մասին որոշումը կընդունի և կհայտարարի 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի օրը:

Հենց առաջին նիստում, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, պատգամավորները կընտրեն ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կձևավորվեն հանձնաժողովները: Հնարավոր է, որ ավելանա հանձնաժողովների թիվը՝ եղած 9-ի փոխարեն՝ 12: Խմբակցությունների առաջարկով կընտրվեն նաև հանձնաժողովների նախագահներ ու փոխնախագահներ:

Այս անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրի, քանի որ նորընտիր խորհրդարանի պարագայում, օրենքի համաձայն, հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում կկազմավորվի կառավարություն, իսկ դրան հաջորդող 20 օրյա ժամկետում նոր կառավարությունը կներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Այն խորհրդարան ներկայացվելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱԺ նախագահը կհայտարարի հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Կառավարության ծրագրի հաստատումից հետո ԱԺ առաջին նստաշրջանը կհամարվի ավարտված:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացան ԱԺ արտահերթ ընտրություններ, որի արդյունքում ընտրապայքարի դուրս եկած քաղաքական 11 ուժերից խորհրդարան անցան 3 -ը՝«Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը»-ը։

Տես նաև՝