ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շաբադներ՝ երեք սերունդ
2018-12-17 14:11:08

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Երկու հայր, երկու որդի, երեք սերունդ. Շաբադների ընտանիքի անդամներից երկուսի անունը՝ Անատոլիի ու Գեորգիի, հայտնի են Հայաստանում: Անատոլի Շաբադը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանում էր անընդհատ այստեղ, որդին՝ երկրաշարժի օրերին: Հիմա արդեն Հայաստանում են բոլոր Շաբադները՝պապից թոռ։

0:00
0:00

Հայր-որդի-թոռ Շաբադներն առաջին անգամ են միաժամանակ Հայաստանում: Թե՛ ամենատարիքով Շաբադը՝ Անատոլին, թե՛ ամենակրտսերը՝ Գասպարը, եկել են Գեորգի Շաբադի առաջարկով: Մեկը չի մերժել հորը, մյուսը՝ որդուն:

Գասպարն առաջին անգամ է Հայաստանում: Ասում է՝ մի քանի ամիս իրենց տանը խոսակցություններ էին, որ հայրը Սպիտակի երկրաշարժի նախօրեին պիտի գա Հայաստան: Բայց հորը միանալու առաջարկ Գասպարը երկար ժամանակ չէր ստանում:

Գասպարի հայրն ու Անատոլիի որդին, Հայաստան գալու առաջարկ նախ անում է հորը, ապա՝ որդուն:

«Ու նա ինձ էլ առաջարկեց գալ Հայաստան: Մենք հայկական արմատներ ունենք ու ես իհարկե, առաջարկը չմերժեցի: Մտածեցի կգամ, կտեսնեմ Հայաստանը ու միաժամանակ կիմանամ որտե՞ղ և ինչո՞վ էր զբաղված հայրս 30 տարի առաջ: Իհարկե, ամեն ինչն այսօր կարելի է տեսնել ու իմանալ համացանցից, բայց դա իսկապես հասկանալի է դառնում միայն այն ժամանակ, երբ ինքդ ես տեսնում»:

Մոտենում եմ Գեորգիի հետ խոսելու, իսկ նա խնդրում է նախ խոսել հոր հետ, գուցե էլ երբեք Անատոլի Շաբադի հետ խոսելու հնարավորություն չընձեռնվի։

Ամենաավագ Շաբադը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր: Երբ տղան 19 տարեկանում որոշում է գալ Հայաստան ու մասնակցել երկրաշարժից տուժածներին օգնելու փրկարարական աշխատանքներին, ինքը որդու որոշմանը դեմ չի լինում: Ավելին՝ ճանապարհում է որդուն իր իսկ երկարաճիտ կոշիկներով:

Հարցնում եմ՝ ի՞նչ եք զգում այս հողի հանդեպ:

«Շատ դժվար հարց է: Ես մեծացել եմ Մոսկվայում, միայն կիսով եմ հայ, որդիս ու թոռներս ավելի քիչ հայկական արյուն ունեն, բայց այն միտքը, որ ես իմ մեջ հայկական արյուն եմ կրում, հետաքրքրություն է առաջանում Հայաստանի հետ կապ ունեցող իրադարձությունների, հայկական մշակույթի ու պատմության հանդեպ: Ասել, որ ես ինձ մշտապես հայ եմ զգում, այդպես չէ, բայց ես անտարբեր չեմ Հայաստանի հանդեպ»:

Գեորգին ամենաշատն էր այս անգամ անհանգստանում: Հենց ինքն էր, որ 30 տարի առաջ եկավ Հայաստան ու երկու շաբաթ սկսեց մասնակցել Սպիտակի փրկարարական աշխատանքներին:

Ասում է՝ իր համար Հայաստանը վայր է, որտեղ անընդհատ վերադառնալ է ուզում: Նույն հարցը, թե ի՞նչ է իր համար Հայաստանը, սկսում է պատասխանել այնպես, ինչպես հայրը՝ դժվար հարց է:

Սիրում է Հայաստանը ու դրա «մեղավորը» միայն Սպիտակը չէ:

«Հայաստանի հետ կապը պայմանավորված չէ միայն Սպիտակում աշխատելու տարիներով: Ես հայկական եկեղեցուն եմ պատկանում, դրան ամեն բան ասված է: Դժվար է նկարագրել, թե ինչ եմ զգում Հայաստանի նկատմամբ Գիտե՞ք, դա կարելի է արտահայտել բառերով ու բանաստեղծություններով։ Ես դրա հետ կապ չունեմ, ես մաթեմատիկոս եմ: Մի բառով կասեմ. այն, որ ես ու իմ երեխաները գնում ենք հայկական եկեղեցի, խոսում է Հայաստանի հանդեպ իմ խորը կապի մասին»:

       Գեորգի Շաբաթը Սպիտակում՝ 1988 թվական

Շաբադների ընտանիքի պապն ու հայրն իրենց առաքելությունները կատարել են այստեղ՝ Հայաստանում: Վերադարձի ճանապարհին կրտսեր Շաբադին՝ Գասպարհին հարցնում եմ՝ ի՞նչ է զգում: Պատասխանում է կարճ՝ ուզում է հնարվորություն ունենա իր ներդրումն ունենալու Հայաստանում: