ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԲՀԿ-ԼՀԿ. ինչո՞ւ են պատերազմում կուսակցությունները
2018-12-17 18:30:51

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այդպես էլ չլուծեցին «կեղծ ընդդիմության» հարցը: Այսօր այն կրկին օրակարգային է դարձել եւ արդեն դրսեւորվում է ավելի սուր ձեւերով:

Մի քանի օր է, ինչ «բարգավաճը» եւ «լուսավորը» միմյանց պատերազմ են հայտարարել: Արդեն հնչել են լուրջ մեղադրանքներ եւ անգամ սպառնալիքներ:

«Լուսավոր Հայաստանում» պնդում են՝ ԲՀԿ-ն 2 անգամ փակել է իրական ընդդիմության ճանապարհը՝ մի անգամ 2017-ին վերադարձավ քաղաքականություն եւ կլանեց «Ելք» դաշինքի ձայներ, երկրորդ անգամ՝ այս ընտրություններում:

Իբրեւ հակափաստարկ «Լուսավոր Հայաստան»-ը մեղադրվում է կեղծ ընդդիմություն լինելու մեջ։ Օրեր շարունակ պայքարը գնալով թեժանում է, բայց կողմերը հրաժարվում են մեկնաբանություններից՝ նշելով, որ հարցն այնքան էլ մեծ չէ, որ ժամանակը տրամադրեն այդ պարզաբանումներին:  

0:00
0:00

Նախադեպը չունեցող նախընտրական մեծ բանավեճից հետո եկավ քաղաքական մեծ առճակատման ժամանակը: Օրեր շարունակ հեռակա եւ արդեն հայտարարված «պատերազմի» մեջ են երկու հայաստանները՝ Բարգավաճն ու Լուսավորը՝ Բարգավաճ Հայաստան Կուսակցությունն ու Լուսավոր Հայաստան Կուսակցությունը։ Այսինքն՝ այն երկու ուժը, որ նոր խորհրդարանում պետք է հակակշռեն իշխանությանը:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ մեծ հակաքարոզչություն է իրականացվում՝ գործի դնելով մեծ փողեր, ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր եւ մեդիա ռեսուրս: «Բարգավաճ Հայաստանից» հակադարձում են՝ նախահարձակ էն եղել «լուսավոր հայաստանցիները»՝ չմարսելով բանավեճը եւ թիրախավորելով Գագիկ Ծառուկյանին:

Մի կողմից՝  40 րոպեանոց ֆեյսբուքյան «լայֆ»-հեռարձակում, մյուս կողմից՝ 11 պնդում-կետերից բաղկացած գրավոր հայտարարություն: Ըստ էության՝ կրկին նույն պայքարն է՝ «կեղծ ընդդիմությանը» բացահայտելու համար:   

«Ոչ Միշիկը, ոչ Սաշիկը, ոչ Սերժիկը, ոչ Ռոբիկը, ոչ էլ չգիտեմինչիկը ոչ մեկը մեզ չի օգնել, չի օգնում եւ չի կարա մեզ օգնի: Այդ հերյուրանքները, որ տարածքում եք, թե Միշիկը փողերն ուզում է, որովհետեւ 2-րդ տեղի փոխարեն 3-րդ տեղն ենք զբաղեցրել՝ Միշիկը չի կարա մեզանից փող վերցնի, որովհետեւ մեզ փող չի տվել: Բայց Ռոբերտ Քոչարյանը ձեզանից ակնկալում է, որ խոսեք, իրեն պաշտպանեք: Ձեր կուսակցության հիմնադիրը, ձեզ ստեղծողը, ձեր բիզնես գործընկերը ձեզանից պահանջներ ունի»:

Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերից ժամեր անց հրապարակվեց «Բարգավաճ Հայաստան»-ի պաշտոնական պատասխան-հայտարարությունը: Հնչած բոլոր մեղադրանքներին տրվեցին պատասխաններ՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին:

«Հարգելի պարոն Մարուքյան, ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն ու մեր թիմակիցներն են՝ ժողովրդի հետ միասին։ Եւ եթե Քոչարյանը որեւէ կապ ունենար ԲՀԿ-ի հետ, ապա այսօր ԲՀԿ-ն կլիներ Քոչարյանի կողքին՝ ինչպես նրան սատարող որոշ քաղաքական ուժեր»։ 

Այս պատերազմում հայտնվեցին նաեւ այլ կողմեր: Օրինակ՝ արդեն շրջանառության մեջ է դրվել պարզաբանումներ տալու համար Վանաձորից  Երեւան եկած մարզիկ Գեւորգ Շահինյանի հարցազրույցը: Նույն այն Գեւորգն է, ով հայտնի դարձավ բանավեճից եւ ում մասին Ծառուկյանը փորձում էր հիշեցնել Մարուքյանին: Մարուքյանը Գեւորգին հիշեց հաջորդ օրը եւ պարզաբանեց, որ բանակում միասին են ծառայել:  

«Ինքը սխալ է ներկայացնում: Համենայնդեպս, եթե երես ունի այսօր էլ կարա Վանաձոր մտնի, ինձ թվում է երեկոյան ժամերին, որ չհանդիպի շատ մարդկանց: Էդմոն ջան, մի ուրացի»:

Այս ամենին Էդմոն Մարուքյանի պատասխանը հետեւյալն է.

«Ես ճի՞շտ եմ ուղերձները ստանում, ինձ սպառնո՞ւմ եք, որ չեմ կարող ցերեկները ման գամ՝ գիշերները պետք է ման գամ: Էդ դուք եք «ախրաննիկներով» ման գալիս, ես մենակով եմ ման գալիս: Գիտեք՝ ես էլ վախեցա՞: Կմաշենք ձեզ, կմաշվեք կանցնեք կգնաք, այ այդքան երկար կպատերազմենք: Մի հատ իմ հետագիծը նայեք եւ ձեր հետագիծը: Արրթուր Բաղդասարյանից ինչո՞վ եք տարբերվում դուք: Նա էլ է կոալիցիա արել մարտի 1-ից, զոհերից հետո, դուք էլ եք արել: Ի՞նչն է ձեր պլյուսը»:      


Ակտիվ քաղաքականությունից արդեն մի քանի օր հեռացած Արթուր Բաղդասարյանի փոխարեն այս հայտարարությանը ֆեյսբուքում գրառման միջոցով պատասխանեց ՕԵԿ նախկին փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

«Քեզ մաքրիր, հետո փորձ արա Արթուր Բաղդասարյանի մասին արտահայտվելու: Շատ հաց ու պանիր ունես ուտելու»:

Սպառնալիքների մասին Մարուքյանի հայտարարությունը ԲՀԿ-ում անհիմն են համարում՝ չափից ավելի մեծամտության, ինքնավստահության եւ չհիմնավորված բարձր ինքնագնահատականի հետեւանք: Եթե Մարուքյանն իր խոսքում հիշեցնում է մարտի 1-ին բաժանված համազգեստը, ԲՀԿ-ից հակադարձում են, որ օր առաջ կողմ են բացահայտմանը, Օլիգարխ լինելու մեղադրանքներին ԲՀԿ-ից պատասխանում են, որ Ծառուկյանը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել եւ այսպես շարունակ: 

Այս պատերազմի ակտիվ մասնակիցներ են նաեւ պատգամավորները՝ Գեւորգ Պետրոսյան, Գեւորգ Գորգիսյան, Վահե Էնֆիաջյան, Անի Սամսոնյան, Սերգեյ Բագրատյան եւ այլոց ակտիվ գրառումների պատճառով խառնաշփոթի մեջ է հայտնվել նաեւ, ինչպես ընդունված է ասել, «ֆեյսբուքահայությունը»:

Կորյուն Աղասյան. «Ձայնս տվեցի Եդմոնին ու … ու հետ տուր ձայնս, դու այն գողացել ես»:

Լիլի Յան. «Ով ԲՀԿ ա ընտրել, թող ԲՀԿ-ից պահանջի լավ ապրելու համար»:

Արշակ Բունիաթյան. «Ընդդիմություն գոյություն չունի, սրանք սաղ կլոուններ են իրար ուտելու համար նախատեսված»:
Կարլոս Սարգսյան. «Վերջ տվեք, ամոթ է: Մտածեք երկիրը քանդելուց փրկեք, ամոթ ձեզ»:

Արդյո՞ք այս քաղաքական վեճը կտեղափոխվի նոր խորհրդարան եւ կրկին քաղաքական պարզաբանումների պատճառով կմոռացվեն ամենակարեւոր խնդիրները: Սա ժամանակի հարց է: Ամեն դեպքում, Մարուքյանը խոստացել է ամեն օր ԱԺ-ում ուշադրություն հրավիրել Ծառուկյանի բացակայությունների վրա: Հակառակորդ «ճամբարում» չեն հանձնվում եւ հիշեցնում՝ Մարուքյանը բացակայությունների առումով նույնպես աչքի է ընկնում: Այստեղ արդեն այլ հարց են բացակայությունների պատճառները: