ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Մայրանուշ Գրիգորյան, Սարգիս Նաջարյան
«Խոսում է Երևանը, Երևանն է խոսում» հաղորդման հեղինակներ և վարողներ

Մայրանուշ Գրիգորյանը 1976 թ.-ի սեպտեմբերից աշխատել է Հեռուստառադիոընկերությունում, երկար տարիներ՝ «Հեռուստաթատրոնում», 1992 թ.-ից՝ Հանրային ռադիոյի մշակույթի խմբագրությունում: «Ձայն մեծաց», «Երգիծանք», «Հումոր» ծրագրերի, հետագայում՝ «Կսմիթներ» հաղորդաշարի ռեժիսորն էր: Համակարգում է «Ռադիոթատրոնի» աշխատանքները, զուգահեռ պատրաստում է «Խոսում է Երևանը, Երևանն է խոսում» հաղորդաշարը:  Հեքիաթը նրա տարերքն է, նրան է վստահվել Խնկո Ապոր անվան գրադարանի հեքիաթի սրահի բացումը: Նրա ձայնագրված, նկարահանված, կրկնօրինակած 870 ֆիլմերն ու մուլտֆիլմերը Մարոյի «Գինեսի գիրքն» են: «Մեծ պատմություն փոքր քաղաքւմ» և «Լորիկը» վերջին ֆիլմերն են, որտեղ նկարահանվել է: Նրան կարելի է տեսնել նաև «Դժբախտ երջանկություն», «Կայարան» սերիալներում:Մայրանուշ Գրիգորյանը համառորեն չի հանձնելու 2017 թ.-ին ստացած «Վաստակավոր արտիստի» կոչումը, ավելին՝ կարծում է, որ 42 տարի Ռադիոտան պատերում լինելուց հետո արժանի է նաև Հերեսի կոչման:



Սարգիս Նաջարյանը ՀՀ վաստակավոր լրագրող, դերասան, հաղորդավար, թարգմանիչ և սցենարիստ է: Ծնվել է 1950 թ.-ի հուլիսի 12-ին Երևանում: Նախնիները գաղթել են Բայազետից (Արևմտյան Հայաստան): Ավարտել է օտար լեզուների ինստիտուտի անգլիական ֆակուլտետը և Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի «Դերասանի վարպետություն» հեռակա բաժինը: 1971 թ.-ից առ այսօր անընդմեջ աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում որպես հաղորդավար-սցենարիստ: Ռադիոաշխատանքին զուգահեռ ելույթներ է ունենում նաև բեմում որպես ասմունքող և դերասան: Իր «Կոմիտաս. հավերժի ճամփորդը» մոնոներկայացմամբ հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Հորդանանում, Արաբական Էմիրություններում, Ավստրալիայում, Երևանում, Արցախում և Գավառում: Աշխարհիկ և հոգևոր կյանքում ունեցած վաստակի համար արժանացել է Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի անձնական արծաթե մեդալին, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի շնորհակալագրին, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալին և այլ պարգևների: