ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բարեգործական արշավ. ինչպես գնել վազքը
2018-12-18 11:21:30

«Գնիր մեր քայլը՝ փոփոխություն բերելով ինչ-որ մեկի կյանքում» արշավի հեղինակներ Սուրեն Կաժոյանն ու Նաիրա Մարգարյանը վաճառում են իրենց 131 հազար քայլը՝ յուրաքանչյուր քայլը 200 դրամով, որպեսզի իրականություն դարձնեն երեք նպատակ:

0:00
0:00

Վայոց ձորի Ելփին գյուղից մինչև Երևան 100 կմ է, բայց վազորդներ Նաիրա Մարգարյանն ու Սուրեն Կաժոյանն այս կիլոմետրերը տեսնում են քայլերով: 131 հազար քայլ վաճառելու դեպքում կկարողանան իրականություն դարձնել հետևյալ նպատակները:

«Առաջին մոտավորապես 36.000 քայլն ուղղված է լինելու Դաունի համախտանիշ ունեցող 11-ամյա Արմանի համար տուն գնելուն, երկրորդ՝ 65.000 քայլից ստացած միջոցներն ուղղվելու են «Մանկական զարգացման հիմնադրամ»-ին, երրորդ՝ 30.000 քայլն ուղղվելու է «Գլոբալ զարգացման առաքելությանը»:

Նաիրայի համար օգնելու նպատակով վազելը նոր գործ չէ՝ ասում է՝ եթե վազում ես, ուրեմն լավ բան ես անում քեզ համար, իսկ եթե կարող ես լավ բան անել քեզ համար, զուգահեռաբար կարող ես մեկ ուրիշի կյանքում էլ փոփոխություն բերել:

«Ամերիկյան «Չարիթի Մայլս» կազմակերպության անդամ եմ («Charity Miles». բառացի նշանակում է բարեգործական մղոններ): Ամեն առավոտ վազում եմ և իմ վազքով բազմիցս օգնել եմ Տանզանիայում քաղցկեղով հիվանդ երեխաների հիվանդանոցին»:

Սա ոչ թե կեղծ, շփոթեցնող գովազդ է, այլ իրական արշավ, որի հեղինակները վաճառում են 131 հազար քայլ՝ մեկ քայլը 200 դրամով կամ 0,45 դոլարով, որպեսզի իրագործեն իրենց նպատակները։ Ոչ թե խնդրում են գումար, այլ վաճառում են գաղափար՝ ասում է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Մեր երկրում ձևավորված չէ բարեգործության մշակույթը, սա լավ օրինակ է՝ ասում է Լուսինեն:

«Երկու մարդ ջանք է թափում և, ընդամենը, ասում՝ գնի՛ր իմ քայլը: Ազատ է յուրաքանչյուրն իր ընտրության մեջ: Ես չեմ ուզում, որ մեր խաթեր գնեն թեկուզ մեկ քայլ, այլ գնեն հանուն գաղափարի»:

Մեզանից յուրաքանչյուրը օրական որոշակի կիլոմետր է անցնում՝ վազելով, քայլելով կամ հեծանիվ վարելով: Նաիրան բացատրում է՝ երբ մարդիկ վազեն, քայլեն կամ հեծանիվ վարեն, այդ կիլոմետրերը կարող են փոխարկվել գումարի, որն էլ կուղղվի այլ մարդկանց կյանքում փոփոխություններ բերելուն:

Այդպիսի հավելված ստեղծելու համար դիմել է մասնագետների:

«Հավելվածը ստեղծելու համար հայաստանյան ՏՏ ոլորտի մասնագետի եմ դիմել, որն էլ աշխատանքը գնահատել է 30 հազար դոլար: Այս պահին այդքան գումար չունենք, բայց կարծում ենք, որ կրկին վազքի միջոցով կարող ենք դրամահավաք կազմակերպել»:

Դրամահավաքն արդեն մեկնարկել է «Indiegogo» կայքում և կշարունակվի վազքից հետո մի քանի օր ևս: Իսկ մինչև դեկտեմբերի 25-ը վազորդները վստահեցնում են՝ կվազեն անկախ եղանակից, կվազեն՝ հանուն նպատակի։ Ելփինից դուրս կգան դեկտեմբերի 25-ին՝ առավոտյան 4-ին, նույն օրը երեկոյան կհասնեն Հանրապետության հրապարակ: