ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական «Գրաբուսը»` Շիրակի գյուղերում
2018-12-18 12:45:02

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» Շիրակի մարզինն է: Այն նախատեսված է ամբողջ Շիրակի մարզի համար և շրջելու է մարզի բոլոր համայնքներում՝ փորձելով լրացնել ոչ միայն շիրակցիների ընթերցասիրության, այլև մշակութային միջոցառումների պահանջը: Ծրագիրն իրականություն է դարձել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցության շնորհիվ:

0:00
0:00

Հայ-չինական համագործակցությունից ծնված առաջին «Գրաբուսը» Շիրակի մարզային գրադարանինն է: «Գրաբուսը» ստեղծելու առաջարկությունը «Ա.Ա Թրաքս» ընկերությունը շուրջ մեկ տարի առաջ մշակույթի նախարարությունից էր ստացել: Ծրագիրն իրականություն դարձավ Հայաստանում Չինաստանի դեսպանության տրամադրած 60 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհի շնորհիվ: «Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանն ասում է, որ «Գրաբուսը» կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր:

«Առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով: Մեքենան հնարավորություն ունի տեղաշարժվելու բարձր լեռնային գուտիներում»:

«Գրաբուսի» առաջիկա երթուղին Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանն արդեն հստակեցրել է՝ Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Ախուրյան և Արթիկ: «Ոչ միայն շրջիկ գրադարանով, այլև մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով հասնելու ենք մարզի ամենահեռավոր համայնքները»,-ասում է մարզային գրադարանի տնօրենը:

«Գրաբուսը» նախատեսված է ամբողջ Շիրակի մարզի համար և շրջելու է մարզի բոլոր համայնքներում: Շրջիկ Գրաբուսով փորձելու են լրացնել մարզային գրադարանների ոլորտում տիրող սարսափելի մեծ բացը: Տեղացիներն ասում են, որ ծրագիրը սպասված էր, քանի որ շիրակցիները կարդալ սիրում են: Դրանում համոզվելու համար մարզային գրադարանի աշխատակից Ալվարդ Ղանդիլյանն առաջարկում է. «Դուք եկեք մի քանի րոպե մեր կողքին կանգնեք և կտեսնեք, թե ինչպիսի մեծ հոսք կա գրադարանում»:

Շիրակի մարզին նվիրված մեքենան իր հնարավորություններով առաջինն է Հայաստանում: «Եթե նոր պատվեր լինի, «ԱԱ Թրաքս» ընկերությունը կպատրաստի»,-ասում է ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը:

Ի դեպ, «Ա.Ա. Թրաքս» մայր ընկերությունը 1970 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հիմնադրել է ամերիկահայ գործարար Վահե Նիկողոսի Կարապետյանը: Մոտ երկու տարի առաջ ընկերության մասնաճյուղը բացվեց Երևանում: Նախկին «Ռոբոտների գործարանի» տարածքում ընկերությունն արտադրում է բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաներ՝ ԿԱՄԱԶ-ի հենքի վրա: Գործարանի հայաստանյան մասնաճյուղի համահիմնադիրը Վահե Կարենի Կարապետյանն է: Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ՝ ընկերությունը ծրագրում է մեկ տարի հետո արդեն անցնել հոսքագծային արտադրության և աշխատակիցների թիվը հասցնել հազարի: Ներկայում ընկերությունն ապահովում է շուրջ 15 աշխատատեղ: