ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչի՞ մասին է ՀՀ-ՌԴ երկխոսությունը. Լավրովի hայտարարության հետքերով 
2018-12-18 17:41:04

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

0:00
0:00


Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում:  Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` պատախանելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին:

Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունը տարաբնույթ հարցեր է առաջացրել քաղաքագիտական շրջանակներում: Պարզաբանմամբ հանդես է եկել նաեւ Հայաստանի  արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Թեմային այսօր անդրադարձել եւ պարզաբանումներ է տվել նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը:

«Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այդ փաստաթուղթը կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»,-երեկ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի հայտարարությունը ՀԱՊԿ անգործության վկայությո՞ւն. մեկնաբանում են ռուսաստանցի քաղաքագետները

Այն, որ Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում, վկայում է ՀԱՊԿ-ի անգործության մասին՝ այս կարծիքն է հայտնում ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Նա ասում է նաեւ, որ իր համար, ՌԴ ԱԳ նախարարության նախաձեռնությունն անակնկալ չէ, որովհետև Հայաստանի գործողությունների պատճառով ՀԱՊԿ-ում ստեղծվեց ճգնաժամ:

«ՀԱՊԿ-ն՝ որպես անվտանգություն ապահովող կառույց, չի աշխատում: ՀԱՊԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բոլորի համաձայնությամբ, բայց Հայաստանը որոշում կայացրեց ինքնուրույն: Արդեն շատ է խոսվել, որ Յուրի Խաչատուրովին առանց հետ կանչելու Հայաստանի նոր իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել, այսինքն՝ առանց մնացածի տեսակետը հաշվի առնելու որոշում կայացրել՝ վտանգելով Կազմակերպության հեղինակությունը»,-ասում է ռուսաստանցի քաղաքագետը:

Ռուսաստանցի մեկ այլ քաղաքագետի՝ Աջար Կուրտովի մեկնաբանությամբ էլ, ըստ ամենայնի, խոսքն այն երկրների մասին է, որոնց նկատմամբ Հայաստանը ո՛չ բազմակողմ, ո՛չ էլ երկկողմ ձևաչափերում որևէ համաձայնագրային պարտավորություն չունի: Ռուսաստանցի քաղաքագետը «rusarminfo.ru»–ին տված հարցազրույցում նշել է.  

«Թեորիապես հավանական է նաև այլ տարբերակ, համաձայն որի Հայաստանը կհրաժարվի ցանկացած երկրի, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների և նույնիսկ Ռուսաստանի զինվորականների ներկայությունից: Բայց ես ավելի շատ հակված եմ նրան, որ խոսքն առաջին տարբերակի մասին է: Դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ վերջին տարիներին երբեմնի ռուսական կայսրության և ԽՍՀՄ կազմում ներառված երկրների աշխարհաքաղաքական մրցակիցներն ավելացնում են իրենց ակտիվությունն ու ձգտում ցանկացած միջոցներով այդ պետություններին իրենց կողմը քաշել, այդ թվում՝ դրանց ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու խոստումներով»:

Ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի կարող արգելել: Այնուամենայնիվ՝ երկխոսություն կա: Հայաստանում ՌԴ դեսպանի պարզաբանումը

Լավրովի հայտարարությանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ արձագանքելով Հայաստանի տարածքում օտարերկրյա կոնտինգենտի, բացառությամբ ռուսականի, տեղակայման արգելքի մասին պատրաստված համաձայնագրի վերաբերյալ հարցին:

«Ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի կարող արգելել: Խոսքը երկու ինքնիշխան եւ իրավահավասար պետությունների մասին է: Եվ երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով հենց այս կերպ են կառուցվում»:

Դեսպանը նաեւ հավելել է, որ որքանով իրեն հայտնի է, իրոք Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսություն է ընթանում բիոլաբորատորիաների գործունեության շուրջ եւ այդ  երկխոսությունը միայն Հայաստանի հետ չէ, այլ նաև հետխորհրդային մյուս երկրների, որտեղ կան բիոլաբորատորիաներ: Երկխոսությունն էլ ծավալվում է, քանի որ հարցն իրենց անհանգստացնում է:

«Իմ տեղեկություններով՝ հայկական կողմի հետ երկխոսությունն ընթանում  է բավական կառուցողական: Այսինքն՝ այս հարցում կա փոխըմբռնում, և ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում մենք կհասնենք ընդհանուր համաձայնության»:

Թե ի՞նչ ձևաչափով եւ ե՞րբ համաձայնությունը կամրագրվի՝ դեսպանն ասել է, որ այժմ պատրաստ չէ այդ հարցին պատասխանել, ապա կրկին շեշտադրել, որ ոչ մի արգելքի և թելադրանքի մասին խոսք անգամ չի կարող լինել: Կա ձգտում՝ այս հարցում փոխհամաձայնության հասնելու համար՝ ասել է նա: Ըստ դեսպանի՝ երկխոսությունն ընթանում է այդ թվում այն հարցի շուրջ, թե այնտեղ օտարերկրյա զինվորականների ներկայություն պե՞տք է լինի, թ՞ե ոչ:


Ի՞նչ են հստակեցնում ՌԴ եւ ՀՀ  արտգործնախարարությունները
 

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք նաեւ մեր երկրի արտգործնախարարություն: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում նախ հստակ շեշտեց, որ խոսքը Հայաստանում գործող բիոլաբորատորիաների վերաբերյալ է եւ, հետեւաբար, Հայաստանի պարագայում ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող:

«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մաս է կազմում: Հայաստանն իրականացնում է բոլոր միջազգային պարտավորությունները՝ ուղղված բակտերիոլոգիայի ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ կիրառմանը: Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»։

Ի դեպ, օրվա երկրորդ կեսին Լավրովի երեկվա հայտարարության տարածված հատվածի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկավ նաեւ ՌԴ արտգործնախարարությունը՝ հստակեցնելով, որ հայտարարությունը լրատվամիջոցներում հրապարակվել է կոնտեքստից կտրված, եւ որ՝ ՌԴ արտգործնախարարը հայտարարությունն արել է  հենց կենսալաբորատորիաների գործունեության համատեքստում: