ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր բյուջե՝ հին խնդիրներով
2018-12-19 11:06:24

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է քաղաքային բյուջեի 2019 թվականի նախագիծը և այն համարել այս տարվա բյուջեի համեմատ հետընթաց: 2019 թվականի բյուջեով կրճատվել են հանրությանը հուզող մի շարք խնդիրների համար հատկացվող գումարներ: Օրինակ՝ վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է 78 մլն դրամով, տրանսպորտի բյուջեն՝ 1 մլրդ 920 մլն -ով: Իսկ սրան զուգահեռ ավելացել են պարգևատրումների, դրամական խրախուսումների, արտասահմանյան գործուղումների և աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններին հատկացվող գումարները:

0:00
0:00

«Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Մարությանն ուներ նախընտրական լավ տեսահոլովակ՝ մաքրելու ենք, վերականգնելու ենք, փոխելու ենք: Եվ այդտեղ նշվում էին մի շարք քայլեր, դրանց մեջ էր հանրային տրանսպորտը, դրանց մեջ էր վերելակները, կանաչապատումը: Եվ եթե Մարությանը որպես քաղաքապետ գիտակցում է այդ խնդիրների գերակայությունը, ապա ինչու է հիմա կրճատել դրանց համար հատկացվող գումարները»,-ասում է ավագանու անդամը:

Անի Սամսոնյանը դրական է համարում, որ, օրինակ, ավելացել են առողջապահության ոլորտում պոլիկլինիկաներին հատկացվող գումարները: Միաժամանակ շեշտում՝ գերագնահատել գործուղումները, մի կողմ դնելով վերելակային տնտեսության անմխիթար վիճակը, ճիշտ չէ.

«Ընդդիմադիր անդամը չէ, որ 80 տոկոս լեգիտիմություն ունեցող քաղաքապետին պետք է հուշի առաջնային խնդիրը որն է: Մենք մեր խոսքը կասենք ավագանու նիստի ժամանակ: Սա չի նշանակում, որ մենք մեր ձեռքերը լվանում ենք: Սա պարզապես մենք քաղաքապետին կանչում ենք պատասխանատվության»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը դեռևս չցանկացավ մեկնաբանություններ տալ բյուջեի նախագծին, քանի որ այն դեռևս քննարկման փուլում է և խմբակցությունը փորձում է հասկանալ, թե գումարային փոփոխությունների պատճառները որո՞նք են:

«Կարող եմ ասել միանշանակ, որ բոլոր կետերում ԲՀԿ խմբակցությունը միակ տեսլականը դա երևանցու շահերի պաշտպանումն է»:

«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը շեշտեց, որ նախատեսված ծախսային կրճատումները չեն ենթադրում ծավալների կրճատում: Նույն ծավալով աշխատանքները կատարվելու են ավելի քիչ գումարով: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2018-ի թվերն ուռճացված են:

«Կանաչապատման, որպես մշակման տարածք 4 հեկտար ներկայացված է եղել, որտեղ նույնիսկ ոռոգման համակարգ չկա և չի եղել առհասարակ նման տարածք, որը խնամվեր»:

Իսկ արտասահմանյան գործուղումների համար նախատեսած 112,7 մլն դրամը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 50 մլն դրամով, չի նշանակում, որ պաշտոնյաներին տրվում է շրջագայությունների համար: Այդ գումարներն ուղղվելու են աշխատակիցների վերապատրաստումների համար: Քաղաքապետարանը պետք է ունենա պատրաստի աշխատակազմ՝ ասում է: Պարգևավճարներն ավելացնելու պատճառներն է նաեւ նշում.

«Քանի որ այսօր կադրային կարդինալ փոփոխություններ չեն արվել և դեռ ընթացքում են, քաղաքապետարանը նպատակահարմար չի գտնում բոլորի աշխատավարձերը բարձրացնել, որովհետև կան մարդիկ, որոնք աշխատում են շատ, լավ արդյունք են տալիս և ստանում են քիչ աշխատավարձ և կան մարդիկ, որոնք թերանում են իրենց աշխատանքում և նրանց աշխատավարձը պետք է չբարձրանա: Սա հոլանդական «Էյչ ԱՌ» մոդել է, որը կիրառվում է: Այսինքն՝ աշխատողի աշխատավարձը գոյանալու է իր կատարած աշխատանքի ծավալի և որակի շնորհիվ»:

Պարգևավճար ստանալու են հստակ չափորոշիչներով, որոնք էլ վերահսկվելու են: Այս մոդելն ընտրվել է լավ աշխատողներ և նոր պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու նպատակով՝ ասում է «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամը: Իզաբելլա Աբգարյանը դեմ է միայն քաղաքապետարանի աշխատակիցների կրթման համար բյուջեից հատկացումներին: Լեզվի մասնագետը հատկապես դեմ է օտար լեզվի ուսուցմանը: Նման ծրագրով օտար լեզվի դասընթաց կազմակերպելը անարդյունավետ ծախս է: Եվ քվեարկության ժամանակ դեմ է քվեարկելու հենց այս կետին:

«Կարծում եմ, որ պետք է արդեն իսկ կիրթ աշխատողներ ընդունենք: Մենք ժամանակ չունենք աշխատողներ սովորեցնելու: Դպրոց չենք»:

Բյուջեի նախագիծը կքննարկվի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստի ընթացքում: