ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
2018-12-21 11:39:19

Այսօր առավոտից Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են անում: Նրանց են միացել Սփյուռքի նախարարության աշխատակիցները։ Պահանջը մեկն է՝ օպտիմալացման շրջանակներում չմիավորել նախարարությունները։ Նրանք դիմում-բողոք են պատրաստել հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով: Աշխատակիցները բողոքում են, որ իրենց ոչ ոք օպտիմալացման մասին տեղյակ չի պահել: Միայն երեկ գրություն է ուղարկվել, որ մշակույթի նախարարությունը մի մասով միանում է Կրթության և գիտության նախարարությանը, մյուս մասով՝ Քաղաքաշինության կոմիտեին: Աշխատակիցները պնդում են, որ ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել:

Ակցիայի նախաձեռնողներից Մշակույթի նախարարության ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ «մշակույթը չի կարող ածանցյալ լինել որևէ այլ բնագավառի, մշակույթից են ածանցվում բոլոր մյուս բնագավառները և պայքարելու են, որ նախարարությունը լինի»։

0:00
0:00

Բողոքի ակցիային միացել են նաև այլ գերատեսչությունների աշխատակիցներ:

Լուծարվող նախարարությունների աշխատակիցները երթով շարժվել են դեպի Կառավարություն՝ վարչապետին ներկայացնելու իրենց հիմնավորումները, թե ինչու նախարարությունները չպետք է փակվեն: Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Լևոն Անտոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ անթույլատրելի է, որ 7-8 միլիոնանոց Սփյուռք ունեցող պետությունը լուծարի համապատասխան նախարարությունը: Նա ընդգծել է, որ նախարարությունում նոր թափով մշակվել են հայրենադարձության ծրագրեր, որոնք փաստացի կյանքի կոչել այլևս չեն կարողանա:

«Մեր նախարարի դիրքորոշումը եղել է նախարարությունը պահելը, իր ձեռքերը ծալած չեն, կփորձի իր քայլերը կատարել: Մենք փաստացի ունենք 10 վարչություններ, բաժիներ, վարչության պետեր, աշխատակիցներ. ստացվում է, որ օպիտմալացման արդյունքում Սփյուքից այստեղ բերելու փոխարեն արտագաղթի տեմպերն ենք ավելացնում»,- շեշտել է նա:

Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն՝ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության կազմում կընդգրկվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը եւ տրանսպորտային ոլորտը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։