ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախատոնական աղմուկ՝ տոնական միջոցառումների ֆոնին
2018-12-21 18:57:43

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր երեկոյան 19:30-ին պաշտոնապես կվառվեն Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը:  Տոնական միջոցառումները սկսվում են, սակայն նոր տոնածառ գնելու  նախաձեռնություններն այսօր դեռ շարունակվում էին, այն էլ Երեւանի ավագանիում։

0:00
0:00

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը գնվել է  հանրության պահանջով և գումարները հատկացվել են «Երևան 2800» հիմնադրամի խնայողություններից: Ռուսական կազմակերպությունից գնված տոնածառն իր զարդարանքներով 85 մլն դրամից ավելի արժեր։ Այսօրվա ավագանու նիստում ևս մեկ անգամ  քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց:


«
Մենք կարողացել ենք խնայել մոտ 600 մլն դրամ: Տոնածառն ինքը արժի 21 մլն 900.000 դրամ, լույսերի հավաքածուն՝ 36.5 մլն դրամ, որը հնարավոր է օգտագործել ոչ միայն այս տոնածառի վրա, այլև Երևանի ամենատարբեր վայրերում տարբեր միջոցառումների ժամանակ: Տարբեր փայլուն, գնդաձև խաղալիքների համար վճարել ենք 10 մլն դրամ»:

Հիմնադրամի կողմից ուսումնասիրվել են տարբեր կազմակերպություններ: Չինական կազմակերպություններն ասել են, որ տոնածառը չի լինի օգոստոսից շուտ, Միացյալ Նահանգներից առաջարկել են առավելագույն բարձրությունը 29 մետրանոց  տոնածառ, իսկ ռուսական երկու կազմակերպության առաջարկն ավելի թանկ է եղել:

Ռուսական մյուս կազմակերպությունը, որից գնվել է մեր տոնածառը, տոնածառեր է տեղադրել Մոսկվայի և մերձմոսկովյան քաղաքաների տարբեր հրապարակներում: Հայաստանում այս կազմակերպության կողմից տեղադրվել է նաև  Ազատության հրապարակի տոնածառը,
 պարզաբանեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը բուռն արձագանքեց տոնածառի վերաբերյալ ելույթներին:


«Շնորհավորում եմ նոր տոնածառի կապակցությամբ: Հանրության պահանջն էր դա: Հազիվ
  դեմը առաք, որ փողոցներ չփակեն»:

Նման հարցերում քաղաքային իշխանությունը հանրության  պահանջները զգում է ու դրանց առաջարկում հրատապ լուծումներ, սակայն մյուս պահանջներին անհասկանալիորեն  ականջալուր չէ: Անի Սամսոնյանը դիմում է քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Այն որ չեն ուզում աղբով  լի փողոցներ ու  շենքեր,  որ մարդիկ չեն ուզում տեսնել կրթության ոլորտի անէթիկա պաշտոնյա: Սա Ձեր աշխատանքի արդյունքն է»:

Հայկ Մարությանն էլ՝ օգտվելով առիթից, երևանցիներին հրավիրեց մասնակցելու երեկոյան տոնածառի լույսերի վառման արարողությանը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դիմել է քաղաքապետին՝ խնդրելով գույքը նվիրել  Երևան համայնքին: Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է գույքը  որպես նվիրատվություն ընդունելու մասին Երևանի ավագանու  որոշման նախագիծը և տվել դրական եզրակացություն: