ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սահմանափակումներ FOREX շուկայում գործարքների համար. ՀՀ Կենտրոնական բանկ
2018-12-24 11:01:03

Գլխավոր դրամատունը սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար: ՀՀ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ վերջին տարիներին ակտիվացել են մեր երկրում տարբեր անձանց կողմից FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների առաջարկները, և ռիսկերը նվազեցնելու նպատակով այսուհետ արգելվում է լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցումը պրոֆեսիոնալ հաճախորդ չհանդիսացող անձանց  համար:

«FOREX շուկայում լեվերիջով գործարքները համարվում են բարձր ռիսկային գործարքներ, և պարունակում են ներդրողների միջոցների կորստի իրական վտանգներ: Լեվերիջով գործարքների դեպքում ներդրողին թույլատրվում է իրականացնել իր կողմից նախապես ներդրված գումարը բազմապատիկ (մի քանի հարյուր) անգամ գերազանցող ծավալով գործարքներ: Դրանք իրականացվում են ածանցյալ ֆինանսական գործիքների օգտագործմամբ:

Սովորաբար նման ներդրում կամ առևտուր կատարելու առաջարկները մոլորեցնում են ներդրողին` խոստանալով հեշտ եկամուտներ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ներդրողի կորուստը կարող է լինել ավելին, քան ներդրված գումարն է: Այս շուկան զերծ չէ նաև չարաշահումներից. ներդրողը հաճախ գործնականում հնարավորություն չի ունենում պարզելու, թե որտեղ են պահվում իր դրամական ներդրումները և հաճախ են դեպքերը, երբ ներդրողը չի կարողանում հետ ստանալ իր գումարը»,- ասվում է հաղորդագրությունում:

Հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը, Կենտրոնական բանկը սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար: Մասնավորապես, այդպիսի ծառայությունները թույլատրվում է մատուցել միայն պրոֆեսիոնալ հաճախորդներին, այսինքն՝ այնպիսի հաճախորդներին, ովքեր ունեն համապատասխան փորձ և գիտելիքներ այդ գործարքներից բխող ռիսկերը հասկանալու և ինքնուրույն ներդրումային որոշումներ կայացնելու համար: Պրոֆեսիոնալ հաճախորդ չհանդիսացող անձանց FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցումն արգելվում է:

Միևնույն ժամանակ, ներդրվել են պրոֆեսիոնալ հաճախորդների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ռիսկերի զսպման մեխանիզմներ։