ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ե՞րբ կհրավիրվի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
2018-12-24 19:06:47

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրվա մասին պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Այդ հայտարարությունը դեռևս չի հնչել: Տիգրան Մոկուչյանն այսօր «Ռադիոլուրին» ասել է, որ քաղաքական ուժերին մինչև դեկտեմբերի 30-ը  ժամանակ է տրվել ինքաբացարկի դիմումներ նեկայացնելու համար:

Այդ ընթացքում խորհրդարան անցած կուսակացությունները պետք է կողմնորոշվեն՝ թեկնածուներից ովքեր են գնում խորհրդարան և ովքեր են  հրաժարվում մանդատից:


0:00
0:00

 

Նորընտիր Ազգային ժողովի  առաջին նիստը, ըստ Սահմանադրության,   հրավիրվում է խորհրդարանի կազմավորմանը հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը։

Ազգային ժողովը համարվում է կազմավորված մանդատների բաշխումից  ու գրանցումից հետո: ԿԸՀ-ն արդեն բաշխել է մանդատները, բայց դեռևս չի գրանցել դրանք:

«Ռադիոլուրի»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց.  հանձնաժողովը կողմնորոշվելու ժամանակ է տվել խորհրդարան անցած 3 ուժերին, որոշելու, թե ովքեր են վերցնում մանդատները և ովքեր են հրաժարվում:

 «Կուսակցություններին արդեն տեղեկացրել ենք, որ եթե ունենալու են ինքնաբացարկներ, ապա մինչև տարեվերջ ներկայացնեն այդ դիմումները մեզ: Դրանից հետո ԿԸՀ-ն նիստ կհրավիրի, եթե լինեն ինքնաբացարկի դիմումներ, դրանցով որոշումներ կկայացնի ու կկազմի արձանագրություն մանդատներ տրամադրելու մասին»:

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ ինքնաբացարկի դիմումներ հանձնաժողովը դեռ չի ստացել, բայց դրանց սպասում է: Ինքնաբացարկի դիմումների  ամենամեծ քանակն ակնկալվում է «Իմ քայլը» դաշինքից, որի համամասնական ցուցակի  հատկապես առաջին  տասնյակի թեկնածուներից շատերը  պետք է կողմնորոշվեն՝ գնո՞ւմ են խորհրդարան, թե՞ մնում են կառավարությունում: 

Եթե ԿԸՀ-ն մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը կազմի դեկտեմբերի 30-ին, ապա 7-րդ գումարման առաջին նիստը կհրավիրվի հունվարի 14-ին: Տիգրան Մուկուչյանը, սակայն, որևէ կերպ չի ուզում հստակեցնել ամսաթվերը:

Նոր խորհրդարանի առաջին նիստի հրավիրման օրը պաշտոնապես դեռ հայտնի չէ,  բայց հայտնի է, թե ինչ են քննարկելու պատգամավորները այդ նիստին:

 

Խորհրդարանի  առաջին նիստի օրակարգը սահմանված է ԱԺ կանոնակարգով լինելու է ԱԺ նախագահի, փոխնախագահների ընտրություն, որոշվելու է մշտական հանձնաժողովների թիվը և փակ քվեարկությամբ ընտրվելու են հանձնաժողովների նախագահները։

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկի հետ կլուծվի վարչապետի նշանակման հարցը: «Իմ քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ոչ թե կընտրվի, այլ վարչապետի պաշտոնում կնշանակվի հանրապետության նախագահի կողմից ։

Դրանից հետո 15-օրյա ժամկետում վարչապետը պետք է ձևավորի նոր կառավարություն: Հենց այստեղ է առաջին նստաշրջանի գլխավոր ինտրիգը: Կանոնակարգը գործադիրին թույլ է տալիս կառավարություն ձևավորելուց առաջ փոխել դրա կառուցվածքը:

 

Այդ հնարավորությունից գործադիրը մտադիր է օգտվել: Կա օրենսդրական առաջարկ, որով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:  Նախագիծը խորհրդարան դեռևս չի հասել ՝ ասում է  «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Լենա Նազարյանը:

 

«Նախագիծը դեռևս աշխատանքային քննարկումների փուլում է կառավարության տարբեր գերատեսչություններում: Առաջիկայում մենք մանրամնասն հնարավորություն կունենանք քննարկել կառավարության առաջարկները»:

 

Կառավարության օպտիմալացման մասին Իմ քայլը դաշինքը խոսել է նախընտրական շրջանում և առանց ենթատեքստի՝ ասում է  Նազարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք կառավարությունը լիարժեք ներկայացրել է հիմնավորումները :

 

«Շատ պարզ և բաց ներկայացրել ենք, որ արդյունավետ կառավարման համար պետք է օպտիմալացում անել, ինչը չի նշանակում, որ կարևոր գործառույթներ դուրս կմնան, դրանք ընդամենը կփոխանցվեն այլ նախարարությունների»:

 

Օպտիմալացվող նախարարությունների աշխատակիցները համաձայն չեն կառավարության հիմնավորումներին: Նախագծի դեմ են մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները:

 

Փորձագետներն ասում են՝ քայլը  հանրային ու մասնագիտական շրջանակներում լրջորեն չի քննարկվել: Բոլոր հարցերին կառավարությունը կպատասխանի ԱԺ քննարկումների ժամանակ, ասում է Լենա Նազարյանը, իսկ մեր այն դիտարկմանը, թե հնարավոր համարում է, որ կառավարությունը որոշի առկախել  փոփոխությունը կամ հետ կանգնի դրանից, բացասական պատասխան է տալիս:

 

Զրուցակիցս չի ժխտում՝ օպտիմալացումն ունի սոցիալական  բաղադրիչ և խորհրդարանում սպասում են, թե այս ուղղությամբ ինչ առաջարկներ է ներկայացնելու կառավարությունը: