ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
102 ռազմաբազան՝ գլխացավա՞նք. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան մոտ
2018-12-25 16:50:29

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այսօր մի խումբ քաղքաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք խիստ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի կապակցությամբ:

Նույն վայրում օրվա երկրորդ կեսին հակընդդեմ ակցիա են կազմակերպել Հայաստանի կոմունիստները: Կուսակցությունը հայտարարություն է հրապարակել, որում խստորեն քննադատել է հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը:

0:00
0:00

«Բոլոր իրադարձությունները վկայում են, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը դարձել է լուրջ սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության եւ ՀՀ քաղաքացիների անվտանգության համար»:

Ռուսաստանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր իրենց անհանգստությունը հայտնեցին ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի հետ կապված: Մասնավորապես, որ այնտեղ ծառայում են այնպսի մարդիկ, որոնք վտանգում են ՀՀ քաղաքացիների կյանքը:


Ակցիայի մասնակիցներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը ընթերցեց հանրագիրը: Այն ուղղված էր  ինչպես ՌԴ, այնպես էլ ՀՀ իշխանություններին: Վերջիններիս կոչ է արվում կնքել այնպիսի պայմանագրեր, որոնցում չեն ստորադասվի Հայաստանի շահերը. 

«Պահանջում ենք նաեւ, որ Ռուսաստանից հարգել ՀՀ օրենսդրությունը: Եթե Ռուսաստանը չվերանայի իր քաղաքականությունը եւ չփոխի այնտեղ տիրող իրավիճակը, ապա, կարծում եմ, Հայաստանում հնարավոր է աստիճանաբար ավելի արմատական դրվի այդ հարցը»: 

Ակցիային մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից Նարինե Դիլբարյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ունենալով նախադեպեր ճիշտ են համարում իրենց մտահոգությունները փոխանցել նոր դեսպանին:

Բողոքի ակցիայի մասնակիցները հիշեցնում են մտահոգությունների հիմքերը՝ նախադեպերը՝ 2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ դարձավ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Այս ռազմաբազայի ծառայողի մասնակցությամբ հերթական դեպքն արձանագրվեց դեկտեմբերի 3-ին:

Ռուս զինծառայողը դաժան ծեծի էր ենթարկել քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա աշխատակցուհուն, ինչի հետևանքով կինը մահացել էր: Ակցիայի մասնակիցներն այսօր նաեւ պահանջում էին հայկական կողմին հանձնել սպանությունը կատարած զինծառայողին:

Խնդրին վերջերս հայտարարությամբ անդրադարձել է ՌԴ դեսպանատունը, ապա նաեւ մամուլի ասուլիսում նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպերկինը: Երկու դեպքում էլ՝ հորդոր էր հղվել չքաղաքականացնել ողբերգությունը:


«Սա, այսպես ասենք, խիստ քաղաքականացված ակցի չէ, սա քաղաքացիական հասարակության դիրքորոշում է»,-  շեշտեց Նարինե Դիլբարյանը:

Բողոքի քաղաքացիական նախաձեռնությանն այսօր միացել էին նաեւ երկու քաղաքական ուժ՝ Պահպանողական կուսակցությունը եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Վերջիններս, սակայն, ընդհանուր հանրագրին չմիացան: Թե ինչու՞, պարզապանեց ՀԵԿ նախագահ Տիգրան Խզմալյանը.

«Նրանց պահանջները մեզ համար այնքան էլ հստակ չեն: Այդ պատճառով չստորագրեցինք դա: Այստեղ մենք՝ ՀԵԿ-ը, եկել ենք մեկ պահանջով՝ Հայաստանից  ռուսական բանակը օր առաջ պետք է դուրս բերվի»:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև երկրորդ բողոքի ակցիան է անցկացվել: Նախաձեռնողները Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն էին՝ «Ոչ հակառուսական սադրանքներին», «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսերով: Ակցիայի ժամանակ կուսակցությունը հայտարարություն է հրապարակել, որում խստորեն քննադատել է հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը: