ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաքվի հայտարարությունները՝ սադրա՞նք
2018-12-25 18:30:06

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց ինքնակառավարման բարձր մակարդակի իրավունք տրամադրել՝ «Ինտերֆաքս- Ադրբեջան»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

0:00
0:00

 

Բաքուն ահաբեկչական, նացիստական պետությանը հատուկ հայտարարություններ է անում՝ ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց ինքնակառավարման բարձր մակարդակի իրավունք տրամադրել:

Նա հույս է հայտնել,  որ 2019 թվականին որոշակի առաջընթաց կգրանցվի, իր ձևակերպմամբ, «գրավյալ տարածքներից» հայկական զինուժի դուրսբերման և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցում: Դավիթ Բաբայանն այս հայտարարությունից եզրակացնում է, որ այսօր խաղաղության ու կայունության ապահովումը ամենակարևոր հարցն է.

«Նացիստական պետություն է: Սա նշանակում է, որ խաղաղության ու կայունության ապահովումը կարևոր է»:

Մամեդյարովը շտապել է տեղեկացնել, որ Արցախում ապրած մահմեդական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ, իսկ Բաքուն էլ պատրաստ է Արցախի հայկական ծագմամբ քաղաքացիների համար ապահովել այնպիսի անվտանգություն, ինչպիսին ապահովում է Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյան. «Տեսել ենք ոնց են վերաբերում փոքրամասնություններին»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև կարևորել է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը:


Ադրբեջանագետը սադրիչ է որակում Մամեդյարովի այդ հայտարարությունը. 
«Տեսել ենք Բաքվի, Սումգաիթի,  ջարդերը: Արցախը Ադրբեջանի կազմում հարցը չպետք է քննարկվի»:

Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորում է երբեմն հումորով վերաբերվել Բաքվից հնչող հայտարարություններին՝ հատկապես Ամանորից առաջ:

Որևէ էական քայլ եկող տարի չպետք է սպասել ղարաբաղյան խնդրի կարգավորումից՝ ասում է Տարոն Հովհաննիսյանը, Հայաստանում իշխանությունները նոր են և դեռ բանակցություններն անգամ սկսված չեն:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այս առումով զսպվածության կոչ է արել Բաքվին, ու հորդորել սատարել բանակցություններին: Նա խորհուրդ է տվել  զերծ մնալ սեփական միակողմանի տեսակետներ, ըստ էության, նախապայմաններ ներկայացնելուց: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը, նշում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ըստ նրա նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն: