ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞ր ոլորտներն են ապահովում տնտեսական ակտիվությունը
2018-12-26 11:20:01

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Համեմատել տարեկա՞ ն ցուցանիշերը, թե՞ ամսական. տնտեսագետները կարևորում են մեթոդաբանությունը: Իսկ այս տարվա առաջին 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7 տոկոս: Գյուղատնտեսության և արտահանման ոլորտների անկումը տարեկան կտրվածքով մտահոգիչ է՝ ասում են փորձագետները։

0:00
0:00

Ծառայություններ (17.5 տոկոս), առևտրի շրջանառություն (5.3 տոկոս), արդյունաբերություն (1.1 տոկոս), շինարարություն (0.2 տոկոս). 2018 թվականի նոյեմբերին տարեկան կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշն ապահովել են այս ոլորտները՝ 3.6 տոկոս: Անկումը շարունակվում է գյուղատնտեսության (-8.3 տոկոս) և արտահանման ( -5 տոկոս ) ոլորտներում:

Ինչո՞ւ հարցին վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը պատասխանում է.

«Եթե մենք դիտարկում ենք նոյեմբերը նոյեմբերի նկատմամբ,ունենք 5 տոկոսանոց անկում: Հասկանալի է, որ դա մեծապես հանքահումքային արդյունաբերությունն է, քանի որ տեսնում եք , որ վերամշակող արդյունաբերության մասով էական աճեր կան»:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6.9 տոկոս, այդ թվում՝ արտահանումը -5, իսկ ներմուծումը` 12.5 տոկոս: Ներմուծման ծավալների ավելացումը մտահոգում է մասնագետներին: Բնապահպանության նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը նշում է.

«Հանքարդյունաբերության ծավալներում շուրջ 10 ամիսների ընթացքում 50 մլրդ դրամի նվազում ունենք: Գյուղատնտեսությունում նույնպես անկում ունենք»:

Հանրապետության նախկին գլխավոր բնապահպանը կարծում է, որ կոնկրետ հանքարդյունաբերության մասով ծայրահեղությունների պետք չէ դիմել: Որպես օրինակ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակն է մատնանշում.

«Ինձ անհանգստացնում է մեկ բան՝ շատ ենք ուշանում: Կամ այո, կամ ոչ: Բայց պետք է դա արագ անել, քանի որ ամեն օր իր բացասական վերաբերմունքն է բերում երկրի ներդրումային միջավայրի վերաբերյալ: Իմ ուսումնասիրած շրջանում մենք չենք հայտնաբերել օրեսնդրական այնպիսի խախտում, որը հիմք կտար նախարարությանը չեղարկելու եզրակացությունը, բայց նաև դա չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական էր»:

Մինասյանը կարծում է, որ հնարավոր է համատեղել բնության ու տնտեսության շահերը: Հիշեցնում է Շաքիի ջրվեժն ու այստեղ գործող փոքր ՀԷԿ-ը.

«Ամբողջությամբ օգտագործվում էր որպես փոքր հէկ, նաև սեփականատերերի հետ խոսեցինք, այն պետք է որպես ջրվեժ վերականգնվի: Հաջողվեց ստանալ այնպիսի բանաձև, որ համատեղեցինք երկուսը իրար հետ»:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ տնտեսական գրանցվող ցուցանիշերը սպասելիի շրջանակներում են:

«Պետք է ակնկալել հենց այս արդյունքը՝ 5.5-6 տոկոս աճ:

2018-ի տնտեսական ամփոփ պատկերը կունենանք արդեն 2019-ի սկզբին: