ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռուսների հոսքը Հայաստան հետաքրքրություն է առաջացրել
2018-12-26 18:29:15

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հնդիկները, չինացիներն ու ղազախներն այս տարի Հայաստանն աննախադեպ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի հանդեպ: Նրանց ներկայացրած երկրներից զբոսաշրջային այցերի կտրուկ աճը վիճակագրության մեջ հատուկ ուշադրության է արժանացել: Իսկ Ամանորի շրջանում առանձնակի աչքի է ընկել ռուսների ակտիվությունը: Թեմայի շուրջ՝ Լիանա Եղիազարյանի առանձնացրած ուշագրավ մանրամասները:

0:00
0:00

Հնդկաստանից՝ 131 տոկոս, Չինաստանից՝ 107 տոկոս, Ղազախստանից՝ 83 տոկոս. Սրանք այն ուշագրավ ցուցանիշերն են, որոնք փաստում են՝ միայն այսքանով ավելացել են այս երկրներից զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան: Սա՝ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով: Նույն շրջանում առհասարակ զբոսաշրջային այցելություններն ավելացել են 8.8 տոկոսով, ու դրա մեջ փոքր չի եղել նաեւ քաղաքական զարգացումների դերը. մարդկանց նորովի է սկսել հետաքրքրել սահուն քաղաքական փոփոխությունները հաջողած երկիրը: Ամանորի շրջանում առանձնակի ուշադրություն է գրավել ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը՝ նոր տարին մեզ մոտ դիմավորելու. «Ռադիոլուրին» փոխանցում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Հարցվողների մեջ 76 տոկոս են կազմել Հայաստանում Ամանորը դիմավորելու հետաքրքրություն ունեցողները»:

Ռուսների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է մի շարք հանգամանքների բերումով՝ ասում է Գրիգորյանն ու թվարկում՝ ավիատոմսերի էժանացում, սերտ կապեր, մեծաթիվ հայրենակիցներ՝ այդ երկրում ու ներքին անձնագրերով գալու հնարավորություն: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն այլ դիտարկումներ էլ ունի:

«Լեզվական խնդիր չկա, ռուսները հաղորդակցվելու խնդիր չեն ունենում: Շատ մեծ գնահատական են տալիս Հայաստանի խոհանոցային մշակույթին: Թյուր կարծիք կա, թե ռուսները Հայաստան են գալիս միայն ուտել-խմելու համար. այդպես չէ: Թանգարան այցելող ռուսները ամենահետաքրքրասեր, ամենաինտելեկտուալ մարդիկ են»:

Մարզային հյուրանոցները, զբոսաշրջային կոմիտեի հարցմանն ի պատասխան, արդեն տեղեկացրել են՝ Ամանորին Հայաստանում զբոսաշրջիկների լուրջ հոսք է սպասվում: Հռիփսիմե Գրիգորյանին հատկապես ուրախալի է թվում մարզային  հյուրանոցներում ամրագրումների ավելացումը:

«Այս պահին արդեն 100 տոկոս ամրագրումներ կան Ջերմուկում, 100-ին շատ մոտ՝ նաև՝ Ծաղկաձորում, Դիլիջանում: Ենոքավանում՝ եւս»:

Արաբական երկրներից Հայաստան գալու հետաքրքրությունն այնքան է մեծացել, որ արդեն ցանկալիից հավանականի է վերաճում չարտերային թռիչքների իրականացման ծրագիրը: Ավիափոխադրումների նոր ուղղությունների ու նոր գների մասով սա միակ նորությունը չէ:

«Քննարկումների փուլում է նաեւ ցածր արժեքով ավիաընկերություների՝ law-coster-ների՝ Հայաստան մուտքի աջակցությունը Գյումրիի օդանավակայանից»:

Զբոսաշրջային ընկերություններից մեկի ղեկավար Ռիմա Խաչատրյանը եւս «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է ՝ Հայաստան այցելողների շարքում ռուսների թիվը կտրուկ ավելացել է: Սակայն, ի տարբերություն այլ երկրների զբոսաշրջիկների, ռուսները գերադասում ու կարողանում են անձամբ կազմակերպել իրենց հանգիստը, պայմանավորվածություն ձեռք բերել՝ զբոսաշրջային կազմակերպություններից անկախ: Զրուցակիցս հաստատում է պաշտոնական թվերը՝ ամրագրումների հարցում դադար առնելու ժամանակ չուեն: Ամանորյա փաթեթները վաճառվում են միջինում 130 հազար դրամով՝ ներառյալ երեկոյան շոու-ծրագիր ու գալա-ընթրիք:

«Չնայած Ամանորը Հայաստանում անցկացնելու համար սահմանված գները բարձր են համարվում Հայաստանի քաղաքացիների համար, սակայն, դրա հետ մեկտեղ, ըստ ամրագրումների կարող եմ ասել՝ հյուրանոցների բոլոր փաթեթները վաճառված են»:

Ռիմա Խաչատրյանին մտահոգում են շուկայում հայտնված մի շարք նոր տուր-կազմակերպությունների մոլորեցնող գնային առաջարկները:  Պատկան մարմիններին առաջարկում է խնդիրն անպայման ուշադրության առնել՝ շեշտելով՝ դրանք կարող են հիասթափեցել զբոսաշրջիկներին:

Հայաստանում հիասթափվելու լուրջ առիթներ չի ունեցել Գերմանիայից պարբերաբար եկող Յասպեր Ֆունկը: Բաղրամյան պողոտայից Օպերա հասնելու համար տաքսու վարորդի կողմից 5 հազար դրամ պահանջելու ու նման մի քանի դեպքերն, իհարկե, ծիծաղով է հիշում, բայց գերմանացուն բնորոշ լրջությամբ: Ֆունկը շատերին է խորհուրդ տվել՝ անպայման այցելել Հայաստան ու հատուկ շեշտել, թե երբ է պետք գալ:

«Գարնան վերջին: Այն շրջանում, երբ ծիրանն է հասնում: Այստեղ կարելի է անհավատալի համեղ ու լավ սնվել: Անհնարինի չափ շատ բան կա Հայաստանում տեսնելու: Սա երկիր է, որտեղ մարդը կարող է անվտանգ զգալ իրեն: Գներն էլ չափավոր են: Իսկ խնդիրները...դրանք հիմնականում նույնն են, ինչ կարելի է հանդիպել շատ այլ երկրներում»:

Հայաստանի նման երկիրն իր մարքետինգային քաղաքականությունը պետք վերանայի՝ ասում է Գերմանիայից ժամանակ Յասպեր Ֆունկը, մնացած գրեթե ամեն ինչն արդեն առկա է: Պատկան մարմիններն իրենց հերթին են խոստանում՝ աշխատում են այս ուղղությամբ ու աշխատում են նորովի: