ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կոնսենսուս մինուս մեկ. ինչպես կօգտվի իր հնարավորությունից Հայաստանը
2018-12-26 18:55:34

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի  հետ:  Հանդիպմանը նախորդած  զարգացումները հուշում են, որ  բանակցությունները  խիտ և  լարված օրակարգ են  ունենալու:  Երկու երկրների ղեկավարների քննարկման սեղանին  հանգուցալուծման  սպասող   հարցեր են՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումից մինչև գազի գնի շուրջ համաձայնություն:

0:00
0:00

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ  Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում  քննարկվելու են  երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս լայն սահմանումը ենթադրում է, որ բանակցությունների օրակարգում լինելու են բոլոր հրատապ հարցերը,  որոնցից  առնվազն երկուսում՝  գազի գնի հարց և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակում,  արդյունքները կարող են վճռորոշ լինել:

ՀԱՊԿ-ում ստեղծված ոչ  ստանդարտ  իրավիճակին փորձագետները հակասական գնահատականներ են տալիս: Մի մասը կարծում է, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը  դե ֆակտո հանգուցալուծվել է, մնացել են իրավական ձևակերպումները:  Այդ կարծիքին է , օրինակ, քաղաքագետ Հայկ Դավթյանը:

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ քարտուղարի հարցն արդեն լուծված է, մնում է որոշումը  թղթին հանձնել: Կարծում եմ նաև, որ դեկտեմբերի 27-ին կայանալիք հանդիպման ժամանակ այս հարցը քննարկվելու է նաև, բայց քննարկումն ավելի շատ տեղի է ունենալու պոստ ֆակտում, քանի որ Մոկսկվան ու Մինսկը եկել են ընդհանուր հայտարարի Զասին գլխավոր քարտուղար նշանակելու հարցում»,- ասում է Հայկ Դավթյանը:

Իրավիճակը նույնքան միանշանակ չի համարում քաղաքագետ Արման Մելիքյանը: Նա հիշեցնում է Ռուսաստանի նախագահի վերջին  հանդիպումը բելառուսցի պաշտանկցի հետ և այն օրակարգը, որը եղել է այդ հանդիպման հիմքում: Պուտինը 99-ի միութենական համաձայնագրի շրջանակներում ավելի խորը ինտեգրացիայի մասին է խոսում,  իսկ Բելառուսն այդ համատեքստում   ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ է տեսնում:   

«Ակնհայտ է, որ Ռուսատանը թե՛ Բելառուսի, թե՛ Հայաստանի հետ որոշակի մանևրների է գնում: Կարծում եմ ՝ Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է, բայց՝ ավելի լի հնարավորություններով»:

Արման Մելիքայնը կարծում է, որ ՀԱՊԿ քարտուղարի նշանկման ցանկացած ելք՝ թե դրական, թե բացասական,  Հայաստանին  զարգացումներն օգտակար հարթություն տեղափոխելու հնարավորություն է տալու:

ՀԱՊԿ-ում ոչ ստանդարտ իրավիճակը ձևավորվել է Հայաստանի  ներկայացուցչին՝ Յուրի Խաչատուրովին,  կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո:  Պաշտոնական Երևանը պնդում է, որ պաշտոնը  պետք է զբաղեցնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: Բելառուսը շահագիգիռ է, որ ռոտացիոն կարգով պաշտոնավարումն անցվի իրեն և ակտիվորեն շրջանառում է իր ներկայացուցչի՝ Ստանիսլավ Զասի թեկնածությունը:


Երեկ ռուսատանյան լրատվամիջոցները  տարածեցին  կառույցի մամուլի ծառայության հաղորդագրությունը, ըստ որի  գ
լխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը համաձայնեցվել է  ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ-երկրի ղեկավարի հետ անձնական հանդիպումների միջոցով:  Ըստ նույն հաղորդագրության՝  դեկտեմբերի 12-20-ը Զասը հանդիպել է Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հետ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել թեկնածուին: Նույն աղբյուրը փոխանցում էր, որ հանդիպումը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հետաձգվել է և տեղի կունենա ավելի ուշ:

Այսինքն, կա  կոնսենսուս մինուս մեկ իրավիճակը, մինչդեռ որոշումների կայացման համար  ՀԱՊԿ-ում  անհրաժեշտ է բոլոր 6 անդամների համաձայնությունը ՝ հիշեցնում է Արման Մելիքյանը:

«Սա դեռևս որոշման կայացում չի: Նախընթաց գործընթաց է, որն առանց Հայաստանի համաձայնության ավարտին հասնել չի կարող»:

Ստացվում է, որ Հայաստանի դիրքորոշումը կառույցի համար դառնում է խիստ կարևոր ՝ ասում է Արման Մելիքյանը և կրկին վերադառնալով ռուս- բելառուսական հարաբերություններին՝ նկատում:

«Ռուսները հավասարապես կարող են Հայաստանին խնդրել գնալ զիջումներրի և նույն կերպ կարող են խնդրել՝ չգնալ զիջումների: Այսինքն, Բելառուսի հետ հարցերը Ռուսաստանը կարող է լուծել Հայաստանի միջոցով՝ մի կողմ քաշվելով»:

Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունը մի քանի առաջարկներ է պատրաստվում ներկայացնել ՀԱՊԿ գագաթնաժողովի քննարկմանը: Մեկով առաջարկում  ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր պետությունների կարգավիճակ սահմանել, մյուսով  ամրագրել, որ ՀԱՊԿ երկրները կարող են գագաթնաժողովներին գործուղել ոչ միայն պետությունների ղեկավարներին, այլև վարչապետերին: