ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրն անորոշ է
2018-11-03 17:04:06

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրն անորոշ է: Հայտնի է միայն, որ այս պահին գործարանի շուրջ 600 աշխատող սպասում է կառավարության հետ բականցությունների ավարտին:  «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախ տեղեկացրել է՝ ամեն ինչ անում են այս փուլում գործարանի աշխատանքը շարունակելու  համար:

Միաժամանակ հստակեցրել է՝ վաղ թե ուշ այն  պետք է   աշխատի ժամանակակից լուծումներով կամ փակվի: Այժմ նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ:  Նոյեմբերին տեղի է ունենալու հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ակնկալվում է, որ հարցը կքննարկվի դրա ընթացքում:

Կոլեկտիվի համբերությունն աստիճանաբար սպառվում է, անորոշություն է,  այս պահին փաստացի չեն աշխատում,- «Ռադիոլուրի» զրուցակիցը Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակազմից Արմեն Կիրակոսյանն է: Զրուցակիցս ասում է, որ վստահում է կառավարությանը, չվստահելու հիմքեր չունի, սակայն, մեզ է փոխանցում գործարանի շուրջ 600 աշխատակցի մտահոգությունները․

«Ծանուցագրերն իրենց մոտ են,  այս պահին փաստացի չեն աշխատում, արդեն եղանակը ցրտել է: Չգիտեն՝ ով է իրենց փող տալու, որ կոմունալները վճարեն: Հոկտեմբերի աշխատավարձը կստանանք, հետո երևի հայտարարություն կտարածեն՝ նոյեմբերի համար»:

Մի քանի հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ  արդեն ունեցել են: Հերթականն Ալավերդիում էր՝  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ:  Քննարկում տնօրինության հետ, շրջայց մետալուրգիական արտադրամասում և հանդիպում գործարանի աշխատակիցների հետ․

«Ներկայացրեց իրավիճակը: Այս պահին բանակցություններ են ընթանում՝ բանկի, սեփականատիրոջ միջև՝ կառավարության երաշխավորությամբ կամ նախաձեռնությամբ: Սպասում ենք արդյունքներին: Ոչ մի ժամկետ չի նշվել, մեզ հորդորում են սպասել և հուսալ»:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հստակեցնում է ՝ կառավարությունն ամեն ինչ անում է մարդկանց աշխատատեղերը  պահպանելու համար․ «Խնդիրն այստեղ ոչ այնքան կառավարության հետ է կապված այլ՝ այն դատական վեճի, որն այս պահին գոյություն ունի VTB բանկի ու Թեղուտի միջև: Մենք փորձում ենք խնդիրն արագ տրամաբանական լուծման բերել»:

Ալավերդու պղնձաձուլարանը գրավադրված է  VTB բանկում: ACP «ԱՐՄԵՆԻԱՆ  ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն ավելի վաղ «Ռադիլուրին» փոխանցել էր.

«Այո, ACP ընկերությունը ևս Թեղուտի ծրագրի շրջանակներում գրավադրված է՝ հօգուտ բանկի: Խոսքը գործարանի մասին է: Գործարանը գրավադրված է: Քանի որ Թեղուտում գործընթացը սկսվել է, այդպիսի վտանգ, այո, կա՝ կարող է բանկի կողմից  գործարանի նկատմամբ հավակնություններ լինեն»:  

Գործարանի փակման հիմնական խնդիրը բմապահապանական է, - Ռադիոուրին փոխանցել էր  ACP ընկերության տնօրենը:

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը Ռադիլուրին փոխանցեց    

«Մետալուրգիական արտադրամասն այս պահին ընդհանուր չի աշխատում, վառարանները անջատված են: Թեթևակի նորոգման աշխատանքներ են անում»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը օրերս հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, որ  ստուգումն իրականացվել է Տեսչական մարմնի համար սահմանված՝ տարեկան պլանային ստուգման շրջանակներում: Այսինքն՝ստուգումները պլանային էին: Հայատնաբերված  խախտումներով  սահմանվել է 300 հազար դրամ վարչական տուգանք և մոտ 378 միլիոն դրամի րափով ՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս: Այստեղ հստակեցվում է՝  վնասի չափը հաշվարկվել է ՀՀ կառավարության ընդունած որոշումներով սահմանված բանաձևերի միջոցով:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը փոխանցեց՝ Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ պետք է կամ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատի, կամ՝ փակվի․

«Ալավերդիում պետք է այլընտրանք պրոյեկտներ ունենանք, դա  միգուցե լինի քայլ՝ թեթև արդյունաբերության ոլորտում: Այս փուլում դեռ քննարկվում է  գործարանի շահագործման և մոդեռնիզացիայի, ինչպես նաև  բնապահպանական խնդիրների նվազեցման հարցը»:

«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ չինական կողմի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում: Նոյեմբերին տեղի է  ունենալու հայ-չինական միջկառավարաման հանձնաժողովի նիստ: Ակնկալվում է, որ դրա ընթացքում լուծումներ կգտնվեն:  Լայնածավալ նախագիծն  ունի բարդություններ, սակայն, կառավարությունը, Տիգրան Ավինյանի փոխանցմամբ, պատրաստ է աջակցել դրա  կայացմանը՝ առաջնային համարելով  ու բացառելով արտանետումներն ու դրանց ռիսկերը: audio##