ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրթական տարին՝ ապաքաղաքական
2018-12-27 16:40:11

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կրթական տարին ոլորտի պատասխանատուներն ամփոփում են ապաքաղաքականացմամբ:

Կրթության ու գիտության փոխնախարարն այսօր վստահեցրել է, որ այդ առումով լուրջ ձեռքբերումներ ունեն, բայց անկախության գիտակցումը դեռևս արմատավորված չէ  կրթական հաստատությունների պատասխանատուների մոտ:

 

Փորձագետներն այս ոլորտում դրական տեղաշարժ նկատում են, բայց   ռազմավարական լուծումների բացը, ըստ նրանց, առայժմ խիստ տեսանելի է:

 

0:00
0:00

«Մայիսին մեզ ժառանգություն մնաց խնդիրներով լի ոլորտ՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով». կրթական ոլորտում վատ ժառանգության   պատճառների ցանկում կրթության ու գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը  նշում է նաև  հեղափոխական իրավիճակով պայմանավորված երկամսյա  դադարը:

Ժառանգությունը՝ ժառանգություն, իսկ ինչ հասցրեց անել Հայաստանի նոր կառավարությունը իշխանությունը ստանձնած շուրջ 8 ամիսների ընթացքում. «Մենք հաջողություն ենք արձանագրել հատկապես կրթական դաշտը ապաքաղաքականացնելու առումով»:

Կրթական հաստատություններն այս պահին անկախ են, բայց, ըստ Հովհաննիսյանի, պակասում է նախաձեռնողականությունը: Ամենապարզունակ հարցերում անգամ կրթական հաստատությունների ղեկավարները շարունակում են ակնկալել  նախարարության միջամտությունը:

Այս առումով անցնող փուլը պաշտոնյան ընդհանուր առմամբ բնորոշում է ՝ ճգնաժամային. հարյուրավոր նամակներ մեկ օրվա ընթացքում՝ շտապ լուծումների ակնկալիքով: Կարճ ասած՝ շատ գործ կա անելու:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ոլորտն ու այնտեղ տիրող իրավիճակը հետևյալ կերպ է բնորոշում.

«Մեր կրթական համակարգը նմանվել էր սառնարանի սառցամանի: Հիմա կարծես ջուրը հալչել ու հոսում է, բայց իրավիճակը դեռ քաոսային է»:

Քաոսը կանխելու և ոլորտն արդյունավետ կառավարելու համար, ըստ  փորձագետի,  նախ՝ պետք է ընթացք տալ կրթության զարգացման պետական ծրագրին, սահմանել հանրակրթության պետական չափորոշիչները, օրենսդրական լուծումներ տալ  ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների:

Սերոբ Խաչատրյանը ողջունում է դրական տեղաշարժը  նախադպրոցական կրթության ոլորտում, կարևոր քայլ է համարում ոլորտի ֆինանսական բարելավումը: Բուհերի հետ կապված, փորձագետի կարծիքը, ինչպես ինքն է ասում՝ երկակի է:

« Մի կողմից նախարարությունը  լավ թեկնածուներ է առաջարկում բուհերի ղեկավարների պաշտոնում, մյուս կողմից՝  խորհուրդներում դարձյալ  մարզպետեր  կան: Օրինակ՝ Արարատի մարզպետը խորհրդի անդամ է»:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի կարծիքով՝ 2018-ն աննախադեպ տարի էր ինչպես երկրի, այնպես էլ կրթության պատմության մեջ:

Դրական փոփոխություններից  զատ, Լարիսա Մինասյանն անդրադառնում  է նաև սառույցի,  հալչող ջրի ու կրթության ոլորտի միջև՝ Սերոբ Խաչատրյանի պատկերավոր համեմատականին՝ նշելով. «Թվում է՝ սառած ջուրը հալչել ու հոսում է, բայց դա ջուր չէ, այլ ինչ-ոչ անորոշ հեղուկ, որտեղ լողացող շատ բեկորներ կան և  բոլորովին էլ զուլալ չէ: Խնդիրները  ոլորտում շատ-շատ են, և դրանց առերեսվելու  ռազմավարական  որևէ քայլ առայժմ չի արվել»: