ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանը Պուտինին հրավիրել է Հայաստան
2018-12-27 21:23:17

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ բոլոր ծրագրերի իրականացում՝ «որ դրել էիք Ձեր եւ Ձեր թիմի առջև՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»:

«Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն: Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են` բավական մեծ բովանդակությամբ լեցուն: Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական  համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: 2000-ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն: Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով` 29.7 տոկոսով: Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով` 17.5  տոկոսով»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը կարծիք է հայտնել, որ պետք է պահպանել լավ դինամիկան եւ նշել է , որ ռուսական կողմը պատրաստ է դա անել։

«Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի և ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը: Մի խոսքով` մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք»,- շեշտել է ՌԴ նախագահ Պուտինը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կատակել է, նշելով , որ կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է Մոսկվա եկել։

«Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանավակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ` ես ղեկավարների եռյակում եմ: Վստահ եմ, կարծում եմ` դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կլինի»:

Ըստ Փաշինյանի՝ երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգանում են: Նա ուրախությամբ նշել է, որ Հայաստանի նկատմամբ աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը։

«Դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև մարդկային  հարաբերություններ են, մշակութային հարաբերություններ են, և վստահ եմ, որ այդ բոլոր հարաբերությունները կզարգանան»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝  ՀՀ ՌԴ հետ մտադիր է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով:

«Վստահ եմ, որ նորընտիր խորհրդարանը կզարգացնի նաև մեր միջխորհրդարանական հարաբերությունները: Մենք դրական ենք տրամադրված նաև մեր տնտեսական հետագա հարաբերությունների առումով:

Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա խորացմամբ, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությանը: Վստահ եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակում:

Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների համար բավական մեծ օրակարգ ունենք, և մենք դրական ենք տրամադրված: Վստահ եմ` դրական արդյունքներ կունենանք»,- ասել է Փաշինյանը: