ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
2018թ-ի «անհավանական հավանական»-ի հնգյակը
2018-12-31 15:00:30

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երրորդ Հանրապետության պատմության մեջ 2018թ-ը, իհարկե, առանձնացավ իրադարձություններով, որոնք մինչ այդ մեր իրականության մեջ կատարվելու զրո տոկոս հավանականություն ունեին:

Օրինակ, ո՞վ կհավատար կանխատեսումներին, թե Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, կամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվելու է, այն էլ Մարտի 1-ի գործով: Իրադարձություններ՝ ֆանտաստիկայի ժանրից: Սակայն, ինչպես ասում են՝ «Երբեք մի ասա, երբեք»:

Եվ այսպես, 2018-ի 5 անհավանական հավանականը՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

0:00
0:00

Շրջադարձային, հեղափոխական, աննախադեպ. այս ածականներն այս տարի ամենաշատն են հնչել: Դեռ տարեսկզբին ոչ ոք չէր պատկերացնում, որ հայ քաղաքական կյանքում կլինեն նման բեկումնային փոփոխություններ:

Այն սկսվեց ապրիլ ամսին, երբ Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետ։ Սա գնահատվում էր որպես 3- րդ ժամկետ երկրի ղեկավարի պաշտոնում։ Թվում էր, թե ամեն ինչ գնալու է նույն սցենարով՝ կանխորոշված։ Բայց այս անգամ այդ դեպքը չէր: Ապրիլի 17- ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը շատ վստահ հայտարարեց,  որ   խորհրդարան անցած 7 տոկոսը չի կարող ժողովրդի ձայնը լինել:

Սա Նիկոլ Փաշինյանի՝ «Մերժիր Սերժին» Գյումրիից մեկնարկած ակցիայից 18- րդ օրն էր։ Իսկ արդեն ապրիլի 23- ին Սերժ Սարգսյանը հայտարարեց՝  «Ես  սխալ էի, Նիկոլը` ճիշտ» ու հեռացավ։ Քայլերի նման արագ զարգացում չէր սպասում ոչ ոք:

Տարեսկզբին ոչ ոք չէր սպասում նաեւ, որ դերասան, շոումեն Հայկ   Մարությանը կհայտնվի քաղաքական  դաշտում, ավելին՝ կդառնա Երեւանի քաղաքապետ։  

Նոր ձևավորված  իշխանության յուրաքանչյուր քայլ լայն քննարկման  թեմա էր դառնում:  Իրավապահ մարմինների ուշադրության  կենտրոնում հայտնվեցին այնպիսի անձիք,  որոնց կատարած անօրինական քայլերի մասին մինչ այդ խոսում էին միայն միջանցքներում, բայց երբևէ չէինք պատկերացնում, որ նրանք մի օր կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում։

Այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, եղբորորդի Հայկ Սարգսյանը ու արդեն հայտնի Ֆրակլին Գոնսալեսը՝ նույն ինքը՝ Նարեկ Սարգսյանը:

Հնչեղ անունների պակաս չզգացվեց։ Թերևս ամենաաղմկահարույցը երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի  կալանավորումն էր:

Մեկ այլ անհավատալի բան ևս. խորհրդարանական  ընտրություններից   առաջ դրան մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջնորդները նույն օրը, նույն ժամին հավաքվեցին բանավեճի: Այստեղ թևավոր խոսքերի  պակաս չզգացվեց:

Ու, թերևս, անհավատալիների շարքը կարող ենք անվերջ շարունակել, բայց անհավատալի էր, որ օրերից մի օր ժողովրդի առաջ կբացվեն ԱԺ զբոսայգին, Բաղրամյան 26- ի դռները։  

Ու  քանի որ այս հաղորդումը  ամանորյա է, չէինք կարող չանդրադառնալ անհավատալի մեկ այլ երևույթի: Վերջապես մայրաքաղաք Երևանը ունեցավ նոր տոնածառ, որը եվրոպական լավագույն 16 տոնածառների մեջ 17- րդն էր։