ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ում կորցրեցինք 2018-ին
2018-12-31 16:00:33

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

2018-ին մենք ունեցանք նաեւ կորուստներ։  Այդ կորուստները հայկական էին, բայց Հայաստանի սահմաններից դուրս՝ համաշխարհային դարձած:

0:00
0:00

Time ամսագրի վարկածով նա ճանաչվեց ХХ դարի լավագույն հանրաճանաչ կատարողներից մեկը, կինոյում խաղաց ավելի քան 60 դեր, գրեց 1300 երգ, վաճառվեց նրա ավելի քան 200 մլն սկավառակ:

Այս տարի հոկտեմբերի 1-ին աշխարհը կորցրեց Շառլ Ազնավուրին, որ ինչքան հայ, նույնքան էլ համամարդկային էր:

Նրա մահվան լուրը մի քանի օր շարունակ աշխարհի ամենահայտնի պարբերականների, հեռուստա ու ռադիո ալիքների գլխավոր էջերում ու թողարկումներում էր:

Հոգեհանգստի արարողությանը աշխարհի միլիոնավոր մարդիկ հետևում էին համացանցով, հիշում, ժպտում, երգում…նրա հավերժական երգերը: Ժերեմի Դելվերի անունը, որ ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար է, Ազնավուրի հոգեհանգստից հետո ամենաշատը քննարկվեց:

Նա երգեց հայերեն ու գրավեց միլիոնավորների սիրտը:

«Գիտեք՝ ամենադժվարը խ տառն արտասանելն էր, Արմենն ինձ օգնելու համար ասաց, որ անհանգստանալու կարիք չկա, որ դա նույն իսպաներենի և ռուսերենի մեջ օգտագործվող հնչյունն է: Դրանից ավելի անհանգստացա, քանի որ  դպրոցում ո՛չ իսպաներեն, ո՛չ ռուսերեն եմ սովորել»:

Ազնավուրից 4 տարի փոքր, բայց ոչ պակաս հանրաճանաչ, XX դարի ամենահռչակավոր վավերագրողներից մեկը՝ Թուրքիայի ֆոտոլրագրության հիմնադիրը, հայ ամենահայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերը հոկտեմբերի 18-ին մահացավ 90 տարեկանում:

Նրա լուսանկարները խոսում են բոլոր ազգերի լեզուներով, խոսում բոլորին հասկանալի ձևով։

Լուսանկարչի հրաժեշտին ներկա էի: Նրա նկարները մեծ-մեծ էկրաններից պատմում էին գեղեցիկ Ստամբուլի մասին:

Լուսանկարչին ճանապարհեցին բարձր պետական մակարդակով, նրա աճյունը պատված էր Թուրքիայի դրոշով։ Գյուլերն այնքան կարևոր էր ու մեծ, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանին ու Թուրքիային կապում էր անտեսանելի կապով: Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր Կարո Փայլանն ասում էր՝ փակվեց «Ստամբուլի աչքը»՝ փակելով մի ողջ դարաշրջանի էջ:

«Ան շարունակեց ապրել եւ շարունակեց քաշել (լուսանկարել. խմբ.) ինչ- որ եղավ այս երկրին։ Անոր հետ Պոլիսն ալ փոխվեցավ, հոս շատ հայ կար, շատ հույն կար, բայց հիմա, դժբախտաբար, քիչ ենք։ Եվ Արան ալ գնաց, եւ հիմա ավելի քիչ ենք, դժբախտաբար»,- ասում է Փայլանը։

Այս տարի Մոսկվան սգաց մեկ այլ ճանաչված հայի՝ նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի մահը։ Արմատներով փոքրիկ Հայաստանից էր, բայց հայտնի մի ողջ մայրցամաքի:

Հայաստանն այս տարի մի ուժ կորցրեց՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի անունով: Մեկի, ում սահմանած ռեկորդները դեռ չեն գերազանցվում:

Այս տարի աշխարհն ու մենք կորցրեցինք աշխարհին հայտնի 3 հայի, բայց կորցրեցինք նաև մարդկանց, որոնք գուցե հայտնի չէին աշխարհին, բայց թանկ էին ու կարևոր մեզ համար:

Լուսանկարիչ Մարտին Շահբազյանը, որ անկախ Հայաստանի պատմության վավերագրողն էր դարձել, էստրադային երգչուհի Նադեժդա Սարգսյանը, որ իր երգերով մի ամբողջ սերնդի երաժշտական մունետիկն էր, «Արարար 73» լեգենդար թիմի ֆուտբոլիստ Ալյոշա Աբրահամյանը, որի մասնակցությամբ խաղերը տոն են եղել ֆուտբոլասերների համար:

Այս շարքում ևս մի անուն, որ հայ չէ, բայց հայկական է: Այս տարի աշխարհը կորցրեց իր լավագույն սոպրանոներից մեկին՝ Մոնսերատ Կաբալիեին, մեկին, որ բազմաթիվ անգամ խոսեց Արցախի մասին ու Արցախի անունից:

Այս բոլոր մարդկանց  հետքն այնքան մեծ է ու կարևոր, որ  նրանց մասին կխոսեն ավելի երկար, քան նրանց ապրած տարիներն են: