ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարկային փոփոխություններ՝ հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածք ապրանք ներմուծելու դեպքում
2019-01-07 11:00:08

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս որոշումը մտահոգություններ է առաջացրել: Տնտեսագետներն տարվա առաջին իսկ օրերից արդեն կանխատեսում են գների նոր, լուրջ բարձրացումներ ապրանքների բավականին լայն շրջանակի համար:

0:00
0:00

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծում կատարելի մաքսային տուրքեր չեն վճարի այն դեպքում, եթե ներմուծվող անձնական անձնական օգտագործման ապրանքի արժեքը չի գերազանցում 500 եվրոն, իսկ քաշը՝ 25 կիլոգրամը: Դրանից ավելին արդեն ենթակա է հարկման: Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացնում է՝ տարվա առաջին օրվանից ուժի մեջ է մտել նոր կարգավորում: Ըստ այդմ՝ չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ: Այսինքն՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար մարդը պետք է վճարի ապրանքների սահմանված արժեքի 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար: ՊԵԿ-ն իրազեկում է.

«Կարգավորումները վերաբերում են բացի օդանավից՝ մնացած տրանսպորտային միջոցներով ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին: Բացառություն են էթիլային սպիրտը, ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքները»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս որոշումը նշանակում է, որ առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Տնտեսագետ Կարեն Ադոնցը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ այս փոփոխություններն անհետեւանք չեն մնա: Տնտեսության մեջ դրանք անպայման կարտացոլվեն գների բարձրացմամբ՝ ասում է զրուցակիցս: Կթանկանան օն-լայն պատվիրվող ապրանքներից սկսած՝ մինչեւ սարքավորումներ, մեքենաներ եւ այսպես շարունակ: Սա պետք էր կիրառել ավելի ուշ, երբ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրացիան ավելի խորացած կլիներ՝ կարծում է տնտեսագետ Կարեն Ադոնցը:

«ԵԱՏՄ ընկերություններից շատերը ներմուծմամբ են զբաղվում՝ սարքավորումներ, մեքենաներ եւ այլն: Հիմա կսահմանափակվի դրանց ներկրումը, իսկ գները կբարձրանան»:

Իրազեկ քաղաքացիների միավորման գնահատմամբ՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված թանկացումները երկար չեն սպասեցնի: Ըստ վերլուծության՝ թանկացումները տարածվելու են ներմուծվող մսամթերքի վրա, որի մաքսատուրքը բարձրացել է 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ ամբողջ 22%-ով։ Առաջին անհրաժեշտության ապրանքներից կարագը, բուսական ու կենդանական յուղը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 13%-ով, դեղերը՝ 2-ից 4%-ով։ Թանկացումները շատ ավելի լայն շրջանակ են ընդգրկելու: Իսկ նշված ապրանքատեսակները, բացի դեղերից, կազմում են սպառողական զամբյուղի մի զգալի մասը, և սպասվող թանկացումներն ավելի կխորացնեն բնակչության անապահով խավի սոցիալական վիճակը՝ գնահատում են միավորման մասնագետները: Գյուղոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից. տարբեր ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը շղթայաբար բերելու է նաև հացի և գյուղմթերքի թանկացմանը։

Նշված փոփոխությունները վերաբերում են միայն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքներին: Որքանո՞վ ավելացող մաքսատուրքերն ուղղակիորեն կհանգեցնեն թանկացումների, կախված է նրանից, թե հնարավոր է ներմուծել նույնատիպ ապրանքներ ԵԱՏՄ երկրներից: Բայց քանի որ նշյալ ապրանքների մեծ մասը բերվում է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, հետևապես, որոշ կանխատեսումների համաձայն, թանկացումները լինելու են առնվազն այն չափով, որքան ավելանում է մաքսային դրույքաչափը։