ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. oրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի
2019-01-05 18:39:25

Ալիսա Գեւորգյան
Ռադիոլուր

Հայ առաքելական եկեղեցու համար ամանորյա տոներն առավել կարևորվում են  Սուրբ Ծնունդը տոնելու հանգամանքով։ Նախկինում քրիստոնեաներն առավել ուրախությամբ պատրաստվում էին հենց այս տոնին։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսում ենք տոնել հունարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Մասնակցելով ճրագալույցի պատարագին, հավատացյալ ժողովուրդը հունվարի 5-ի երեկոյան եկեղեցուց օրհնված լույս է տանում  տուն՝ աշխարհի լույսի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը տոնելու։ «Ավետարանի փոխանցմամբ այս օրը մոգերը, աշխարհի տարբեր ծայրերից, երկնքում աստղ տենելով գալիս են Փրկչին երկրպագելու»,-ասում է Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

«Նախկինում հունվարի 5-ին մարդիկ իրենց տներում ճրագ չէին վառում, մասնակցում էին ժամերգությանն ու ճրագալույցի պատարգին, և եկեղեցուց էին լույս տանում իրենց տան ճրագը վառելու։ Սա խորհրդանշում է Քրիստոսի այն խոսքը ,որ ասում էր՝ «Ես եմ աշխարհի լույսը»։ Ճրագալույցի պատարագով ավարտվում է նաև դեկտեմբերի 30-ից սկսված Սուրբ Ծննդյան 7-օրյա պահքը։ Այսօր երեկոյան մարդիկ միմյանց ողջունում են ՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, որով ավետվում է այն հրաշամանուկի ծնունդը, ում շնորհիվ աշխարհը պիտի փրկվեր մեղքի գերությունից»։

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին երկու անգամ է մատուցվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ կամ մոմ լուցանել, այսինքն՝ վառել։ Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առջնորդեց մոգերին դեպի  Հիսուս մանուկ։ Տեր Շմավոն քահանայի փոխանցմամբ հունվարի 6-ին ՝ Սուրբ Ծննդյան պատարգից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով  օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի։

«Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատրավում է նաև Տնօրհնեքի արարողություն։ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներից հետո մարդիկ  հոգևորականին իրենց տուն, անգամ աշխատավայր են հրավիրում ՝ տոնի կենարար  ավետիսն ու աստվածային օրհնությունը ստանլու նպատակով»։

Տնօրհնեք կատարվում է ողջ տարվա ընթացքում, նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայություն։  Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սուրբ պատարգից հետո այդ օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են  հարազատների շիրիմներին։ Ս.Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին անվանակոչելու հիշատակին: