ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանցիներին հաջողվել է ներանձնային վեճը հրահրել՝ դարձնելով այն հակահայկական ակցիա
2019-01-07 09:28:13

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է արել Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցող զանգվածային ցույցերի մասին:

Նա մտահոգություն է հայտնել Կարագանդայում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ այն գնալով անվերահսկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։

«Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել այն դարձնելով հակահայկական ակցիա:
Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։
Ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ ենք անում անհապաղ՝ վաղն առավոտյան արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար»,-գրել է Է.Մարուքյանը։

Հունվարի 6-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում: Նրանք պահանջել են, որ հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ անկողմնակալ հետաքննություն վարվի:

Դանակահարության հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երեքը վիրավորվել են:

Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձեբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:

23-ամյա երիտասարդի սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչեցվում: Կարծիք կա, որ Կարագանդայում հակահայկական «ինքնաբուխ» ցուցերի հետևում կանգնած են ղազախական քաղաքական համակարգի կոնկրետ ուժեր ու ադրբեջանական լոբբին: